2015.04.22,

Քննադատ

Նեղանալ չկա. Ամենաընթերցվածները. աներեւակայելի պատկեր

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Շատ է խոսվել այն մասին, որ հայկական գրավոր մեդիայում ամենաընթերցվող նյութերի ցանկը գլխավորում են զանազան էժանագին սենսացիաներ։

Այս օրերի ամենաընթերցված նյութերի ցանկերը հետազոտելու առիթը Ցեղասպանության 100-ամյակի շաբաթն էր, բայց մեկ տասնյակ կայքերի համեմատությունը (22.04.2015, ժամը 12-ի դրությամբ) ավելի հետաքրքրական մի իրավիճակ պարզեց՝ նրանց միջեւ համընկնումներ չկան։

Այդպիսի պատկեր կարող է լինել, եթե լրատվամիջոցները կուսակցական պատկանելություն կամ կողմնորոշում ունեն (դիցուք՝ yerkir.am, ilur.am, 7or.am եւ այլն), բայց ես դիտարկել եմ համեմատաբար չեզոք, բավական երկար ժամանակ գործող եւ մեծ լսարան ունեցող news.am, tert.am, armtimes.com, lragir.am, 1in.am, aravot.am կայքերը։

Տարբեր կայքերի լսարանների այսքան տարբեր հետաքրքրությունները ցույց են տալիս, որ չկան կամ հազվադեպ են համահայաստանյան նորությունները, որոնք օրակարգ են ձեւավորում (չհաշված Քիմ Քարդաշյանի այցելության կամ Հռոմի պապի ելույթի նման սենսացիաները), ինչն իր հերթին վկայում է հանրության կոտորակվածության մասին։

Ամենաընթերցված նյութերի բովանդակությունը նվազ անակնկալ էր։ Դրանցում ինչ ասես կա. «Արտառոց դեպք՝ «Քրեյզի» գիշերային ակումբում. հարբած այցելուն շշով լի օղին լցրել է ակումբի պարուհու վրա» (հղում «Փաստինֆո»-ին, 1in.am), «Աշխարհում միակ արու սպիտակ ռնգեղջյուրը շուրջօրյա հսկողության տակ է առնված», «Կիտրոնը որպես գեղեցկացնող միջոց կիրառելու 6 եղանակ», «Բրազիլիայի ամենաբարձրահասակ տղամարդն ամուսնացել է 150 սմ հասակ ունեցող կնոջ հետ» (tert.am)… բայց նաեւ լուրջ վերլուծական նյութեր։

Ցեղասպանությանը եւ հարակից թեմաներին ամենաշատ անդրադարձ կա armtimes.am, lragir.am, aravot.am կայքերի թեժ նյութերում՝ 3-4-ական։ Այստեղ ուզում եմ հիշատակել նաեւ mediamax.am կայքը, թեեւ այն չունի «թեժ x-յակ», բայց ունի «Վանի հերոսամարտը» հատուկ նախագիծ, որը լուրջ խնդիրները լուսաբանելու լավագույն ձեւերից է։

Մեկ ուրիշ ուշագրավ վիճակ է ստեղծվում, երբ կողք-կողքի հրապարակվում են խմբագրի ընտրանին եւ ամենաընթերցված նյութերի ցանկը։

Օրինակ՝ ՈՉ ՄԻ համընկնում չկա «Հայկական ժամանակ»-ի խմբագրի ընտրանու եւ «Ամենաընթերցվածների» 6-յակների միջեւ… Ճիշտ է, երկու խորագրերում էլ նյութերը մեծ մասամբ քաղաքական թեմաներով են։

ՈՉ ՄԻ համընկնում չկա նաեւ 1in.am-ի խմբագրի «Բաց մի թողեք» եւ «Ամենաընթերցվածները» խորագրերի միջեւ, միայն թե այստեղ խմբագիրը խորհուրդ է տալիս ոչ միայն երեք նյութ Ցեղասպանության եւ մեկը ներքաղաքական թեմայով (5-ից), այլեւ «Գլխով՝ դեմքին, դանակով՝ կրծքին. Նորայրը փորձել է սպանել նախկին կնոջը՝ հեռախոսը 5-ամյա որդուն չփոխանցելու համար» լուրը։ Ըստ այդմ էլ՝ կայքում ներդաշնակություն կա. ընթերցողը թեժ յոթնյակում երեք տեղ է ապահովել քրեական քրոնիկոնի համար։

Tert.am-ի խմբագրական հնգյակը եւս աղերս չունի ամենաընթերցվածների հետ, որոնց երկօրյա ցանկի 18 նյութերից 2-ն են վերաբերում Ցեղասպանությանը, իսկ ամենադիտվածը «Շանհայում ներկայացվել է պատմության մեջ ամենաթանկարժեք Volvo-ն» հրապարակումն է։ 

«Ոչինչ այնպես չի մատնում մարդու պատկանելությունը ցածր խավերին, ինչպես թանկագին ժամացույցներից ու ավտոմեքենաներից գլուխ հանելու կարողությունը»,- ասում է Վիկտոր Պելեւինի «Generation «П»» վեպի հերոսներից մեկը։

Ցավալի է, բայց փաստ, որ, ունենալով խմբագրական այլ նախընտրություններ, հայկական հայտնի կայքերի զգալի մասը շարունակաբար հրապարակում է նյութեր, որ բավարարում են հենց «ցածր խավերի» պահանջները, իսկ հանրության «քաղաքականապես գրագետ» շերտերում էլ շատ փոքր է միասնական հետաքրքրությունների տոկոսը։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *