2013.02.01,

Քննադատ

Հայրիկյանի դեմ մահափորձի լուրը հեռուստաեթերում

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին լուրը տարածվեց տարբեր խողովակներով: Հայրիկյանի վրա կրակել էին հունվարի 31-ին 23:30-ի սահմաններում, երբ շատ խմբագրությունների եւ այնտեղ աշխատող լրագրողների համար աշխատանքային օրը մոտենում էր ավարտին:

Երեւանի կենտրոնում տեղի ունեցած այս արտակարգ դեպքի հետքերով դիտարկեցի, թե ինչպես են աշխատել հունվարի 31-ի գիշերից մինչեւ փետրվարի 1-ի վաղ առավոտյան յոթ հեռուստաընկերություններ՝ «Հ1»-ը, «հ2»-ը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր մեդիա»-ն եւ «Արմնյուզ»-ը:

Քանի որ հեռուստաընկերությունների աշխատանքին հետեւել եմ Ucom-ի «catch up»-ի՝ եթերի ձայնագրման ծառայության օգնությամբ, ներկայացնեմ հեռուստաընկերություններն՝ ըստ Ucom-ի հեռակառավարման վահանակի վրա իրենց դասավորվածության:

«Հ1»-ի եթերում Հայրիկյանի դեմ մահափորձի մասին հայտնեցին առավոտյան ժամը 8-ին «Առավոտ լուսո»-ի եթերում: Ժամը 9:00-ին «Առաջին լրատվականը» նաեւ ամփոփ ռեպորտաժ հեռարձակեց:

«հ2»-ի եթերը շուրջօրյա չէ, այն գիշերը 02:45-ից մինչեւ առավոտյան 07:45 ընդմիջվում է: Առավոտյան ժամը 8-ին «Լրաբեր»-ը ներկայացրեց փետրվարի 1-ին սպասվող իրադարձությունները՝ անոնսում նաեւ նշելով, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պատրաստվում է նախընտրական արշավի շրջանակներում այցելել Գառնի, Գողթ, Նուբարաշեն… Առավոտյան «Լրաբերը», բացի անոնսներից, նաեւ 2 մարզական լուր հեռարձակեց: Ըստ երեւույթին՝ ձայնագրված հաղորդում էր:

«Բարի լույս Հայաստան» առավոտյան ծրագիրը պետք է, որ ուղիղ եթերում հեռարձակվի, սակայն, միեւնույն է, Հայրիկյանի մասին լուրը դեռ «հ2»-ի եթերում չկար: Հայրիկյանի դեմ մահափորձի մասին «Լրաբեր»-ը հաղորդեց 09:55-ին: Ընդ որում՝ տեսանյութի վրա news.am-ի լոգոն էր:

«Շանթ»-ը Հայրիկյանի դեմ կրակոցներից մոտ մեկ ժամ անց վազող տողով հայտնեց լուրը՝ այն որակելով զինված հարձակում: Վազող տողը նաեւ հայտնում էր, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:

«Հորիզոն»-ի հատուկ թողարկումը եթերում էր գիշերվա 1-ի մոտակայքում: Տեղեկացրին դեպքի մասին, ուղիղ կապ հաստատեցին դեպքի վայրում եւ հիվանդանոցում աշխատող լրագրողների հետ:

«Արմենիա»-ի գիշերային եթերում Հայրիկյանի դեմ մահափորձի լուրը հայտնվեց վազող տողի տեսքով եւ բավական ուշ՝ առավոտյան 4-ի սահմաններում: «Ժամը»-ի գիշերային թողարկումները կրկնություն էին եւ հեռարձակվում էին առանց արդեն անցած օրվա ամենակարեւոր լուրի:

Առավոտյան 10:00-ին «Ժամ»-ը մահափորձի մասին լուր եւ տեսանյութ հաղորդեց: 10:20-ին «Բարի լույս, հայեր»-ի սկզբում էլ Գայանե Ասլամազյանը հեռուստադիտողներին տեղեկացրեց Հայրիկյանի հետ կատարվածի մասին:

«Կենտրոն»-ի գիշերային եթերում պարբերաբար «Էպիկենտրոն»-ի գլխավոր թողարկումների կրկնությունն էր՝ առանց Հայրիկյանի դեմ մահափորձի մասին լուրի: Միայն առավոտյան 9:30-ին հեռարձակվող «Էպիկենտրոն»-ը հաղորդեց լուրը եւ ներկայացրեց սեփական տեսանյութը:

«Երկիր մեդիա»-ն գիշերը հեռարձակվող «Մարի Անտուանետա» ֆիլմի ընթացքում վազող տողով հայտնեց, որ «Կրակել են Հայրիկյանի վրա» եւ «Երկիրն այսօր»-ի հատուկ թողարկում խոստացավ: «Երկիրն այսօր»-ն արտակարգ եթերում էր ժամը 1:00-ի սահմաններում:

«Արմնյուզ»-ի լուրերի եզրափակիչ թողարկումը մեկնարկում է կեսգիշերին: Մինչեւ թողարկման ավարտը հաղորդավար Վրույր Մկրտչյանը հասցրեց հաղորդել նախագահի թեկնածուի դեմ մահափորձի մասին՝ Գագիկ Շամշյանին հղում կատարելով:

Գիշերվա ընթացքում «Արմնյուզ»-ը, ինչպես նաեւ «Շանթ»-ն ու «Երկիր մեդիա»-ն հատուկ թողարկումներով պարբերաբար հաղորդում էին ԱԻՄ նախագահի դեմ մահափորձի, նրա առողջական վիճակի մասին, ներկայացնում էին քաղաքական, պետական գործիչների մեկնաբանությունները:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *