2013.06.05,

Քննադատ

Երբեմն-երբեմն հարկ է Սահմանադրություն կարդալ

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

«Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է: Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել, որին ի դեպ ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ «կոկոները տաքացրած» և զինոված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել, ինչի արդյունքում մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել: Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատները, ովքեր բարեբախտաբար չեն տուժել»: 

Այս հաղորդագրությունը, որ տարածեցին այլ լրատվամիջոցներ եւս, ոչ միայն անմեղության կանխավարկածի, այլեւ լրագրողական էթիկայի կանոնների բազմաթիվ խախտումներ ունի իր մեջ: Դա էլ տողերիս հեղինակին ստիպեց գրել այս երկու տողը:

Լավ, Գագիկ Շամշյանը չգիտի «անմեղության կանխավարկած» հասկացությունը, չգիտի, որ չի կարելի լրագրողական նյութում ասել «հանցագործությունը բացահայտված է», չի կարելի գրել բաներ, որոնք ակնհայտորեն բացասական լույսի տակ են ներկայացնում կոնֆլիկտի մի կողմին (սա կոչվում է կողմնակալություն), չգիտի էլի բաներ (գուցե պետք է սովորեցնել), բայց մի՞ թե մարդիկ, ովքեր լրատվամիջոց են ղեկավարում կամ պատասխանատու են լուրերի համար, չպետք է իմանան սա, եւ մի՞ թե չպետք է խմբագրեն՝ բացառելով օրենքի եւ տարրական լրագրողական էթիկայի խախտումները:

Դիմենք ՀՀ Սահմանադրությանը.

Հոդված 21. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իսկ հիմա հարց. մեղադրե՞նք Շամշյանին, որ նա, առանց գիտակցելու եւ չտիրապետելով տարրական գիտելիքների, նման տեղեկություններ է տարածում, երբ անմեղության կանխավարկածը խախտվում է, ընդ որում՝ անընդհատ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության բազմաթիվ հաղորդագրություներում ու պատրաստած տեսանյութերում: Բացեք ՀՀ ոստիկանության կայքը, կարդացեք «հանցագործությունների բացահայտված լինելու» մասին նյութերը, դիտեք տեսանյութերը եւ ինքներդ կհամոզվեք:

Ահա, ընդամենը մեկ տեսանյութի օրինակով դա ցույց տանք` «Ովքե՞ր են չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները. նոր բացահայտումներ»:

… Խոսում է ոստիկանության սպան, նայեք 1-ին րոպեից. «…գումարը հափշտակվել է մարզպետարանի նշված անձանց կողմից…»:

Հավանաբար իրավաբանական կրթություն ունեցող պարոն սպա, հափշտակվել, թե չի հափշտակվել, կարող է որոշվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, դուք առավելագույնը կարող եք ասել, որ նրանք կասկածվում են այդ հափշտակությունը կատարելու մեջ:

Նայենք այս տեսանյութը մինչեւ վերջ. ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության աշխատակից՝ հաղորդումը պատրաստած անձն է հիմա էլ ասում (նայեք 4 րոպե 15 վայրկյանից) «…կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու, վարկառուների վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ…», ապա շարունակում է դատավճիռ հիշեցնող մեղադրանքների շարքը՝ իբրեւ ապացուցված փաստ:

Ցանկացած նորմալ երկրում այն անձինք, ում հասցեին նման դատավճիռ է կարդում ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության աշխատակիցը, դատ կբացեին եւ հաստատ կշահեին այդ դատը՝ իրենց անմեղության կանխավարկածը խախտված լինելու հիմքով: Սակայն մեզանում, ցավոք, նման պրակտիկայի ես դեռ չեմ հանդիպել:

Վերը բերված տեսանյութը ոչ միայն օրենքի, այլեւ տարրական էթիկայի կանոնների խախտումներ ունի իր մեջ. հենց միայն այն, որ միանգամայն կողմնակալ, միայն ոստիկանության տեսակետը ներկայացնող այս նյութում ցուցադրվում են մարդկանց դեմքերը, լուսանկարները եւ այլն, տեսանյութը պատրաստած անձանց՝ պրոֆեսիոնալ լրագրության տարրական կանոններին տիրապետելու վերաբերյալ կասկածներ է հարուցում:

Իսկ ամենից ցավալին այն է, որ նման նյութերը ցուցադրվում ու տիրաժավորվում են հանրային եւ այլ հեռուստաալիքներով:

Այսքանից հետո հավելեմ միայն՝ եթե հնարավորություն ունեք, նայեք, ասենք, Եվրոնյուզի վերջին օրերի ռեպորտաժները Լոնդոնում մի զինվորականի սպանության կասկածանքով ձերբակալվածների մասին: Որեւէ նյութում դուք չեք լսի «հանցագործները», «մարդասպանները» եւ նման այլ բառեր, անընդհատ նշվում է «սպանության մեջ կասկածվողները…» :

Սովորեք, պարոնայք, երբեք ուշ չէ:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *