2013.04.12,

Քննադատ

Գրական հաղթանակներ

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպի մասին մեր խոսակցությունը բավական երկարեց: Իմ բացած խոսակցությունն ավելի շատ հայերի ու ադրբեջանցիների հակամարտությանն էր վերաբերում, քան Այլիսլիի վեպին, որից ընդամենն այն մասերն եմ կարդացել, որոնք թարգմանվել եւ արդեն տպագրվել են մեր մամուլում: Բարձրացրածս հարցերը միանգամայն նոր են, եւ, չնայած դրանք մեր մտքում միշտ էլ գոյություն ունեին ու կային, այդուհանդերձ, գրավոր ու հրապարակային տեսք են ստանում Աքրամ Այլիսլիի եւ իր վեպի առիթով:

Եվ բնավ էլ էն կարծիքին չեմ, թե իմ տեսակետն ու կարծիքն անվիճելի ու վերջնական են, եւ Այլիսլիին նվիրված առաջին հոդվածիս առթիվ Տիգրան Շահբազյանի մեկնաբանությունն էլ է դրա վկայությունը (Հարգելի Արմեն Շեկոյան, իսկ ո՞ւր է այժմ այն մզկիթը, որի մասին դուք գրում եք):

Շնորհակալությունս հայտնելով Տիգրան Շահբազյանին` գրածս լրջորեն կարդալու եւ ասածներիս լուրջ վերաբերվելու համար, ինչպես նաեւ իր հարցի տեղինության ու սրամտության համար, այնուամենայնիվ, կփորձեմ իմ ու Տիգրանի հայրենակիցների անունից արդարանալ եւ ասել, որ Երեւանի Նարիմանովի փողոցի վրա գտնվող ադրբեջանական մզկիթը վերացվել է ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով, այլ այն նույն պատճառով, որ պատճառով, որ Երեւանի կենտրոնից վերացվեցին ռուսական եւ հայկական մի շարք եկեղեցիներ, որոնք, մեղմ ասած, մշակութային առումով պակաս արժեք չէին, քան ադրբեջանական այդ «մեչիդը»:

Ինքս ազգայնամոլական սնապարծությամբ տառապողներից չեմ, եւ միգուցե դա է պատճառը, որ խորապես եմ ընկալում Տիգրան Շահբազյանի կողմից ինձ ուղղված` մասամբ նաեւ հռետորական հարցի էությունը, տեղինությունը եւ նույնիսկ անհրաժեշտությունը, եւ Տիգրանի կողմից ինձ հղված հռետորական հարցի էությունն ու առկայությունն էլ են ապացույց, որ մենք ծայրաստիճան հանդուրժող ենք` մանավանդ օտարների նկատմամբ, եւ հարկ եղած դեպքերում նաեւ ինքնազննող ու ինքնախարազանող ենք: 

Եվ Տիգրան Շահբազյանի` ինձ հղած հռետորական հարցն ինձ համար ավելին է, քան Այլիսլիին ու իր վեպին նվիրված եւ այս օրերին մեր մամուլում տեղ գտած շատ ու շատ հրապարակումներ, որովհետեւ Տիգրանի` ինձ հղած հռետորական հարցն իր տարողությամբ պարունակում է բացարձակ ճշմարտության եւ բացարձակ արդարամտության ձգտում ու փնտրտուք, այսինքն՝ այն, ինչը ես Այլիսլիին էի վերագրում եւ շարունակում եմ վերագրել:

Թող կարծիք չստեղծվի, թե Այլիսլիին ու իր վեպին առնչվող էս շարունակվող նյութս Տիգրան Շահբազյանի մեկնաբանության ու հարցադրման պատճառով շարունակեցի: Ընդհակառակը, ես սկսածս նույն ոգեւորությամբ շարունակելու էի, բայց Տիգրանի հնչեցրած մեկնաբանությունն ու հռետորական հարցն ինձ միանգամայն այլ ուղղություն հուշեցին ու պարտադրեցին, ընդ որում` շատ ավելի ճշմարիտ ու գերադասելի ուղղություն, եւ եթե այս ուղղությամբ ընթանանք ու առաջանանք, միգուցե հետագայում Մինսկի եւ այլ խմբերի հաշտարարության անհրաժեշտությունն էլ չզգացվի: Եթե, իհարկե, երկուստեք ընթանանք ու առաջանանք մենք եւ ադրբեջանցիները:

Լավատեսությանս հիմքը ոչ միայն Այլիսլիի եւ իր վեպի գոյության փաստն է, այլեւ այն տեղեկատվությունը, որ Բաքվում գտնվել են մտավորականներ, որոնք ոչ միայն չեն քարկոծում Այլիսլիին, այլեւ սատարում են նրան: Քանակով շատ չեն, բայց կան:

Իմիջիայլոց, էդպիսիք Թուրքիայում ավելի շատ են: Համոզված եմ, որ մոտ ապագայում դրանց թիվը կտրուկ կավելանա թե՛ Ադրբեջանում, եւ թե՛ Թուրքիայում, եւ, իհարկե, մանավանդ Հայաստանում, եւ ցանկալի է, որ Այլիսլին ու իր վեպը մեզանում ճիշտ եւ համակողմանիորեն արժեքավորվեն ու գնահատվեն, այլ ոչ թե մեզանում ազգային գերարժեքության բարդույթի պատճառ հանդիսանան, որովհետեւ մեծ հաշվով Այլիսլիի ընդվզումը ոչ թե իր ժողովրդի դեմ է, այլ պատերազմի եւ երկու հարեւան ժողովուրդների կույր ու անհեռանկար հակամարտության դեմ, եւ այս պարագայում արդեն կարեւորը ոչ էնքան Այլիսլին ու իր վեպն են, այլ մեր վերաբերմունքը իր ու իր վեպի առնչությամբ:

Արմեն Շեկոյան

Հ.Գ. Մեզանում եւ այլուր արդեն շատ էր խոսվում այն մասին, որ ժամանակակից աշխարհում արվեստի ու մանավանդ գեղարվեստական գրականության նշանակությունն ու ազդեցությունը կտրուկ նվազել են: Ցավոք սրտի, ինքս էլ եմ էդ կարգի խոսակցություններին տուրք տվել: Բարեբախտաբար, Օրհան Փամուկն ու Աքրամ Այլիսլին հակառակն ապացուցեցին: Երկուսն էլ հայերիս առիթով եւ ի տես հայերի ու բոլորի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *