2013.11.14,

Քննադատ

Ծիծաղելի է Սամվել Ալեքսանյան չլինելը

Մեր լրատվական ծառայությունները պարզապես ծիծաղում են իրենց գովազդատուների վրա: Ինչպե՞ս: Շատ պարզ: Ուղղակի ռեպորտաժ են պատրաստում «Նատալի Ֆարմ-Մալաթիա Սեբաստիա» առողջության կենտրոնի մասին: 

Մոտ մեկ ամիս առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում մոտեցավ ինձ եւ «Ազատության» թղթակցին՝ ասելով՝ ուզում եմ իմ հիվանդանոցը (հիշյալ առողջության կենտրոնի մասին է խոսքը-Մ. Ա.) տելեվիզըրով ցույց տաք: 

Ասացի, որ հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում եմ, ունի գովազդային ծառայություն, կարող եմ հեռախոսահամարը տալ («Ազատություն»-ն ընդհանրապես հրաժարվեց քննարկել առաջարկը): Ասում է՝ չէ, ախպեր, ուզում եմ դուք սարքեք մի բան ու ցույց տաք, ինչքան փող պետք է, կտամ, ինչքան հիվանդություն ունեք, կբուժեմ: 

Պնդեցի գովազդային ծառայություն դիմելու մասին խոսքս: Չհամաձայնեց: Տեղեկացրի, որ մյուս հեռուստաընկերություններն ավելի մեծ լսարան ունեն՝ ըստ վարկանիշ չափող կազմակերպությունների, թող դիմի իրենց: Պնդեց, որ ռեպորտաժ է ուզում Ա1+-ով եւ «Ազատություն»-ով: Չհամաձայնեցի: 

Եվ մարդը, փաստորեն մեկ ամիս հետո արել է իր ուզածը: Նոյեմբերի 12-ին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները խոսքները մեկ էին արել՝ լուսաբանում էին հիշյալ կենտրոնի հղիության եւ ծննդաբերության խնդիրների հաղթահարման մասին քննարկումը:

«Արմնյուզ»-ն այդ կենտրոնին անդրադարձել է երկու օր անընդմեջ: Ռեպորտաժներից մեկը հղիների մոտ սրտի կառուցվածքային հիվանդությունների եւ առիթմիայի մասին էր, երկրորդը՝ կենտրոնի շարժական կլինիկայի «հյուրախաղերի»: Առաջին ռեպորտաժն այն մասին է, թե ինչեր կարող է անել «Նատալի Ֆարմ» բժշկական կենտրոնը տեղում, երկրորդը՝ մարզերում: 

Երկրորդ ռեպորտաժում ցինիզմը հզոր է: Առաջին նախադասությունն է՝ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակցությամբ: Երկրորդ ռեպորտաժի մեջ կային այսպիսի նախադասություններ՝ «բնակիչները շատ ուրախ էին» (լրագրողի խոսքն է), «շատ շնորհակալ ենք Սամվել Ալեքսանյանին» (հետազոտվող կանանցից մեկի խոսքն է): 

Նոյեմբերի 12-ին «Կենտրոն» հեռուստաընկերությունը որոշ իմաստով հակաէթիկայից անցնում է ցինիզմի: «Էպիկենտրոն»-ով (հիշենք, թե ում է պատկանում հեռուստաընկերությունը՝ Գագիկ Ծառուկյանին) եթեր են հեռարձակում «Նատալի Ֆարմ Մալաթիա Սեբաստիա» բժշկական կենտրոնի արժանիքները, իսկ լրատվականի երեկոյան եթերի ավարտից անմիջապես հետո, արդեն իբրեւ գովազդ, «Անցում Դուլյանի հետ» հաղորդման սկզբնամասում «Կենտրոն»-ով ցուցադրվում է «Միքայելյան» հիվանդանոցի Տարեցների խնամքի եւ հոգեկան առողջության կենտրոնի գովազդը: 

Սա ցինիզմ է, որովհետեւ մի դեպքում օլիգարխի հիվանդանոցը մեկ այլ օլիգարխի հեռուստաընկերությունում դարձել է ռեպորտաժի թեմա, մեկ այլ դեպքում՝ ոչ օլիգարխի հիվանդանոցը գումար է վճարել եւ տեղադրել գովազդ: 

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը նույնպես չի շրջանցել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի Ֆարմը»: Ու դարձյալ նույն առիթով: 

Այսինքն՝ հեռուստաընկերություններից  ոչ մեկը չի փորձել միակը լինել: Բոլորը կենտրոնին անդրադարձել են կարծես մեկ կենտրոնի հրահանգով: 

Ընդ որում՝ հիշյալ բոլոր հեռուստաընկերություններն էլ ունեն բժշկական թեմաներով հաղորդումներ: «Արմնյուզ»-ն ունի «Բուժակը», «Կենտրոն»-ը՝ «Ապրիր առողջ»-ը, իսկ «Արմենիա»-ն, թեպետ առողջապահական ծրագիր չունի, բայց ունի «Բարի լույս, հայեր»-ը, որի ժամանակ էլ հաճախ անդրադառնում է առողջապահության խնդիրներին: «Արմենիա»-ն ունի նաեւ «Բարեւ, փոքրիկ»-ը, որի ժամանակ, ինչպես իրենք են ասում, «քննարկում են թեմաներ հղիության առաջին շրջանից սկսած՝ մինչեւ երեխայի դպրոցական տարիքը»: Իսկ «Նատալի Ֆարմի» մասին ռեպորտաժը, եթե հիշում եք, հղիության մասին է: 

Փաստն այն է, որ հղիության ընթացքում առիթմիայի խնդիրների պատրվակով «Նատալի Ֆարմի»-ի մասին լրատվական թողարկումներում ռեպորտաժներ պատրաստելը այնքան էլ սարսափելի չէ, սարսափելին մյուս գովազդատուների վրա ծիծաղելն է: 

Ինչու՞ նրանք չեն կարող պարզապես խցկվել լրատվական ծրագրերի մեջ, ինչու՞ նրանց հասկացնել, որ ծիծաղելի է Սամվել Ալեքսանյան չլինելը: 

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *