2013.10.23,

Քննադատ

Մեր լրատվության այցետոմսը

Հայկական ինտերնետային լրատվության այցետոմսն, այնուամենայնիվ, վերնագրերն են: Դրանք հիմնականում բխում են նյութից, բայց ավելի հաճախ ըստ էության չեն: 1in.am-ը գրում է՝ Վահանը երկու անգամ բռնաբարել է մորը: Լուրն անձամբ չի պեղել, այլ վերցրել է Վերաքննիչ դատարանի քննությունից: Պարզվում է՝ երկու տարի առաջ տեղի ունեցած դեպք է, անդրադառնում է առաջին անգամ: Այսինքն՝ փաստի հետեւից հասել է երկու տարի հետո: Ներկայացնում է այնպես, ասես նրան նույն օրը «բռնել են գործի վրա»:

Հուլիսի վերջին news.am-ը այդպիսի մի դեպքի էր անդրադարձել՝ տեղի ունեցած 2007-ին: Վերնագիրը՝ «20-ամյա երիտասարդը ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո իրենց այգու խնձորի ծառից կախվելով ինքնասպան է եղել»: Հարց է առաջանում՝ նման վերնագիր դնելիս զգու՞մ ես ընթերցողի հետ կապդ:

Եթե այսօր ինքնասպան է եղել հայությանն անհայտ մի անձ՝ Սերժ Սարգսյան անուն ազգանունով մեկը, դեռ կարելի է հասկանալ այսպիսի՝ «Սերժ Սարգսյանն ինքնասպան է եղել» վերնագիրը, բայց երբ 6 տարվա վաղեմության փաստը, որին այսօր էլ, վաղն էլ անդրադառնալ արժե, դառնում է վերնագիր, նույնն է, երբ այսօր գրում ես Մոնթե Մելքոնյանի զոհվելու մասին հետեւյալ վերնագրով՝ «Զոհվել է Մոնթե Մելքոնյանը»:

health_magazine-9.06.2013

Ի դեպ, այդպիսի վերնագիրը չի նշանակու՞մ, որ եթե 6 տարի հետո էլ թեմային անդրադառնաք, վերնագիրը չի փոխվելու:

Internews.pro կայքը Ֆեյսբուքում գտել է Շուշանիկ Թովմասյան անուն ազգանով մի աղջկա գրությունը. «Ես չեմ կարող այլեւս այսպես, միակ միջոցն ինքնասպան լինելն է» (5 ամիս առաջ է գրել, բայց «այցետոմսային» երեւույթի դասական օրինակ է): Անմիջապես վերնագրել է. «Շուշանիկ Թովմասյանն ինքնասպա՞ն է եղել»:

Հետո պարզվում է, որ իրենք նկատի են ունեցել ինչ-որ դերասանուհու նույն անուն ազգանունով, իսկ խոսքն ուրիշ աղջկա մասին է: Լուսանկարում սակայն դերասանուհին է: Այնպիսի տպավորություն է, թե լուրը գրողը որբ է, ծնողներ չունի եւ երբեք չի մտածել, թե ինչ կզգան դերասանուհու ծնողները՝ տեսնելով իրենց աղջկա լուսանկարը ինքնասպանության մասին լուրի ներքո, հատկապես երբ խոսքը նրանց աղջկա մասին չէ:

Լրատվությունը սահուն քայլում է դեպի չիմացություն: Սա նուրբ ասած: Պատճառը դաշտ գրավելու շտապողականությունն է:

norlur.am-3.10.2013Դիցուք: «Հռոմի Պապը մեղանչել է»: Mardik.am-ն է գրել: Դեռ սեպտեմբերի 20-ին: Ընդհանրապես հոգեւորականության թեման առանձին խոսք է էլեկտրոնային լրատվությունում: Թղթակիցը Պապի հրապարակային ինքնախոստովանությունը, որ նույնիսկ մեղքերի թողություն չէ, դարձրել է նոր մեղսագործություն: Անկասկած, կայքը նկատի ունի, որ Պապը խոստովանել է սեփական մեղքերը: Իսկ Պապն ընդամենը փորձել էր փակել հաշիվներն իր «հին մեռելների» հետ:

Lurer.comն օրերս տեղեկացնում է, որ «Ոստիկանության քննիչն իր կյանքի գնով փրկել է 17-ամյա աղջկան»: Կարդում եմ, հընթացս ցավակցում ոստիկանի հարազատներին, որովհետեւ «կյանքի գնով» արտահայտությունը սոսկ քրիստոնեական անձնազոհությունը չէ, այլ ենթադրում է ստույգ մահ: Իսկ ոստիկանը, պարզվում է, չի մահացել:

Ուրեմն, lurer.com-ին չի բավարարել սկզբնաղբյուրի՝ shamshyan.com-ի վերնագիրը («կյանքի գնով»-ի փոխարեն «իր կյանքը վտանգելով»), որոշել է սրել փաստը: Արդյունքում «սպանել» է ոստիկանության քննիչին: Հարազատների մխիթարությունն է, որ lurer.com-ը չեն կարդացել: 

Operativ.am-ը հոկտեմբերի 3-ին «բացահայտել» է կրոնական այլ կազմակերպություններին «պատկանող» հայ աստղերի անունները: Վերնագիրը հակաէթիկայի բացառիկ գործ է՝ հայտնի աղանդավորների ցանկը:

Նախ նրանք հայտնի աղանդավոր չեն, եթե «աղանդավոր» բառը համարենք տեղին, նրանք հրապարակումից հետո դարձան հայտնի աղանդավոր: Երկրորդ՝ լրագրողի ի՞նչ գործն է մարդու կրոնական պատկանելությանը որակում տալ: Երրորդ՝ հոդվածագրի համար ո՞վ է հստակեցրել, թե կրոնական որ ուղղությունն է աղանդ: Այսինքն՝ ու՞ր է կրոնագետի խոսքը հրապարակման առիթով:

Չորրորդ՝ այդ ի՞նչ կազմակերպություն է «Միացյալ երիտասարդական լիգան», որին հղում է անում կայքը: blognews.am-19.10.2013Իսկ ինչու՞ անմիջապես չի կապվել «հայտնի աղանդավորներից» գոնե մեկ երկուսի հետ, եթե աղանդավոր լինելն այդքան կարեւոր թեմա է: Հինգերորդ՝ ու՞մ են խանգարում նրանք՝ իրենց «աղանդավոր» լինելով: Որտե՞ղ են օրինակները, որ նրանց «աղանդավոր» լինելը բացասական հետեւանքներ է ունեցել այս կամ այն առիթով:

Ի դեպ, հերթը հասել է «աստղերի» նոր խմբաքանակին՝ «աղանդավոր» են երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը: Խնդիրը բացահայտումը չէ կամ նրանց իրապես «աղանդավոր» լինելը, այլ այն, որ լրատվամիջոցը վիրավորական բառ է ընտրել («կրոնական այլ կազմակերպություն» արտահայտությունն առանձնապես «քլիք»-ային չէ):

Փոխարենը ինչքա՞ն հաճախելի են «Դոգը» հեռացվել է աշխատանքից» (1in.am), կամ «Գժի թղթով ՀՀԿ-ականի «արկածների» նոր մանրամասներ» (ilur.am): Norlur.am լրատվական կայքի (նվազագույնը 3 հազար այցելու ունի ամեն օր) տնօրեն Արտակ Նավասարդյանն անձամբ է ստորագրել ԱԺ պատգամավոր, 4 երեխայի մայր Զարուհի Փոստանջյանին ուղղված հետեւյալ նախադասության տակ. «…Էսօր ականատես եղանք, որ հայ կինը կարա ղզողլան լինի…Դու կին հալով բռնաբարեցիր մի ողջ պետություն»:

Ի դեպ, կանանց մասին: Ավելի ճիշտ, կանանց առիթով: Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը blognews.am-ը արտատպել է mitq.am՝ ոստիկանությունից վերցրած օպերատիվ հաղորդագրությունը. «Միջադեպ՝ Երեւանի գիշերային ակումբներից մեկում, ծեծել են պարուհիներին»: Նյութը վերցրել են ամբողջությամբ: Տակը գրել են՝ նյութն ամբողջությամբ՝ այստեղ: Սա ի՞նչ է: Էս ի՞նչ անպտուղ զբոսանքի եք մղում ընթերցողին:

Հղման մեջ՝ ոչ մի «ամբողջություն», Blognews-ը նույնիսկ սկզբնաղբյուրի անգրագիտությունը չի ուղղել՝ «միջադեպ» բառից հետո կարիք չկար բութ կետադրական նշանը դնել: Վերնագիրն այդպիսի բան է՝ նրա հետ կարելի է վարվել ուզած ձեւով: Ուզած գրագիտությամբ կամ՝ հակառակը: Շտապում են «քլիքի» հետեւից:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *