Հայաստանի Ազգային ժողովում Ռուսաստանի հետ գազային երեք համաձայնագրերի վավերացման վերաբերյալ քվեարկության ժամանակ դահլիճում չորս լրագրող պաստառներով քաղաքական ակցիա էր անցկացնում:
«Գազպրոմ»-ի հետ համաձայնագրերին դեմ լրագրողների պաստառների վրա գրված էին «Խելքի եկեք, արա», «Որոշողը մենք ենք», «Մի վաճառեք»: Քվեարկության ընթացքում էլ մամուլի օթյակում՝ պատուհանից այն կողմ, լրագրողները պարզել էին «Մի քվեարկեք ռուսական գազի համար» պաստառը:
Գազային համաձայնագրերի վավերացումը, իրոք, տարեվերջի ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից մեկն է, այն, իրոք, հուզում է, զայրացնում է, վրդովեցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ու Ազգային ժողովում աշխատող լրագրողներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Խորհրդարանում քվեարկության ժամանակ նրանք, երեւի, պետք է հասկանալ՝ հանդես են եկել որպես քաղաքացիներ եւ ոչ թե որպես լրագրողներ:
Սակայն իմ կարծիքով՝ լրագրողը, ով ունի քաղաքական հայացքներ, պետք է նախօրոք որոշած լիներ՝ ինքն այդ օրը քաղաքական պաստառնե՞ր է պարզում, թե՞ լրագրությամբ է զբաղվում: Ինքը լրագրո՞ղ է, թե՞ ազատության մարտիկ:
Այո՛, լրագրողը կարող է ունենալ քաղաքական հայացքներ: Այո՛, լրագրողը կարող է մասնակցել քաղաքական ակցիաների: Միեւնույն ժամանակ լրագրողը, ով տվյալ վայրում է որպես լրագրող, (իսկ խորհրդարանում ոչ մասնագիտական նպատակներով լրագրող չի կարող լինել, այնտեղ լրագրողներին հավատարմագրում են) չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին, չպետք է դառնա կողմ:
Կարծում եմ՝ հստակ է՝ երբ բնապահպանական ակցիա լուսաբանող լրագրողը մի կողմ է թողնում իր լուսանկարչական ապարատը, ձայնագրիչը, թուղթ ու գրիչն ու պաստառ է պարզում, կամ երբ լրագրողը ԱԺ նիստերի դահլիճում քաղաքական բովանդակությամբ պաստառ է պարզում, ապա այդ պահին նա հանդես չի գալիս որպես լրագրող: Նա առնվազն այդ իրադարձության մասին լրագրողական նյութ չպետք է հրապարակի: Այս հարցադրումները նաեւ լրատվամիջոցների խմբագրական քաղաքականության տիրույթում են:
Նաեւ կարող եմ հասկանալ, որ Հայաստանում լրագրողական էթիկայի մասին խոսելը ոչ միշտ է տեղին: Նախ՝ հատուկենտ են լրագրողական էթիկայի կանոնագիր ունեցող լրատվամիջոցները, հետո էլ՝ ծայրահեղ դեպքերում (իսկ գազային համաձայնագրերը կրում էին «դավաճանություն» պիտակը) լրագրողական էթիկայի մասին հիշելը տեղին չէ:
Ես կնախընտրեի քաղաքական պաստառների փոխարեն տեսնել ավելի որակյալ լրագրություն, լրագրողական հետաքննություններ նույն գազային համաձայնագրերի մասին:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: