Սամվել Մարտիրոսյան
Մեդիա հետազոտող
kim_kardashian_kanye_west_pope_francis

Վերջին օրերին Հայաստանն ու Հայոց հարցը բավական ծանրակշիռ են դարձել տեղեկատվական հոսքերում, ինչը պայմանավորված է ինչպես Քարդաշյանների, Ուեսթի այցով ու Հռոմի Պապի հայտարարությամբ, այնպես էլ միջազգային մամուլում հրապարակումների աճող թվով։

Հայաստան այցի ընթացքում Քարդաշյանների սոցցանցային արշավը հանգեցրեց նրան, որ, օրինակ, Թվիթերում Հայաստանի վերաբերյալ գրառումների թիվը կտրուկ աճեց։ Դրան հետեւած Հռոմի Պապի հայտարարության արդյունքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառումների թվի աճ արձանագրվեց։

Հաջորդ օրը՝ Ուեսթի համերգի ու նախորդ օրերի իրադարձությունների հետեւանքով Հայաստանի հանդեպ աննախադեպ հետաքրքրություն առաջացավ։

Ռուսալեզու Թվիթերում իրավիճակը տարբերվում է։ Հայաստանի հանդեպ ընդհանուր հետաքրքրություն կա, իսկ Ցեղասպանության վերաբերյալ՝ երկու էքստրեմում․ Հռոմի Պապի հայտարարության եւ Եվրոպական Պարլամենտի՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման օրերին։

Աճում է ոչ միայն Հայաստանի վերաբերյալ գրառումների թիվը, այլ նաեւ հետաքրքրությունը երկրի նկատմամբ։

Ըստ Google Trends-ի տվյալների՝ Google-ում «Armenia» բառը երբեւէ այսքան շատ չի փնտրվել այս որոնողական համակարգի ողջ պատմության ընթացքում։ Գրաֆիկից երեւում է, որ ապրիլի սկզբին որակական թռիչք է արձանագրվել։

Ավելի հետաքրքիր է տեսնել մարդկանց ցանկությունը՝ իմանալու, թե որտեղ է գտնվում Հայաստանը (Where is Armenia)

Ցեղասպանության վերաբերյալ հետաքրքրությունը նույնպես աննախադեպ է, հատկապես ռուսերեն հարցումների քանակը։

Մնում է՝ մենք կարողանանք հետագայում ինչ-որ չափով պահպանել նման ակտիվությունը, իսկ հայաստանյան ԶԼՄ-ները՝ ստեղծեն այնպիսի լրատվական հոսքեր, որոնք կսպառվեն Հայաստանից դուրս։

Սամվել Մարտիրոսյան