2015.04.16,

Քննադատ

Թե ինչ է պատահում, երբ թերագնահատում են լուսանկարների դերը

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Առաջին անգամ չեմ գրում այն մասին, թե ինչպես կարող է այս կամ այն տեքստին կցված լուսանկարն ի ցույց դնել տեքստի հեղինակի կեղծիքը:

Հենց երեկ համաշխարհային լրատվամիջոցները հեղեղած «սենսացիան», թե ինչպես է նախկին ԿՀՎ-ականը (Կենտրոնական հետախուզական վարչություն) խոստովանում Միացյալ Նահանգների «թշնամիների» նկատմամբ իր գրասենյակի պատվիրած տասնյակ սպանությունների մասին, վերջապես հասավ մեր հայկական ԶԼՄ-ներ: Մերոնք նույնպես խայծը կուլ տվեցին: Չէին կարող կուլ չտալ:

Հետաքրքիր է, որ մեր «Tert.am» կայքը, հրապարակելով այս «լուրը», որպես տեղեկատվության աղբյուր՝ մատնանշում է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

tert.am rusՍքրինշոթ «Tert.am»-ի ռուսերեն տարբերակից

Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե այս նույն «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի աղբյուրը որն է եղել:

Եվ այսպես, ոմն պաշտոնաթող ԿՀՎ-ական մահվանից առաջ ապաշխարում է ու խոստովանում, որ հենց ինքն է սպանել Մերիլին Մոնրոյին: Նորման Հորջեսի ապաշխարանքը սկսվում է զառանցախառն տեքստով, ինչն էլ հենց գրավեց ուշադրությունս. «ԱՄՆ-ի ռեգիոնալ մամուլից տվյալների արտահոսքը կարող է բացատրել Մերիլին Մոնրոյի մահվան գաղտնիքը»:

Բանից պարզվում է` ԱՄՆ-ի «ռեգիոնալ մամուլում» հոդվածները հրապարակվում են սահմանափակ շրջանակի մարդկանց համար, եւ, փաստորեն, բոլոր նյութերը լույս են ընծայվում «Գաղտնի» խորագրով: Բայց ահա, շնորհիվ կա՛մ ռուսական, կա՛մ հայկական լրագրողների խորաթափանցության, գաղտնի նյութերի բացահայտում է կատարվել:

Այս մեկ նախադասությունն առավել սրեց ուշադրությունս: Իսկ «սենսացիային» ուղեկցող լուսանկարները խորացրին կասկածները: Անհասկանալի էր, թե ինչու է մահվան ճիրաններում հայտնված ԿՀՎ-ի նախկին գործակալը ձեռնաշղթայով գամված մահճակալին: Գործակալին միացված բազմաթիվ բժշկական խողովակներն ու լարերը երկմտանքի տեղ չէին թողնում, որ այդ հերոսը որեւէ կերպ փախչել չի կարող, որովհետեւ մեկ րոպե անգամ չի կարող ապրել առանց այդ կենսապահովման համակարգերի:

Համանման դեպքերում ի՞նչ պետք է անի ինքն իրեն հարգող լրատվամիջոցը: Ճիշտ է. պետք է գտնի տեղեկատվության եւ լուսանկարների առաջին աղբյուրը:

«Google»-ում մի քանի ոչ բարդ գործողություններից հետո պարզեցի, որ այդ լուսանկարները համացանցում «շրջագայում են» մեկ տարուց ավել: Առաջին անգամ դրանք հրապարակվել են «Guardian»-ում` բրիտանական բանտային հիվանդանոցներում կալանավորների վիճակի մասին պատմող հոդվածում:

Guardian«Guardian»-ի հոդվածը բրիտանական բանտային հիվանդանոցներում կալանավորների վիճակի մասին

Այդ լուսանկարներում կալանավոր Մայքլ Թայրելն է (Michael Tyrrell), եւ բանտի հոսպիտալում լուսանկարողը նրա դուստրն է: Հենց հաջորդ օրը Մայքլը մահացել է: Ի դեպ, 2013-ի նոյեմբերյան այդ հրապարակման լուսանկարի տակ նշան է դրված, որը հաստատում է. լուսանկարի հեղինակային իրավունքը պատկանում է Tyrrell ընտանիքին:

Լուսանկարի իրական ծագումը պարզելուց հետո հասկանալի դարձավ, որ վերոգրյալ «սենսացիային» լուրջ վերաբերվելը, մեղմ ասած, միամտություն է:

Network_discusses_the_fake_newsԿեղծիքն ակտիվ քննարկվեց համացանցում

Վստահ եմ, որ մինչ հոդվածիս հրապարակումը, այս խայծը կհասցնեն կուլ տալ եւս մի քանի հայկական կայքեր:

Հ.Գ. Ի դեպ, ռուսալեզու տարբերակում Tert.am-ը հղում է անում «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին (mk.ru), իսկ հայերենում… ինչ-որ «Обозреватель»-ի: Անքննելի են հայկական մամուլի սկզբնաղբյուրները…

tert rusՍքրինշոթ «Tert.am»-ի ռուսերեն տարբերակից

tert hayՍքրինշոթ «Tert.am»-ի հայերեն տարբերակից

Գերման Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *