Կարող է թվալ, թե ձայնը անջատած եմ նայել որեւէ հաղորդում (հաղորդումներ), ու դա խորը հոգեկան բավարարություն է պատճառել ինձ։ Չէ՝ ինչքան էլ վարկածը հավանական թվա։
Խոսքը մի հաղորդման մասին է, որի հյուրը Ռուզաննա Կարապետյանն էր՝ խուլ մի աղջիկ, որի անունը կարդալով` ես, միգուցե շատերի նման, մտածեցի, թե շոու-բիզնեսի «աստղերից» մեկն է, որին բոլորը ճանաչում են… իրենց ու կողքի շենքում։
Անցյալ շաբաթ՝ դեկտեմբերի 18-ին, Ռուզաննան հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Չակերտներ» հաղորդաշարին, որի հեղինակն ու վարողը Արթուր Բախտամյանն է (ռեժիսոր՝ Սամվել Հակոբյան, լրագրող՝ Սեդա Հարությունյան)։ «Չակերտները» եթեր է հեռարձակվում աշխատանքային օրերին կեսգիշերից հետո, ձեւաչափը հարցազրույցն է։
Հաղորդման սկզբում համառոտ տեղեկություններ են տրվում հյուրի մասին, որոնք ուղեկցվում են լուսանկարների սահաշարով, իսկ զրույցն ամբողջովին բաղկացած է մշտական հարցերից, որ ընդգրկում են նրա անձնական փոքրիկ նախասիրություններից մինչեւ վերաբերմունքը դեպի հանրային կարեւորագույն երեւույթները։
Մշտական հարցերի վտանգը պատասխանների կամ նույնիսկ պատասխանների տիպերի կրկնությունն է, բայց Ռուզաննան մի աշխարհից է, որտեղ բացակայում է ձայնը, ինչի մասին նա չէր խուսափում խոսել, ու էդ անկեղծությունը համարյա բոլոր թեմաները բացահայտում էին բոլորովին անսպասելի կողմից։
Դիցուք՝ հարց սիրելի կինոնկարի մասին։ Ռուզաննան հնդկական կինո է սիրում։ Կարծես թե զարմանալի ոչինչ չկա՝ «սովետի» տարիներին Հայաստանի կինոթատրոններում հնդկական «կինոհեքիաթները» ամիսներով էին ցուցադրվում, էսօր եւս դրանց երկրպագուները քիչ չեն։ Բայց Ռուզաննայի հանգամանքն ուրիշ է։ Նրա նախընտրության պատճառը զգացմունքային հնդիկների աշխույժ ժեստերն են. դա հեշտացնում է ժեստերի լեզվով խոսող հանդիսատեսի ընկալումը (բուն հնդկական ֆիլմի ժեստը նշանների լեզվով ցուցամատի հպումն է ճակատի մեջտեղին)։
Հարցազրույցի էս հատվածում ցույց տրվեց հնդկական ֆիլմի մի հատված, որտեղ հերոսները միմիայն ժեստերով էին շփվում, ինչն ավելի արտահայտիչ ձեւով շարունակվեց, երբ նրանք սկսեցին երգել ու պարել։
Վարողի մյուս հարցերին պատասխանելով՝ Ռուզաննան պատմեց, որ կուզենար լինել Լոնդոնում, որտեղ… թագավոր-թագուհի կա, զենքերից սիրում է… նետ ու աղեղ՝ ակնհայտորեն ռոմանտիկ բնավորության նշան, որ կարդում է Աստվածաշունչ, չի սիրում «դավաճանություն, սուտը», որ երազանքն է լիարժեք լսողություն ունենալ, թեեւ, այնուամենայնիվ, գոհ է՝ աչքեր ունի, ձեռք ու ոտքով է՝ հավասար է բոլորին։
Ռուզաննան չունի «խոսող» ընկերներ, վախենում է պատերազմից, մթությունից, որովհետեւ չի լսում մեքենաների ձայնը։ Սիրում է Հայաստանը, կուզենար, աշխատանք ունենալ՝ «գնացել ենք շատ գործատուների մոտ, չեն ընդունել»։
(Արժի էս հաղորդման կոլեկտիվ դիտում կազմակերպել, ասենք, ՀՀԿ գրասենյակում, որպեսզի ինքնահավան մեծահարուստ իշխանավորները հիշեն. երբ երկրում ամեն 6-րդը գործազուրկ է «ապահով» Հայաստանում, հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ընդհանրապես հույսները կորցնել, որ երբեւէ կօգտվեն աշխատանք ունենալու իրենց սահմանադրական իրավունքից։)
Ռուզաննայի մասնակցությունը «Չակերտներին» հիանալի օրինակ է, թե ճիշտ ընտրված հյուրն ինչպես է զարդարում հաղորդումը։ Բարեբախտաբար, ստեղծագործական խմբի արհեստավարժությունը դրանով չի սահմանափակվում։ Արթուր Բախտամյանը համակ բարյացակամություն է, նրան հետաքրքիր են իր հյուրերը, որոնց չի ընդհատում, քանի դեռ խոսքի մեջ նորություն կա, ոգեւորություն, ինչպես անում են շատ ուրիշ զրուցավարներ՝ հիշեցնելու համար իրենց գոյությունը։ Միչդեռ, եթե նույնիսկ եթերում մենախոսություն է, որը կլանում է հեռուստադիտողին, դա անպայման լրագրողի (եւ թիմի) աշխատանքի արդյունքն է։
Հաղորդման դիտելիությանը նպաստում էր նաեւ տեսանյութերի առատությունը. հատվածներ խուլերի պարային ակումբի փորձից, Մայքլ Քոթանջյանի «Լռության ձայնը» տեսահոլովակից, որի գործող անձինք լսողության խնդիրներ ունեցող անձիք են, եւ համերգից, որի ընթացքում Ռուզաննան եւ իր ընկերները երգում են… ժեստերի լեզվով։
Խուլ աղջկա մասնակցությամբ հաղորդումը հիշեցում է, թե ինչքան քիչ տեղ են զբաղեցնում մեր հեռուստաեթերում հաշմանդամություն ունեցող մարդիկ` չհաշված գերակշիռ մասով արեւմտյան դրամաշնորհների միջոցով կազմակերպված միջոցառումների լուսաբանումը լրատվական թողարկումներում։
Մեկ ուրիշ հիշեցում էլ կարող է լինել «Նեթֆլիքս» եւ «Մարվել» ընկերությունների նկարահանած «Խեւը» սերիալը (2014), որի գլխավոր հերոսը կույր է, ով հաջողությամբ պայքար է մղում փողոցային հանցագործությունների դեմ։ Ի տարբերություն հայկական սերիալների փողոցային հանցագործների, որոնք հաջողությամբ պայքար են մղում օրինապահ քաղաքացիների դեմ։
Հա´, բա «նեղանալ չկա»-ն էլ պետք է արդարացնել…
Հաղորդման նախաբանում ներկայացնելով հակիրճ տվյալներ Ռուզաննայի մասին՝ որ նա խուլերի պարի ակումբի անդամ է, «սիրում է նկարել եւ միշտ ժպտալ», թերեւս, ավելորդ է եզրակացնել, թե «այս ամենն է, որ օգնում է նրան պահել կյանքի ռիթմը, մնալ հավատարիմ իր իսկ լավատես եւ կենսախինդ տեսակին». ճիշտը գնահատականները հեռուստադիտողին թողնելն է… Ինչքան էլ, թվում է, քաջալերանքը բացառություն է, որ արվել է Ռուզաննայի համար, ում «ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց, ովքեր եւս հաշմանդամ են եւ աշխատանք չունեն»։
Վերադառնալով հաղորդման ձեւաչափին՝ կուզենայի, որ «Հ1»-ը եւ հաղորդման հեղինակներն ուշադրություն դարձնեին, որ մշտական հարցերի շարքը, թեկուզ լավ կազմված, հիշեցնում է դպրոցական/ուսանողական տարիքի ժամանցները.
«Ի՞նչ կանեիր, եթե.
մեկ միլիոն դոլար ունենայիր,
աշխարհի պրեզիդենտը լինեիր,
տղա/աղջիկ լինեիր,
իմանայիր, որ քեզ երեք (երկու, մեկ) օր է մնացել ապրելու» եւ այլն։
Նկատի ունենալով հաղորդման հեռարձակման ուշ ժամը՝ միգուցե կարելի է չջանա՞լ գիշերային զրույցը չափազանց դինամիկ դարձնել, այլ, հակառակը, տեւողությունն ավելացնել։
Ես շատ եմ տեսել եվրոպական հեռուստաընկերությունների սիրված հաղորդաշարեր, որոնք երկար զրույցներ են, ամենադիտվող ժամերին։ Կամ որ հեռու չգնանք. մեկ ժամ հեռուստադիտողին լարված է պահում Վլադիմիր Պոզները՝ հաղորդման վերջում միայն հյուրերին ուղղելով Մարսել Պրուստի կազմած 7 հարցը… եւ նույն Արթուր Բախտամյանի «Կեսգիշերային ճեպընթացն» էլ, լինելով երկար զրույց պարզ տաղավարում, նույնպես չէր ձանձրացնում։
Կարեւորը, որ տաղավարում տեսնենք մեր եթերում հազվադեպ դարձած մի պատկեր՝ հյուրի, որ ասելիք ունի, եւ վարողի, որ տիրապետում է լսելու արվեստին։
Վահրամ Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: