«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին, որն այս տարի կայանալու է շվեդական Մալմյո քաղաքում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գործուղել է «Դորիանս» ռոք խմբին:
Մայիսի 16-ին` մրցույթի երկրորդ եզրափակչի օրը «Դորիանսի» մենակատար Գոռ Սուջյանը կատարելու է «Lonely planet»՝ «Միայնակ մոլորակ» բալադը:
Արդեն ութերորդ տարին է, ինչ «Հ1»-ը համագործակցում է Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) հետ ու, որպես կանոն, մեծ շուքով, գովազդային աժիոտաժով ու ծախսատար նախապատրաստումներով Եվրոպայի քաղաքներ է ուղարկում հայաստանյան երգիչների ու նրանց ուղեկցողների պատվիրակությունները:
Այս տարի պատկերը փոքր-ինչ այլ է: Տպավորություն է, որ «Հ1»-ը բավական զուսպ, եթե չասենք՝ անտարբեր է իր ընտրյալի հանդեպ: Համենայնդեպս, լրահոսում ու տարբեր սոցիալական հարթակներում «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակիցը հիշատակվում ու աջակցություն է ստանում ոչ այնքան «Հ1»-ից, որքան այլ մեդիա հարթակներից:
«Հ1»-ի կայքում, օրինակ, քիչ բան է հուշում ընդամենը մեկ օր անց կայանալիք «Եվրատեսիլ»-ի մրցույթի մասին: «Նորություններ» բաժնում բացակայում են թարմ լուրերը, Շվեդիայում խմբի տված ասուլիսներից հատվածները, շրջագայությունների մասին տեղեկատվությունը: Անգամ լուսանկարներ եւ փորձերի տեսագրություններ չկան, որոնք արդեն մի քանի օր է՝ տեղադրված են «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում:
Զարմանալի պասիվ է նաեւ «Հ1»-ի ֆեյսբուքյան էջը, որտեղ հայաստանցի մասնակցի հետ առնչվող ֆոտոներն ու վիդեոները սակավ են: Էջի մոդերատորները նախընտրել են ի ցույց դնել այս տարվա մրցույթի խորհրդանիշը՝ գույնզգույն թիթեռը միայն:
Գոռ Սուջյանին սատարելու կոչով սփյուռքահայերին է դիմել ՀՀ Սփյուռքի նախարարը՝ հույս հայտնելով, որ «երկնակամարում կծածանվի մեր հաղթական եռագույնը, եւ հայ ժողովուրդը… կըմբոշխնի հպարտության բերկրանքը»:
Եթե հաշվի չառնենք այս վեհաշուք ուղերձը, ապա «Եվրատեսիլ»-ի մասնակցի հանդեպ նման ոչ աժիոտաժային մոտեցում է նկատվում, ինչը կարող է պայմանավորված լիներ վերջերս «Հ1»-ում տեղի ունեցած վերադասավորումներով ու նոր նշանակումներով:
Ասենք՝ «Հ1»-ի խորհրդի հին եւ նորընտիր նախագահների ճաշակների եւ սկզբունքների տարբերություններով: Գոռ Սուջյանը փակ քվեարկությամբ ընտրվել է դեռ նախկին խորհդի նախագահ Ալեքսան Հարությունյանի օրոք, իսկ մեկնել ու պատրաստվում է ելույթի արդեն նոր նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամանակ:
Սրանք, իհարկե, ենթադրություններն են, սակայն փաստ է, որ «Դորիանս» խումբն ու Գոռ Սուջյանը անսովոր պասիվ մեդիա աջակցության են արժանացել:
Ի տարբերություն եթերում հաճախ երեւացող, տարբեր տոնական միջոցառումներին (հարսանիքներին, հավաքույթներին) մասնկացող փոփ-կատարողների՝ Գոռ Սուջյանը քիչ ծանոթ է հայ հանդիսատեսին եւ իր խառնվածքով ոչ այնքան հանրային, որքան ինքնամփոփ երիտասարդ է: Նա ունի բնատուր վոկալային տվյալներ եւ չի հավակնում լինել տարբեր հեռուստա– եւ ռադիո թոփ տասնյակների հավերժ մասնակիցը:
Եվ, թերեւս, նա միակ երգիչն է, ում մասնակցությունը «Եվրատեսիլ»-ին առարկություն ու չարախնդություն չի առաջացնում: Շոու բիզնեսի մարդիկ սովորաբար խանդով են հետեւում իրենց գործընկերների հաջողություններին, սակայն Գոռ Սուջյանի դեպքում այդպես չէ:
Նրան հարգում են երաժիշտները, քանի որ նա ոչ միայն ուրույն կատարողական ոճ ունի (հուզառատ ու մի քիչ էլ նյարդային), այլեւ ազնիվ երաժիշտ է: Ինչը շատ թանկ հատկանիշ է, որը թույլ է տալիս, բարձրախոսին մոտենալով, կատարել երգերը ոչ թե մշակված տեխնիկական հնարքներով, այլ ներքինով:
«Lonely planet» երգը Գոռ Սուջյանին է տրամադրել (նրա մենեջեր Արա Թադեւոսյանի ջանքերով) լեգենդար Black Sabbath մետալ-ռոք խմբի հիմնադիր եւ կիթառահար Թոնի Այոմին: Երգը գրվել է 5 տարի առաջ, երբ Թոնի Այոմին ծանր հիվանդ էր:
Նա Օզի Օսբոռնի եւ այլ հայտի երաժիշտների հետ նոր ձայնասկավառակ էր ձայնագրում եւ զուգահեռ քաղցկեղի բուժում ստանում: Արդյունքում ստացվեց այս մեղեդային ու պարզ բալադը, որը թեեւ հզոր ներքին ունեցող Գոռ Սուջյանի ոչ բոլոր շահեկան կողմներն է բացահայտում, սակայն թույլ է տալիս զուսպ ու օրիգինալ կատարում ապահովել:
Այս տարի մեր մասնակիցը բեմ կբարձրանա առանց պարային, լուսային եւ այլ դեկորատիվ էֆեկտների: Հայտնի է, որ ֆինանսական ապահովումն այս տարի բավական նվազել է: Եվ որքան էլ տարօրինակ թվա, դա կարող է նպաստել հաջող ելույթին:
Միշտ էլ հետաքրքիր է բեմում տեսնել ու լսել «մերկ», լուսարձակների շողերի, ագրեսիվ շպարի ու կուժերով պարուհիների թիկունքում չթաքնվող կատարողների: Մինիմալիստական լուծումները հաճախ առավելություն են, եթե երգիչը իրոք երգել գիտե, իսկ երաժիշտները՝ նվագել:
Հայաստանը համեստ ու շնորհալի երիտասարդ Գոռ Սուջյանի վրա շատ փող ու եռանդ չի ծախսել, եւ տարբեր հովանավորներ նույնպես առանձնապես չեն ոգեւորված նրա կերպարով (շատերին նա անհասկանալի է թվում ու չի տեղավորվում իրենց իմացած երգիչների շրջանակներում):
Այնպես, ինչպես, թերեւս, մեր իրականության մեջ ցանկացած նորմալ ու անհավակնոտ երեւույթ կամ մարդ, որը չի շտապում հայտարարել, որ վեհ է պահելու ազգի պատիվն ու երազում է դրոշի ծածանման մասին: Այլ փոխարենը անում է իր գործը՝ գիտակցելով, որ «Եվրատեսիլ»-ն, ի վերջո, ռազմի դաշտ չէ, այլ բավական թույլ երգերի մրցույթ:
Սա այն դեպքն է, երբ արժե իրականում սատարել Գոռ Սուջյանին՝ ինքնամփոփ ու ինքնաբավ երաժշտին, ում առջեւ կարող է նոր ճամփա բացվել:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: