2013թ.-ի նախագահական ընտրությունների օրվանից սկսած Հայաստանում ձեւավորվեց իսկական ինտերնետային հեռուստատեսություն եւ ինտերնետային հեռուստատեսությունների մրցակցային շուկա:
Խոսքը միայն լսարանի աճի կամ թվային լեզվով ասած՝ ինտերնետում ուղիղ եթեր դիտողների մասին չէ: Ինտերնետային հեռուստատեսության հարթակում կայացող կայքերը լրացնում են հեռուստատեսային եթերում հաճախ չհերիքող քննարկումներն ու իրավիճակային վերլուծությունները:
Մինչեւ այս ընտրությունները Հայաստանում ինտերնետային ուղիղ հեռարձակումը առաջին հերթին ասոցիացնում էին հանրահավաքների հետ: ՀԱԿ-ը հերթական հանրահավաքն էր անում, կարելի էր չգնալ Ազատության կամ Մատենադարանի հրապարակ եւ իրադարձությունների օնլայն հետեւել համակարգչի առջեւ նստած:
2013-ի փետրվարի հետընտրական զարգացումները ինտերնետում ուղիղ հեռարձակման համար ավելի լայն դռներ բացեցին: Միանգամից մի քանի կայքերում կարելի է հետեւել ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, բարեւարշավին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսն ու դրա շուրջ սկանդալին:
Շատերն են տեսել կադրերը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ երեւույթին, մարզերում հանրահավաքային ալիքի ազդեցությամբ փորձում էր վերցնել CivilNet-ի խոսափողը եւ ուղիղ եթեր դուրս գալ: CivilNet-ի մեկնաբան Թաթուլ Հակոբյանը միջամտեց՝ «Պարոն Հովհաննիսյան, բայց արդեն խանգարում եք մեզ աշխատել»: Պարոն Հովհաննիսյանն էլ ներողություն խնդրեց ու շարունակեց իր բարեւարշավը:
Այս դեպքը բավական ճշգրիտ է արտացոլում իրավիճակը, որը կա ինտերնետային հեռուստատեսության զարգացման այս փուլում: Քաղաքական, հրապարակային գործունեությունն ավելի ու ավելի թափանցիկ է դառնում: Ողջ հետընտրական գործընթացն, ըստ էության, մի ամբողջական ռեալիթի շոու է ինտերնետային եթերում: Քաղաքական գործիչը, ոստիկանը եւ ինքը՝ լրագրողը ուղիղ եթերում են, եւ սա նոր իրավիճակ է Հայաստանի համար:
Ու այստեղ նաեւ որակական տարր է ավելացել: Միայն առանց մեկնաբանության հեռարձակումը չէ: Կայքերի լրագրողներն աշխատում են տեղում, մեկնաբանում են, ուղիղ եթերում հարցազրույցներ են վարում:
Հանրահավաքն ավարտվե՞ց, ասուլիսը սկանդալայի՞ն էր, ԱԺ նախագահը խորհրդարանում ուշագրավ հայտարարությու՞ն է արել, դասադու՞լ է. ուղիղ եթերին կամ ձայնագրված սյուժեին հետեւում է ստուդիայում լրագրողների աշխատանքը:
Լրագրողները ուղիղ եթերում պատմում են կադրից դուրս մնացած մանրամասները, կայքերի ստուդիաներում վերլուծաբաններ են, հյուրեր, որոնք որակական հետաքրքիր քննարկումներով լրացնում են լուրերը: Միայն հանրահավաքի հեռարձակումը չէ, որ կայքին այցելու է բերում:
Ինտերնետում ուղիղ հեռարձակումը ավելի ու ավելի է արժանի դառնում հեռուստատեսություն կոչվելուն:
Եվ լսարանն էլ արդեն աստիճանաբար համապատասխանում է ոչ մեծ հեռուստակայանի լսարանին:
Հայաստանում ինտերնետային հեռուստատեսության դաշտում երեք ուժեղ խաղացող կա՝ «Ա1+»-ը, «Ազատություն» ռադիոկայանը, «CivilNet»-ը: Այս երեք ընկերությունները ինտերնետային ուղիղ եթերն ապահովում են տարբեր տեխնիկական միջոցներով եւ տարբեր հարթակներում: Նրանք սիրով մեզ տրամադրեցին հետըտրական շրջանում իրենց հեռարձակումների վերաբերյալ տվյալները:
«Ա1+»-ն հեռարձակման համար օգտագործում է livestream հարթակը: Հետընտրական շրջանում լսարանը տարբեր օրերի՝
20 փետրվարի, 2013 10.642 այցելու
22 փետրվարի, 2013 22.761 այցելու
25 փետրվարի, 2013 7.240 այցելու
«Ազատություն TV»-ն օգտագործում է ինտերնետային հեռարձակման սեփական համակարգ եւ հնարավորություն ունի չափել հեռարձակումների արդյունավետությունը շատ ավելի ճշգրիտ կերպով՝ հիմնվելով Google Analytics համակարգի վրա։
21 փետրվարի, 2013 27.370 այցելու
22 փետրվարի, 2013 47.005 այցելու
23 փետրվարի, 2013 49.394 այցելու
24 փետրվարի, 2013 59.065 այցելու
25 փետրվարի, 2013 44.860 այցելու
«CivilNet»-ն օգտագործում է ինտերնետային հեռարձակման ustream հարթակը: Այս կայքում հետընտրական շրջանի մասին այսպիսի վիճակագրություն է հասանելի:
Օրական այցելությունների միջին թիվը` 33 000
Օրվա ամենաթեժ ժամերի միջին թիվը` 8000
Գումարենք այս երեք հիմնական հեռարձակողների այցելությունների մասին միջին տվյալները: Կստացվի, որ Հայաստանում քաղաքական այս թեժ շրջանում օրական 85-90 հազար մարդ ինտերնետ TV է դիտում:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: