2013.06.04,

Քննադատ

Ինչ պատմեց հեռուստացույցը Սուրիկ Խաչատրյանի մասին

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանությամբ ավարտված  փոխհրաձգության պատմության մասին նոր լուրերի ու հատկապես քննարկումների հիմնական հանրային տեղն ինտերնետն է: Եւ ինտերնետում քննարկումներն ինչ հունով էլ ընթանան, հիմնական հարցադրումների շուրջ համերաշխություն կա՝

  • Սուրիկ Խաչատրյանի անձը,
  • Պատճառները, մթնոլորտը, որ հնարավոր դարձրին փոխհրաձգությունը մարզի ղեկավարի տան մոտ,
  • Պատիժը, որ կստանա կամ չի ստանան Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին:

Գորիսի դեպքերը նաեւ հեռուստատեսային եթերում են: Բայց այստեղ ավելի գերիշխում են պաշտոնական տեսակետները, պրեսռելիզային լրագրությունը: Հաղորդում են լուրը, իսկ քննարկում առանձնապես չկա:

Ասածիս գլխավոր բացառությունը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն էր:

«Երկիրն այսօր»-ի «Չպատժվող ոճիր» վերնագրված ռեպորտաժում մանրամասն պատմեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սկանդալային կենսագրությունը՝ ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը ծեծել որդու հետ կոնֆլիկտ ունեցած մի տղայի: Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղաների կողմից դաժան սպանության, մարզպետի եղբոր կողմից բռնաբարության փորձի մասին: Նաեւ 2011-ի պատմությունը, երբ Սուրիկ Խաչատրյանը «Մարիոտ» հյուրանոցում հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին:

Այս սյուժեում նաեւ Սուրիկ Խաչատրյանի արդեն ձերբակալված թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի՝ նախկինում անպատիժ մնացած հանցանքների մասին պատմեցին:

«Երկիրն այսօր»-ի եթերում Գորիսի դեպքերին նաեւ քաղաքական ուժերի ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գնահատականները կային:

«Երկիր Մեդիա»-ի եթերում օրվա հարցազրույցն էլ Գորիսում կրակոցների մասին էր:  Արթուր Կիրակոսյանը զրուցում էր Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ:

Ընդհանրապես, սպասելի էր, որ հեռուստատեսային ալիքներ եթերում հիմնական հարցազրույցային ժանրի հաղորդումներում կլինի Գորիսի կրակոցների թեման: Բայց ոչ:

«Կենտրոն»-ի «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղիակ Պետրոս Ղազարյանն ասաց, որ կսպասեն, որ իրադարձությունները զարգանան եւ Սուրիկ Խաչատրյանին ու կրակոցները կքննարկեն վաղը: «Ուրվագծի» այդ օրվա եթերում թեման Թուրքիայի #occupygezi շարժումն էր:

«Հ1»- «Հարցազրույց»-ի եթերում Նվեր Մնացականյանի հյուրը ՀՀ պաշտպանության նախարարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն էր, թեման՝ գարնանային զորակոչը:

«Արմնյուզ»-ի «Բանաձեւ»-ում Արտակ Ալեքսանյանը զրուցում էր աշխարհահռչակ ստամբուլաբնակ լուսանկարիչ Արա Գյուլերի հետ:

«Արմնյուզ»-ի լուրերը, որ Գորիսում սպանության լուրը կիրակի օրը հեռուստատեսային եթերում առաջինը ներկայացնողներից էր, նոր մանրամասներ հաղորդեցին, բայց ոչ ավելին, քան պաշտոնական լրահոսը: Սեղմ, պաշտոնական, հնարավորինս պարզ, բայց առանց կենդանի խոսքի (հեռուստատեսային լեզվով՝ սինխրոնի): «Արմնյուզ»-ի եթերում նաեւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի բանավոր կարճ մեկնաբանությունն էր Սուրիկ Խաչատրյանի մասին՝ «ոչ մի թաց մարդ ջրից չոր դուրս չի գա»:

«հ2»-ի «Լրաբեր»-ը ներկայացրեց Գորիսում սեփական թղթակցի ռեպորտաժը: Ու տեղում աշխատող լրագրողը նոր մանրամասներ պատմեց: Նա կարողացել էր զրուցել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի հետ: Կինը պատմել էր կրակոցների մասին, իսկ մարզպետն ասել էր, որ ժամը 22-ից քնած է եղել, կրակոցները չի լսել: «Սյունիքի մարզպետը տեղեկացրեց, որ տեսախցիկներն այդ ամբողջ միջադեպը ֆիքսել են եւ ինքը հնարավորինս ամեն ինչ կանի, որ հետաքաննությունից հետո ձայնագրություններն ամբողջությամբ ներկայացվեն հանրությանը»,- պատմում էր Արեւիկ Աբելյանը Գորիսից:

Մյուս բոլոր հեռուստատեսային ալիքների նորությունների թողարկումներում պատկերը գրեթե նույնն էր՝ դեպքի նկարագրություն, Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը, Արման Սաղաթելյանի մեկնաբանությունը:

Հեռուստացույց դիտողը կտեղեկանար լուրին, սակայն դեպքի նախապատմությանը, ինտերնետում արդեն հասանելի մանրամասների կամ քննարկումների համար դեռ պետք է սպասի:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *