Ապրիլի 24-ին Երեւան ժամանող բարձրաստիճան հյուրերի, պետական պատվիրակությունների ու հայտնի անձանց անունների ճշգրտումն ու հաստատումը դարձել է վերջին օրերի ամենաքննարկվող ու ճյուղավորվող մեդիա առիթը:
Ով է գալու, ով չի գալու, ով է խոստացել գալ, եւ ով է դիվանագիտորեն մերժել հրավերը. սա է հետաքրքրում հայաստանցիներին, որոնց էլ լրատվական կայքերն անընդհատ մտորելու նոր սնունդ են տալիս:
Արդեն պարզ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցող օտարերկրյա պատվիրակություններից չորսը ներկայացված կլինեն առաջին դեմքերով՝ Ֆրանսիայի, Կիպրոսի, Ռուսաստանի եւ Սերբիայի նախագահներով:
Բայց մինչ այդ տեղեկությունը կհաստատվեր, մեդիա դաշտը լի էր հավանական վերլուծություններով ու կռահումներով: Հաճախ լուրերը ներկայացվում էին կա՛մ հարցական, կա՛մ հրատապ քողի ներքո՝ բացականչական նշաններով:
Հարցականների մեծ մասը Ռուսաստանի հետ էր կապված, քանի որ միայն ապրիլի 20-ին հաստատվեց, որ Պուտինն, այնուամենայնիվ, գալու է, ինչի մասին հայտարարվեց Կրեմլի պաշտոնական կայքում:
Իսկ մինչ այդ երկար ժամանակ իշխում էր հենց հարցի ձեւաչափը («Պուտինը ապրիլի 24-ին կլինի՞ Հայաստանում, թե՞ ոչ», «Պուտինը ապրիլի 24-ին կժամանի՞ Հայաստան, թե՞ ոչ», «Պուտինը կգա՞», «Օբաման կգա՞ Հայաստան, թե՞ ոչ»): Անգամ «Էրդողանը կգա՞ Հայաստան ապրիլի 24-ին» վերնագիր էլ եղավ:
Մի քանի օր շարունակ Պուտինի այցի մասին կանխատեսումներից հետո հրապարակվեց նաեւ այսպիսի լուր, որի վերնագիրն արդեն սերիալային (շարունակականություն ենթադրող) կանոններով էր կառուցված. «Պուտինը վերջապես կգա՞ ապրիլի 24-ին, թե՞ ոչ»: Նաեւ այսպիսի վերնագիր հայտնվեց. «Եթե Պուտինը ապրիլի 24-ին Հայաստան չգա…»: Ի վերջո, հարցականը կորավ այս լուրի մեջ. «Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան. կամ՝ չի գա»:
Հարցականներով լուրերի խնդիրն այն է, որ հարցական նշանն արդեն իսկ անվստահություն է առաջացնում ընթերցողի մոտ եւ շատ դեպքերում վկայում լրատվականի հապճեպ ու իմիջիայլոց աշխատանքի մասին: Ստացվում է, որ թե՛ մի պնդումն է ճիշտ, թե՛ մյուսը: Լրատվամիջոցն այդպես կարծես իր վրայից դեն է նետում պատասխանատվությունն ու ճոճանակի պես աջ ու ձախ տատանում տեղեկությունը:
Մեր լրատվական դաշտում հաճախ մեկ այլ մանիպուլյատիվ հնարք է գործածվում. հոդվածների վերնագիր են դառնում տարբեր անձանց կարծիքները, որոնք ներկայացվում են առանց չակերտների: Եվ այդ դեպքում անհատի կարծիքը դառնում է լրատվամիջոցի դիրքորոշումը, քանի որ խոսքերի աղբյուրի մասին տեղեկությունը ոչ մի կերպ չի անձնավորվում:
«1in.am»-ը մի լուր հրապարակեց տարօրինակ վերնագրով. «ՌԴ օրենքով Պուտինը չի կարող ապրիլի 24-ին Անկարա գնալ, նա պետք է Երեւանում լինի»: Քանի որ վերնագիրը չակերտներով չէր, ընթերցողը հասկացավ, որ դա ոչ թե ուղիղ խոսք է (ենթադրաբար նաեւ վարկած կամ կարծիք), այլ փաստ:
Բայց պարզվում է, որ դա քաղաքագետներից մեկի կարծիքն է, որը պնդում է, թե Ռուսաստանի Պետդումայի ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիրը հենց օրենք է: Իսկ լրագրողն ու լրատվամիջոցը հնազանդորեն համաձայնում են իրենց աղբյուրի հետ, թեեւ, իհարկե, չեն նշում, թե հատկապես այդ ո՞ր օրենքով Պուտինը չի կարող չգալ Հայաստան:
Լրահոսում տարաբնույթ ու հաճախ զարմանալի վերնագրերով հոդվածներ էլ են հանդիպում: Օրինակ՝ «1in.am»-ի այս նյութը, որը վերնագրված է «Տասը պատճառ, թե ինչու պետք է Օբաման Ապրիլի 24-ին այցելի Հայաստան»: Թարգմանաբար ներկայացվող այս հոդվածում ասվում է, թե ԱՄՆ նախագահի «ինքնաթիռը պիտի վայրէջք կատարի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում»՝ ոչ ավել, ոչ պակաս, հենց այդ տասը պատճառներից ելնելով:
1in.am-ը հայտնեց, որ «Հայաստանի «եվրասիական» 2 գործընկերները ապրիլի 24-ին Հայաստանի կողքին չեն լինի»: Ենթադրելի է որ, որ այդ «գործընկերները» չեն լինի Հայաստանի կողքին, բայց հնարավոր է լինեն Հայաստանում: Իսկ միգուցե նաեւ հակառակը՝ Հայաստանից դուրս կլինեն, բայց՝ կողքին: Երրորդ տարբերակն էլ կա. կողքին չլինելով՝ կլինեն կենտրոնում:
News.am-ը հրապարակեց «Գերմանիայի նախագահը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա. նա հայերի հետ է լինելու» վերնագրով լուրը, որից կրկին պարզ չէ, թե ինչպես կարելի է «հայերի հետ» լինել (ֆիզիկապե՞ս, թե՞ հոգեպես):
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան ժամանող-չժամանող, սպասելի-անսպասելի հյուրերի մասին շատ լավ արտահայտվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը, որն իր հարցազրույցում, պատասխանելով «ՌԴ նախագահը ապրիլի 24-ին կլինի՞ Երեւանում» հարցին, ասաց. «Ես տեղեկություն չունեմ: Այդ կապակցությամբ կարող եմ միայն ասել, որ գրեթե վստահ եմ՝ նա Երեւանում ներկա կլինի»:
Տեղեկություն չունենալն ու միաժամանակ վստահ լինելը շատ հետաքրքիր է:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: