2015.06.03,

Քննադատ

Երեխայի աչքերով նայեք ցանցին ու վատացեք

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երեխաների պաշտպանության օրն անցավ, ես էլ որոշեցի մտնել մեր լրատվական կայքերն ու տեսնել, թե ինչ կա-չկա։ Որոշեցի մեր հայկական ցանցին երեխաների աչքերով նայել։

Մի հատ փորձեք. պատկերացրեք, որ տասներկու-տասներեք տարեկան դպրոցական եք եւ մտնում եք ինտերնետ։ Այդ տարիքի երեխաները հիմա ազատորեն օգտվում են ցանցից։

Ծնողների չնչին տոկոսն է ինչ-որ միջոցների դիմում՝ տան համակարգչում ինտերնետային բովանդակությունը ֆիլտրելու համար, որպեսզի երեխային հասանելի չլինի մեծահասակների համար նախատեսված բովանդակությունը։

(Եթե հանկարծ համարեք, որ արժի երեխային պաշտպանել նմանատիպ բովանդակության գոնե մի մասից, ապա կարող եք, օրինակ, այստեղ ծանոթանալ մի քանի նմանատիպ միջոցների, որոնք կապահովեն երեխայի մինիմալ անվտանգությունը ցանցում։)

Ինչեւէ, եկեք երեխայի աչքերով նայենք համացանցին։ Ու՞ր է մտնում միջին վիճակագրական հայաստանցի երեխան։ Ենթադրում եմ՝ Ֆեյսբուք։ Մի մասն էլ Օդնոկլասնիկի։ Չեմ խոսում այն մասին, որ ամեն քայլափոխի 18+ պիտակով նյութեր են հանդիպում։ Լավ չեմ հասկանում, թե որ մի ցնդածն է հորինել նման պիտակավորումը։

Երբ նման պիտակ դրվում է կինոթատրոնում, դա արվում է տոմս վաճառողների ու մուտքի մոտ կանգնած ստուգողների համար։ Իսկ կայքը, որ իր լրահոսում նման պիտակ է դնում, ու՞մ համար է անում։ Ենթադրում եմ՝ նման պիտակ դնողը համարում է, որ երեխան իրենից խելացի է եւ ինքնուրույն կհասկանա, որ չպետք է այդ նյութը նայի։

Լավ, սա թողնենք մի կողմ, սա ամենաակնհայտ բաներից է։ Բացի սրանից՝ երեխան օրական մի քանի բացահայտ սուտ գրառումների է հանդիպում։ Դե գիտեք, որ քլիքի համար մի բան են գովազդում, իսկ իրականությունը լրիվ այլ է։ Երբ կարդում է մի վերնագիր, նյութը բացելով՝ տեսնում է, որ մեծ «ձյաձյաներն» ու «ծյոծյաները» պարզապես խաբեբա են եւ լրիվ այլ բան են գրել այնտեղ։ Համաձայնեք, որ առնվազն սիրուն չէ, երբ երեխան մանկուց ամեն օր՝ օրական մի քանի անգամ, տեսնում է, որ մեծահասակները ստում են։

Մենք այս ամենին սովորել ենք։ Դեռ փնթփնթում ենք, բայց համարում ենք, որ կյանքի մի մասն է։ Բայց սերունդ ենք դաստիարակում, որը փոքր տարիքից տեսնում է, որ մեծերը փինաչի ու գրդոնչի են օֆլայնից մինչեւ օնլայնի ամենախորքերը։

Եվ ամենակարեւորը. երեխաները չգիտեն, թե ինչով զբաղվեն ցանցում։ Օֆլայնում որոշ տեղերում գոնե խաղահրապարակներ են կառուցել․ դե եթե շտապ պետք չի եղել ավտոտնակի տեղ: Իսկ օնլայնում երեխաների համար հետաքրքիր եւ օգտակար հայերեն բովանդակությունը բավականին քիչ է։ Եղածն էլ շատ դժվար է գտնել։

Դրա համար նյութի վերջում կկիսվեմ մի քանի հետաքրքիր հղումներով, որպեսզի երեխաները ցանցից օգտվելիս մեզ պես չօգտվեն։ Մինչեւ հղումներին անցնելն ասեմ, որ այս ամենից բացի՝ երեխաներին պետք է սովորեցնել ցանցում որոնել եւ չդառնալ մեզ նման ողջ օրը ֆեյսբուքում «նստող»։

Իսկ հիմա խոստացածս հղումները։ Խաղ ու կինո չեմ առաջարկում. դրանց տեղն ինձանից լավ գիտեն։ Հայերեն գրադարաններից առաջարկում եմ ամենահներից եւ լավերից մեկը՝ Armenianhouse-ը, կամ Յավրումյան Մարատի e-book-ների մեծ հավաքածուն։

Այս ամենից հետո կարելի է ուսումնասիրել Armscoop-ի հավաքած մեծ գրադարանների ցանկը կամ օգտվել օնլայն բառարաններից, որոնք, պարզվում է, քիչ չեն։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *