2013.12.25,

Քննադատ

Լրագրությունը նաեւ վստահության հարց է

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների քաղաքական ակցիայից հետո տարբեր հարթակներում ու տարբեր ֆորմատներով քննարկումներ եղան ու շարունակվում են: Նախորդ հոդվածիս նպատակներից մեկն էլ այդ քննարկումներն էին: Նման խոսակցությունները միայն առողջացնում են մեդիա դաշտը: Այս հոդվածը նաեւ լրագրության որակի մասին քննարկումները շարունակելու համար է:

Հիմա փորձեմ այդ քննարկումներից մի քանի կետեր նշել: Պարտադիր չէ, որ բոլորի հետ համաձայն լինեմ, սակայն կփորձեմ վերլուծել դրանք:

1. Լրագրողները ԱԺ դահլիճում հանդես են եկել որպես քաղաքացիական հասարակություն, պարիսպների մոտ բողոքող իրենց ընկերների ձայն:

Կարծիք կա, որ դեկտեմբերի 23-ի ակցիան հանուն ազատության արված հուսահատ քայլ էր, եւ այդ տեսակետը ընդունելի է: Քաջություն է պետք քաղաքական պաստառներով ակցիա կազմակերպելու, ԱԺ ադմինիստրացիային, պատգամավորներին հակադրվելու ու գուցե սեփական խմբագրության ներքին կանոններին դեմ գնալու ինքնուրույն որոշում կայացնելու համար:

Համաձայնենք նաեւ, որ լրագրողների քաղաքական ակցիան տեղավորվում է  «իրավիճակային էթիկայի» սահմաններում (BBC-ի սահմանումը):

Բայց կա մի մեծ վերապահում՝ ակցիայի մասնակիցները (խոսքը միայն պաստառներով դահլիճ մտնող քառյակի մասին չէ,  նաեւ մամուլի օթյակի ակցիայի մասնակիցները) այդ օրը պետք է լրագրողական նյութեր չպատրաստեին:

Դեկտեմբերի 23-ի լրագրողական ակցիան քննարկվել է նաեւ այն լրագրողական կազմակերպությունում, որտեղ աշխատում եմ՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Թեժ է քննարկվել:

Իրականում ես էլ ներքին կոնֆլիկտ ունեմ: Մի կողմից` լրագրողները հուսահատ քայլ են կատարել, որ նման իրավիճակում գուցե միակ ճիշտն էր, մյուս կողմից՝ դասական լրագրության դասական կանոնները խախտված են:

Ես ընդունում եմ, որ բարդ իրավիճակում քաղաքացին հաղթել է լրագրողին, սակայն նաեւ չեմ մոռանում, որ գործ ունենք նախադեպի հետ: Ավագ գործընկերս՝ Արամ Աբրահամյանը, այսօր գրել էր, որ գուցե հետագայում էլ քաղաքական կարեւոր քննարկումների ժամանակ լրագրողական/քաղաքացիական բողոքի ակցիաները սովորական դառնան:

Ու եթե մենք «գազային համաձայնագրերը» անվանում ենք դավաճանություն, որը պետք էր կանխել ցանկացած միջոցներով, ու խոսում ենք բարիկադների մասին, ապա եկեք ընդհանրապես չխոսենք լրագրության մասին: Պատկերացնենք, որ Հայաստանում մի իրավիճակ է, որտեղ չկան լրատվամիջոցներ: Կան կողմեր, կան բանակներ ու կան այս կամ այն կողմին սպասարկող քարոզչամիջոցներ:

2. Լրագրողը իրավունք չունի մասնակցել քաղաքական ակցիայի:

Իհարկե, ունի: Պարզապես այդ ակցիային մասնակցելուց հետո ակցիայի մասին լրագրողական նյութ պատրաստելը խնդիր է: Չի ստացվի միաժամանակ եւ՛ լրագրողական նյութ պատրաստել, եւ՛ քաղաքական/քաղաքացիական ակցիայի մասնակից լինել:

Դա նույնն է, թե, օրինակ, ԲՀԿ հանրահավաքի մասին լրագրողական նյութ պատրաստի Նաիրա Զոհրաբյանը կամ, ինչպես նկատեց գործընկերներիցս մեկը, կառավարության նիստից ռեպորտաժ հեռարձակի Հրանուշ Հակոբյանը:

3. Լրագրողական էթիկան Հայաստանի համար չէ:

Լրագրողական էթիկան, ըստ էության, կանոններ, պարտավորություններ են, որոնք լրատվամիջոցները ընդունում են կամավոր: Կամավոր սահմանափակում են իրենց, եւ դա անում են առաջին հերթին հասարակության վստահությունն ունենալու համար:

Հիմա հարց. Հայաստանում լրատվամիջոցներին ընդհանրապես պե՞տք է հասարակության վստահությունը, թե՞ կուսակցությունների, տարբեր օլիգարխների, պետական պաշտոնյաների վստահությունը բավարար է:

Արեւմտյան առաջատար մեդիա կորպորացիաների լրագրողներն էլ հաճույքով քաղաքական դիրքորոշումներով հանդես կգային Սիրիայի մասին, Ռուսաստանի կամ էլ, ասենք, Սնոուդենի: Բայց չեն անում: Չեն անում, որովհետեւ եթե անեն, իրենց լսարանի վստահությունը կկորցնեն:

Ու սա կարող ենք անգամ ոչ թե էթիկա, այլ պրոֆեսիոնալ լրագրություն անվանել: Այո, Հայաստանում լրատվամիջոցները չունեն հասարակության, քաղաքական դաշտի վստահությունը, որովհետեւ կա՛մ իշխանական, կա՛մ ընդդիմադիր կողմ են: Ու այդպես է վաղուց:

Խնդիրն այն է, որ Հայաստանում մեդիան սնվում է ոչ թե տնտեսությունից, այլ քաղաքականությունից: Ու լրատվամիջոցները չեն լինի պրոֆեսիոնալ, էթիկական նորմերն էլ ոչ մեկին պետք չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդպես է:

Այլ հարց է, որ տնտեսության կանոններն այնպիսին են, որ թույլ չեն տալիս տնտեսությունից սնվող պրոֆեսիոնալ մեդիա ձեւավորվի: Ընդ որում թվում է, որ այս իրավիճակը ձեռնտու է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կամ որպես այլընտրանք հանդես եկող քաղաքական ուժերին: Նրանց պետք է թույլ, փոքր լսարանով ու հասարակության վստահության պակաս ունեցող լրատվամիջոցներ:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *