2013.05.14,

Քննադատ

Օնլայն մեդիան եւ մոռացվելու իրավունքը

Կա մի դեպք, որի մասին շատ եմ ուզում իմանան Գագիկ Շամշյանն ու ավտովթարների մասին ինֆորմացիա հրապարակող հայկական լրատվական կայքերը: Խոսքը ամենայն օպերատիվությամբ ու անհատների ինքնությունը բացահայտող (personally identifiable information) լուսանկարներով հարյուրավոր հրապարակումների մասին է:

2006 թվականին Նիկի անունով 18-ամյա մի աղջիկ վթարի է ենթարկվում «California» մայրուղու վրա եւ տեղում մահանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները իրավիճակը փաստաթղթավորելու համար լուսանկարում են անճանաչելության աստիճանի այլանդակված աղջկա մարմինը եւ էլ.փոստով ուղարկում օրվա դիսպետչերներին: Ավելի ուշ պարզվում է, որ դիսպետչերներն էլ իրենց անձնական էլ.փոստի հասցեին են ուղարկել նկարները` ծանոթներին ցույց տալու համար:

Ապա լուսանկարները տեղ են գտնում մի սիրողական լրատվական կայքում ու ազատ համացանցի կանոններով՝ արտատպվում հազարավոր կայքերում: Աղջկա ընտանիքը դատական հայցով [1] պահանջում է ջնջել լուսանկարները սերվերներից: Հայցը բավարարվում է: Սակայն այսօր Google-ը աղջկա անուն ազգանունով մինչեւ 1,5 մլն որոնման արդյունք է ցույց տալիս, այդ թվում՝ նաեւ նշյալ սարսափելի լուսանկարները… Ինչու՞…

Վեբ 2.0-ը երբեք ոչինչ չի մոռանում

Վեբ 2.0-ը հեռախոսով ինտերնետին միացված քաղաքացիներին ցանկացած բովանդակություն վայրկենապես հրապարակելու հնարավորությամբ զինեց: Հրաշալի է: Այն նաեւ օնլայն լրատվամիջոցներին տեքստերի, լուսանկարների եւ վիդեոյի անսահմանափակ տարածք տրամադրեց: Նույնպես հրաշալի է (ասում եմ առանց մի կաթիլ հեգնանքի):

Իսկ հիմա կարեւորը. վեբ 2.0-ը բոլորին բերեց հրապարակման մի հարթակ, որտեղ երբեք ոչինչ չի մոռացվում: Ի՞նչ է փոխում այս հանգամանքը…

Եթե ավտովթարների մասին լուրերը կարճ տեքստերով ու միջինում մեկ լուսանկարով նախկինում տեղ էին գտնում տեղական թերթերում ու որոշ ժամանակ անց ավտոմատ կերպով արխիվացվում (իհարկե, ոչ իսպառ անհետանում), ապա այսօր ցանկացած քաղաքացու մասին մեդիայում երբեւէ հայտնված ցանկացած լուր միայն մի քլիքով հասանելի է բոլորին, ընդ որում՝ ոչ միայն հրապարակման առաջին աղբյուրի միջոցով, այլեւ հազարավոր արտատպումների ու կայքերի հայելային տարբերակների:

Փորձը ցույց է տալիս, որ եթե առաջնային հրապարակման մեջ անճշտություններ են եղել (անգամ սխալ անուն ու հիշատակում), որոնք հետագայում փոփոխվել են, արտատպված տարբերակներում սովորաբար մնում են առաջնային տեքստերը:

Ի հավելումն՝ եթե անգամ տեքստն ու լուսանկարը ամբողջապես հեռացվում են աղբյուրից, դրանք շարունակում են հասանելի մնալ որոնման համակարգերի սերվերներում եւ երեւում որոնման հարցման դեպքում:

Ստացվում է` անգամ մեկ մեդիա հրապարակմամբ, առավելեւս՝ անճշտություններով հրապարակմամբ, մենք կարող ենք մեկընդմիշտ ազդել որեւէ մարդու ու նրա հետ կապ ունեցող անձանց ճակատագրերի վրա: Կրկնում եմ՝ մեկընդմիշտ, ինչի ականատեսն ենք նշածս ավտովթարի դեպքում…

Չորրորդ իշխանություն քաղաքացիների գլխի՞ն

Մարդկության պատմության մեջ «հիշելը» միշտ էլ խնդիր է եղել [2]հետեւաբար անհատների եւ հավաքական սոցիումի մակարդակով ընտրություն է արվել հիշելու «կարեւորը»: Ու հենց որոշ բաներ դուրս թողնելու/մոռանալու հիման վրա է կառուցված ներկայիս հասարակական համակարգը, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց փոխվելու, «սխալներ» ուղղելու, ավելի «լավը» լինելու նշածս բառերի ամենատարածված իմաստով` պարզապես որոշ ժամանակ անց «մոռանալով» որոշ արարքներ:

delete

Լուսանկարը՝ Միքսի Լորենցոյի

Այսօր օնլայն մեդիան` չորրորդ իշխանությունը, ֆունկցիոնալ առումով սկսում է վերածվել մի համակարգի, որն ի հավելումն մասնավոր կյանքի հսկողության` անվտանգության մարմինների կողմից, կոմերցիոն հսկողության` քարտային գործարքների միջոցով, հանրային գոտիների հսկողության՝ խանութներում, օդանավակայաններում, հյուրանոցներում, այլուր տեղադրված տեսախցիկների միջոցով, հսկում է քաղաքացիների կյանքի` նշածս համակարգերի աչքից դուրս մնացած հատվածն ու օպերատիվության անվան տակ հրապարակում երբեք ոչինչ չմոռացող տիրույթում:

Իհարկե, ապացուցված փաստ է, որ վատ լուրը ավելի պահանջված է, քան լավը [3]հետեւաբար Շամշյանի ավտովթարի մասին հրապարակումը, որը ներառում է վարորդի ինքնությունը, ընդհուպ՝ մինչեւ մեքենայի պետհամարանիշները, բավարարում է որոշ զանգվածների հասարակական հետաքրքրությունը, ինչը կարեւոր մեդիա ֆունկցիա է:

Այնուամենայնիվ, ավելի կարեւոր է հասկանալ, թե ինֆորմացիայի ազատ տարածման եւ հասարակական հետաքրքրության ո՞ր սահմանի մասին կարող ենք խոսել, երբ «անձնական կյանքի գաղտնիության իրավունքը» (privacy) բարդանում է ամեն ինչ հիշող համացացնում:

Օնլայն մեդիան ի շահ մարդկա՞նց, թե՞ մարդկանց վնասելու համար

Իհարկե, այստեղ երկար ու հանգամանալից ճառեր կարելի է ասել էթիկայի մասին ու հիշեցնել մեդիայի առաջնային ֆունկցիան՝ ծառայել հասարակության անդամներին, այլ ոչ թե աշխատել նրանց դեմ: Այնուամենայնիվ, ԵՄ-ը որոշել է գործնական լուծում տալ հարցին, ինչը լավագույն սցենարով զարգանալու դեպքում գուցե եւ լավ կլինի, եթե ազդի հայաստանյան օնլայն դաշտի վրա եւս:

Այսպես, 2012-ի հունվարին ԵՄ Արդարության, հիմնարար իրավունքների եւ քաղաքացիության հանձնաժողովը ներկայացրեց Մոռացվելու իրավունքը օրենքի նախագիծը [4], որը սկզբունքային ու տեխնոլոգիական լուծումներով փորձում է կարգավորել անհատների անձնական կյանքի գաղտնիության եւ ինֆորմացիայի հավաքագրման ու տարածման ազատության խնդիրները Վեբ 2.0 համացանցի պարագայում:

Գուցե ժամանակի ընթացքում մարդիկ սովորեն ապրել ամեն ինչ հիշող համացանցի ու իրենց «հսկող» լրատվամիջոցների հետ, պարզապես վատ չէր լինի, որ բառիս բուն իմաստով գրաքննեն իրենց: Ինչ էլ լինի, օնլայն մեդիայի ներկայացուցիչները անընդհատ պետք է իրենց հարց տան` աշխատում են ի շահ մարդկա՞նց, թե՞ մարդկանց վնասելու համար…

Շուշան Հարությունյան

[1] Նիկոլ/Նիկի Քեյթսուրաս հայց (“Nicole/Nikki Catsouras” lawsuit ) – ակտիվ հղում միտումնավոր չեմ դնում բովանդակության ոչ միանշանակության պատճառով: Խնդրում եմ նշված բառով որոնում կատարեն միայն չափահաս ու քիչ զգայական մարդիկ:

[2] Վիկտոր Մայեր-Շոնբերգեր, «Ջնջել. մոռանալու կարեւորությունը թվային դարում», Փրինստոն Համալսարանի հրատարակչություն, 2010թ (Viktor Mayer-Schönberger, “Delete: The Virtue of Forgetting in the Digital Age”, Princeton University Press 2010):

[3] Ռեյ Վիլիամս, «Ինչու ենք մենք սիրում վատ նորություններ», Psychology Today, 2010թ (Ray Williams, “Why we love bad news”, Psychology Today, 2010):

[4] Ջեֆրի Ռոզեն, «Մոռացվելու իրավունքը», Stanford Law Review, 2013թ (Jeffrey Rosen, “The Right to Be Forgotten”, Stanford Law Review, 2013): 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *