2015.04.08,

Քննադատ

Նեղանալ չկա. ՊԶ կամ Իշխանության օրինակարգությունը հայկական մեդիայում

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Հայաստանն աշխարհի եզակի երկրներից է, որտեղ երկրի թիվ 1 պաշտոնյային ոչ բոլոր լրատվամիջոցներն են կոչում ՀՀ նախագահ։

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի» փոխարեն ընդդիմադիր մեդիան օգտագործում է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ», «Սերժիկ Սարգսյան» կամ «Սերժ Սարգսյան» ձեւերը։ Ենթադրվում է, որ դա լսարանը պետք է ընկալի որպես 2013 թվականի, իսկ դրանից առաջ էլ 2008-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները մերժելու նշան։

«Հայկական ժամանակ» օրաթերթը, դիցուք, «Վ. Դալլախքյան» հրապարակման մեջ գրում է. «Ինչու՞ է Վիկտոր Դալլաքյանը Սերժիկ Սարգսյանի մոնտեկառլոյական սեանսների մասին այդքան գունեղ արտահայտվելուց հետո դարձել Հանրապետական»։

«Սերժիկ Սարգսյան»-ը հաճախադեպ է նաեւ ՀԱԿ-ի տեսակետները ներկայացնող ilur.am կայքում։ Ահա խմբագրականների՝ երկու բնորոշ վերնագիր՝ «Սերժիկ Սարգսյանի թամաշան եւ յուր խամաճիկները», «Սերժիկ Սարգսյանից ի՞նչ եք ուզում ախր, «խոխա ա` իրա համար մածուն ա ուտում»։

Հետաքրքիր է, որ «Սերժիկ Սարգսյան» դիմելաձեւն օգտագործվել եւ քննարկման նյութ է դարձել Ազգային ժողովում, ինչին, բնականաբար, անդրադարձել է մեդիան։ «Սերժիկ Սարգսյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան» նյութում Newsbook.amը պարզաբանում է, որ ընդդիմադիր գործիչները հիմնվում են նրա անձնագրային տվյալների վրա, մինչդեռ Ս. Սարգսյանի թիմակիցներն էլ պնդում են, որ անձնագրում արդեն «Սերժ» է եւ ոչ «Սերժիկ»։

Lragir.am-ում չեն օգտագործվում ինչպես «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան», այնպես էլ «Սերժիկ Սարգսյան» ձեւերը, ավելի հաճախադեպ է համեմատաբար չեզոք «Սերժ Սարգսյան»-ը, բայց «նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ»-ը նույնպես առկա է կայքում. «Սա Հայաստանի պարագայում երեւի թե եզակի դեպք է, երբ որեւէ մեկին առաջադրվում է բարձրագույն պաշտոններից մեկը, այն էլ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն է առաջադրում, իսկ տվյալ անձը հրաժարվում է»:

Ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանն ընդամենը ՀՀ նախագահի պաշտոնն է զբաղեցնում նաեւ «Ժամանակ» թերթում՝ «Երեկ շահագործման է հանձնվել Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին: Շարքային մի իրադարձություն ցանկացած նորմալ երկրի համար, որը Հայաստանի Հանրապետությունում վերածվում է մի միջոցառման, որին մասնակցում է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը» (2010 թ. հրապարակում), «Ժողովուրդ» օրաթերթում՝ «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հրավիրել է ընդամենը երկու մամուլի ասուլիս», Araratnews.am կայքում՝ «Սակայն ոչ ոք սրանց չի տվել այնպիսի սպառիչ պատասխան, ինչպիսին տվել է այսօր երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը»։

Պակաս արտառոց չէ, երբ իշխանության ներկայացուցիչներն էլ նույն հնարքին դիմում են արդեն ուրիշ պետության ղեկավարի մասին խոսելիս. «Զարմանալի եւ զավեշտալի է, երբ պետության ղեկավարը, նույնիսկ Ադրբեջան պետության ղեկավարը, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, ԱՊՀ անդամ, ով ինքը ունի դիվանագետի որակավորում, կարող է իրեն թույլ տալ նման բառապաշարով ելույթ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ Ադրբեջանի Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ֆաշիզմ եւ ռասիզմ է քարոզում։

Վիճակը պարադոքսալ է, որովհետեւ որեւէ լրատվամիջոց ՀՀ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին չի կոչում «պաշտոն զբաղեցնող» (հապավեմ՝ ՊԶ) կամ կոչում է ընդգծված բացասական վերաբերմունք արտահայտելու համար. «Վերը նշվածի վառ ապացույցն է հարցազրույցը, որում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը /Հովհաննես Սահակյան/ հաստատապես մի քանի անգամ պնդում է»

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ՊԶ է, իսկ պաշտոնյաները, ում նա նշանակում է, իսկակա՞ն վարչապետ են ու նախարարներ։ Իսկ եթե նրանք էլ օրինակարգ (լեգիտիմ) չեն, քանի որ օրինակարգ չէ նախագահը, ի՞նչ այլընտրանք ունի մեդիան, որտեղ այդ համոզմունքն է տիրում, բոլոր մնացած պաշտոնյաներին նույնպես ՊԶ կոչե՞լ։

Դա կանլրջացնի իշխանությանը վերաբերող ցանկացած նյութ։ Թեեւ… լրջությունը, օրինակարգությունը պետք է ձեռք բերվի ընտրությունների ընթացքում, որպեսզի հետագայում չծագեն այսպիսի անհեթեթ իրավիճակներ։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *