2013.11.06,

Քննադատ

Մաշտոցի պողոտայի պայթյունների արձագանքները ԱրմՆեթում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երեւանի կենտրոնում, Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ոստիկանների հետ ցուցարարների բախումների լուրերը սկզբում տեքստային էին: Կարճ, մի քանի պարբերություն այն մասին, որ լարված իրավիճակ է, Շանթ Հարությունյանն ու իր կողմնակիցները բենզինով շշեր են պայթեցրել, կան տուժածներ, բերման ենթարկվածներ:

Լուրը, ինչպես սովորաբար է լինում, տեքստով էր տարածվել: Նկարներ ու տեսանյութեր անշուշտ կային, սակայն դրանք դեռ խմբագրություններ չէին հասել: Այս հարցում օգնության եկավ Ֆեյսբուքը: Մի քանի կայքեր, գրեթե միաժամանակ, տարածեցին բախումների մասին «Հեղափոխություն» էջի լուսանկարները: «Հեղափոխություն»-ը, ի դեպ, Շանթ Հարությունյանի աջակիցների էջն է:

Հետո եկավ ուղիղ եթերի ժամը: Միացավ «Ա1+»-ի «լայվսթրիմը», որը որոշ կայքեր  տեղափոխեցին իրենց հարթակներ ու թարմ վերնագրերին «ուղիղ եթեր», կամ «տեսանյութ» բառերը ավելացնելու հնարավորություն ստացան: Այդ ժամերին «Ա1+»-ի սթրիմը դիտողների թիվն անցավ 4 հազարը (ես նման ցուցանիշ 2013-ի ապրիլի 9-ին ՀՀ նախագահի երդմնակալության պաշտոնական եւ այլընտրանքային արարողություններից հետո չեմ հիշում):

Երբ մարեց հետաքրքությունը «լայվսթրիմի» նկատմամբ, ինտերնետ լսարանն անցավ իրադարձությունների լուսանկարներին ու Youtube-ում տեղադրված տեսանյութերին, որոնց քանակն անընդհատ աճում էր:

Օրվա վերջում արդեն լրատվամիջոցները ավելի հանգիստ ռեժիմում աշխատում էին պարզելու համար տուժածների, բերման ենթարկվածների, ձերբակալվածների թիվը, նրանց ինքնությունը եւ ներկայացնում էին համատեքստային՝ իրադարձությունների նպատակների ու հետեւանքների վերլուծությանը:

Իրադարձություններին հիմնականում ինտերնետով հետեւելով՝ կետերով գրեմ այն, ինչը լրագրողական-մասնագիտական տեսակետից էր հետաքրքիր:

  • Կայքերը լուսանկարների գերին են դարձել: Իրադարձությունների առաջին րոպեներին, երբ լուսանկարներ դեռ չկային, կայքերից մեկը «Պայթյուններ Մաշտոցի պողոտայում» վերնագրի կողքը տեղադրեց լուսանկար, որի ծագումը ըստ երեւույթին ուկրաինական է: Բենզինի շշով անձը հաստատ Մաշտոցի պողոտայում չէր: Կեղծ լուսանկարի տեղադրումը, մեծ հաշվով, արդարացում չի կարող ունենալ:
  • Արագ զարգացող իրադարձությունների դեպքում, երբ հատկապես այդ իրադարձությունները հանրային են, ուղիղ եթերն անփոխարինելի է: Այդ խնդիրն այդ օրն ու այդ ժամին ամենալավը լուծեց «Ա1+»-ը:
  • Բազմաթիվ էին լուսանկարչական սարքերով լրագրողները, բայց մինչեւ հիմա տեսածս ամենազդեցիկ լուսանկարները «Ֆոտոլուր»-ինն էին:
  • Հայաստանում բնակվող ոչ բոլոր մարդիկ գիտեն Շանթ Հարությունյանի կենսագրությունը: Էլ չասեմ, որ լրատվական կայքերը ռուսերեն, անգլերեն տարբերակներ ունեն: Շանթ Հարությունյանի կերպարը հասկանալուն օգնող առանձին հոդվածի կամ  հրապարակումներում այդ խիստ կարեւոր սեղմ տեղեկատվության (բեքգրաունդի) պակաս կար:

Ու մի քիչ էլ ռեյտինգների մասին: Կայքերի այցելությունների քանակը չափող հայկական համակարգի՝ circle.am-ի, համաձայն՝ նոյեմբերի 5-ին գրեթե բոլոր լրատվական կայքերը աճ են ապահովել: Օրինակ, միանգամից մի քանի կայքերի համար ուղիղ եթեր ապահոված «Ա1+»-ը կրկնակի այցելուներ էր ունեցել: News.am-ը, որ 7 օր շարունակ circle.am-ում նահանջել էր 3-րդ հորիզոնական, դարձել էր երկրորդը:

ԱրմՆեթ-ի առաջին տասնյակը ամբողջությամբ լրատվական ուղղվածության կայքեր են ու circle.am-ի վիճակագրությունը օգնում է հասկանալ, որ արագ զարգացող  իրադարձությունների ժամանակ  ինտերնետում նորություններ կարդացողների թիվը կտրուկ աճում է:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *