ԵՏՄ-ում, մասնավորապես Ռուսաստանում, տեղի են ունենում ցնցող իրադարձություններ, որոնց լուսաբանումը շեղում է ուշադրությունը մնացյալ ամեն ինչից:
Խոսքը Բորիս Նեմցովի սպանության մասին է, բայց ոչ հայաստանյան մեդիա անդրադարձի. չնայած Նեմցովը ՍՍՀՄ փլուզման եւ ելցինյան 10-ամյա շրջանի ամենահայտնի քաղաքական գործիչներից էր, ՌԴ սահմանադրության հեղինակը, բացի «Լրագիր» կայքից, հայկական մեդիայում վերլուծություններ համարյա չեղան, որոշ ԶԼՄ-ներ էլ հիշեցին, որ նա եզակիներից էր Ռուսաստանում, ով դատապարտեց Գյումրիի սպանդի հանդեպ Կրեմլի ու նրա վերահսկողության տակ գործող հեռուստաալիքների պահվածքը:
Իսկ այ Հայաստանում էլ սփռվող նույն այդ ալիքները լրատվական մի շարք «նոու-հաու»-ների հեղինակ դարձան: Նախ դրանք անմիջապես հայտարարեցին, թե սպանությունն ամենաքիչը Պուտինին էր ձեռնտու եւ Արեւմուտքի սադրանքն է:
Պատկերացնենք իրավիճակ. երկու հոգի հակառակորդներ են, նրանցից մեկը (Պուտինը), ըստ ամենայնի, անձնական թշնամի է համարում մյուսին (Նեմցովին), քանի որ հետազոտություն է լույս ընծայել իշխանական լծակների չարաշահմամբ իր (Պուտինի) եւ ազգուտակի անօրինականորեն կուտակած հարստության մասին (Путин коррупция — Независимый экспертный доклад Немцова и Милова): Ավելին՝ նրանցից մեկը (Նեմցովը), նույնիսկ հրապարակային մտավախություն է հայտնել, որ մյուսը, մեղմ ասած, «խփնված» է (“Он ёбнутый, Владимир Путин, чтоб вы поняли”) եւ կարող է սպանել իրեն…
Եվ ահա Նեմցովը սպանվում է, Պուտինի ենթակաները (ՌԴ պայմաններում՝ սպասարկուները) անմիջապես աղմուկ են դնում, թե դա ամենաքիչը իրենց շեֆին էր ձեռնտու, եւ նույնիսկ ընդդիմադիր ճամբարում գերակշռում է տեսակետը, թե Նեմցովին սպանել է «թշնամության մթնոլորտը», «ազգային-դավաճան» պիտակավորումը, որ պաշտոնական քարոզչությունը ամիսներ շարունակ տալիս էր Ուկրաինայի հարցում Կրեմլի քաղաքականությունը չընդունողներին:
Հավանաբար սպանության պատվիրատուն շատ է զվարճացել՝ տեսնելով այդ բոլորը, եթե նա իսկապես սպանվածի ակնհայտորեն շահագրգիռ հակառակորդն է:
Ինքը Պուտինը, ելույթ ունենալով իրավապահ մարմինների առաջ, սպանությունը որակեց «խայտառակություն եւ ողբերգություն» (մակդիրների անհամատեղելիության հազվագյուտ նմուշ): Ապա խոսեց ծայրահեղականության վտանգի, «մարտնչող ազգայնականության, անհանդուրժողականության եւ ագրեսիայի» մասին՝ բերելով… Ուկրաինայի «գունավոր» հեղափոխության օրինակը (09:20-09:21, 05.03.15, РБК):
Քանի որ հանգուցյալ Նեմցովը հետազոտում էր ռուսական զորամիավորումների մասնակցությունը Արեւելյան Ուկրաինայում մղվող պատերազմին, այսինքն՝ օգնում էր կիեւյան «հեղափոխականների» կողմից կատարվող բացահայտումներին, ուրեմն պուտինյան ըմբռնմամբ «ծայրահեղական» բնութագրումը միանգամայն վերաբերում է նաեւ նրան, սպանությունն էլ այդ դեպքում դառնում է «ծայրահեղականի» սպանություն:
Հազիվ թե ռուս իրավապահներից որեւէ մեկը չհասկանա, թե ինչ ուղերձ է պարունակում ՌԴ նախագահի խոսքը, մանավանդ որ սպանությունը կատարվել է Մոսկվայի կենտրոնում, Հատուկ գործողությունների օրը, որը սկսել են նշել Ղրիմի գրավման, որպես «օրինակելի հատուկ գործողության», տարեդարձի առթիվ:
Ռուսական ալիքների մյուս «նոու-հաու»-ն Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտնությունն էր ոչ միայն տարբեր թոք շոուներում, ուր նա մշտական գրանցում ունի, այլեւ լուրերի առաջին իսկ թողարկումներում («Ռոսիա ՌՏՌ», 02.15, 15:00), որտեղ նա աննկարագրելի լուտանքներ թափեց հանգուցյալի հասցեին: Ես ինքս չեմ հիշում նման անարգանք նույնիսկ այն դեպքերում, երբ սպանության զոհը եղել է քրեական հեղինակություն՝ ապացուցված մեղքերով ու բազմակի դատվածություններով:
Իր ցինիզմով՝ Ժիրինովսկու վայրահաչությանը տեղ տալուն չէր զիջում «ՌՏՌ Պլանետա»-ի «Ուղիղ եթեր» հաղորդաշարի (02.03.15, 19:15-20:35) «նոու-հաու»-ն: Նեմցովի սպանությանը նվիրված «թոք-շոուի» երկրորդ մասը՝ շուրջ կես ժամ բոլորը ուրախ-զվարթ քննարկում էին Նեմցովի անձնական կյանքը: Որ նա վճարել է ընկերուհու՝ Աննա Դուրիցկայայի աբորտը Շվեյցարիայում, նվերներ արել է «իր կանանց», բայց նրանց խնամքի տակ չի առել: Վերջում վարողը մի կերպ հիշեց, որ Նեմցովին նոր են սպանել, ու հաղորդումը փակեց դեմքին տխուր արտահայտություն տալու ծամածռությամբ:
Իսկ ահա «Ռոսիա»-ի եթերում հատկանշական էր մոսկովյան ռեժիսոր Կարեն Շահնազարովի արձագանքը: Նա հրավիրված էր «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդմանը: Երկար-բարակ ռուսական տեսանկյունից արդարացի աշխարհ կառուցելու կոչ անելուց հետո, ինչի առթիվ վարողը ստիպված եղավ հիշեցնել, որ ինքը՝ Շահնազարովը, հայ է, նա բնութագրեց կատարվածը որպես մեդիա սպանություն: Ակնարկելով, որ մեղավորը Արեւմուտքն է:
Նմանատիպ հաղորդումներից երեւում է, որ Շահնազարովը լրջորեն չարչարվում է քաղաքական գործիչներից տարբերվող յուրօրինակ մտքեր արտահայտելու համար, բայց նա իրո՞ք մտածում է, որ մեդիան աշխուժացնելու համար Արեւմուտքը ժամանակ առ ժամանակ մարդ կսպանի ուրիշ երկրներում:
Զարմանալի է, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց, որ Նեմցովին սպանեցին «Էխո Մոսկվի» ռադիոկայանում ելույթից ժամեր անց: Ավելին, որ վերջին տարիներին Նեմցովը, զուրկ լինելով քաղաքական լուրջ լծակներից, ըստ էության, գործում էր որպես «հետաքննող լրագրող»: Ուրիշ ի՞նչ կերպ կարող են կոչվել նրա հետազոտությունները Պուտինի անձնական հարստության, Սոչիի օլիմպիադայի, իշխանության հարաճուն կաշառասունության, Արեւելյան Ուկրաինայում մղվող պատերազմում ռուսական զորամիավորումների մասնակցության վերաբերյալ:
Այս իմաստով սա ահաբեկչություն էր մեդիայի հանդեպ եւ, հավանաբար, մոտ ապագան ցույց կտա՝ նաեւ մեդիայի սպանություն՝ ռուսական կիսակենդան մեդիայի սպանությունը:
Իսկ ինչը բոլորովին անտեսվեց, մեդիա կերպարի սպանությունն էր՝ «դոն Ժուանի արտաքինով ու դոն Կիխոտի հոգով», ինչպես բնորոշեց Նեմցովին բարեկամներից մեկը, քաղաքական գործչի, ով, գիշերը հանգիստ զբոսնելով Մոսկվայի կենտրոնում ու երթեւեկելով մետրոյով, չէր վախենում քննադատել աշխարհի ամենասարսափելի անվտանգության մարմիններին՝ КГБ-ից մինչեւ ՌԴ նախագահի պաշտոնին հասած Պուտինին, որը, Կրեմլի պատերով պաշտպանված ու հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, ճգնում է ցույց տալ, որ իր պես երկրորդ տղամարդ Ռուսաստանում չկա:
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: