2012.09.12,

Քննադատ

Լրատվական սերիալներ

Չնայած հայ մտավորականների՝ ՀՀ նախագահին հասցեագրված նամակին եւ այն թեժ քննարկումներին, որ ընթացան այդ հարցի շուրջ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ անսերիալ կյանք չի սպառնում, քանի որ սերիալը հեռուստատեսության անբաժան մասն է, եւ իրերի այդ դրությունը ոչ միայն պահպանվելու է մոտ ապագայում, այլեւ ավելի է ամրապնդվելու՝ հատկապես այն պատճառով, որ հեռուստատեսությունը գնալով ավելի ու ավելի է թոթափում իր ուսերից տեղեկատվական գործառույթը՝ այն հանձնելով համացանցին, եւ գնալով ավելի ու ավելի է վերածվում ժամանցի կազմակերպման գործիքի։

Սերիալն անփոխարինելի է հեռուստատեսության համար առաջին հերթին սերիականության շնորհիվ՝ այն բանի, ինչը ստիպում է մարդուն ամեն օր միեւնույն ժամին միացնել հեռուստացույցը եւ դառնալ միանգամայն օտար ու մի բան էլ մտացածին մարդկանց կյանքի մասնակիցը։ Սերիականությունը ընդօրինակում եւ վերարտադրում է կյանքի ռիթմը՝ միանման օրեր, որ մեկը մյուսի կրկնությունն են թվում եւ այնուհանդերձ՝ աննշան փոփոխություններով, որոնք մեծ ու անշրջելի փոփոխությունների հույս են ներշնչում։ Պարբերական կրկնությունները հիվանդագին կախվածություն կարող են առաջացնել, եւ սերիալի անակնկալ ընդհատումը կամ սպասված սերիայի հեռարձակման անակնկալ խաթարումը կարող է անկախատեսելի հետեւանքներ ունենալ առողջության համար։

Սերիականությունը, սակայն, բնորոշ է ոչ միայն սերիալներին։ Այն հեռուստատեսության ազդեցիկ գործիքն է, որի օգնությամբ վերջինը դառնում է մեր կյանքի մասը։ Սերիականությունը սերտորեն կապված է  զանգվածային մշակույթի առաջացման եւ արվեստի վերարտադրելիության դարաշրջանի հետ եւ հնարավոր չէ պատկերացնել առանց տիրաժավորման եւ հեռարձակման տեխնոլոգիաների։ (Գուտենբերգյան հեղափոխությունից առաջ սերիականությունը կարող էր գոյություն ունենալ միայն ժողովրդական բանավոր մշակույթի մեջ՝ բերանացի փոխանցվող բանահյուսական տարբերակների տեսքով, բայց դա այլ բնույթի սերիականություն է՝ վարիատիվություն, որ դրսեւորվում է միեւնույն սյուժեի անվերջանալի իմպրովիզացիաների ձեւով)։

Սերիալների նախատիպեր են համարվում հայր Դյումայի վեպերը։ Նույն հաջողությամբ հեռուստասերիալի նախատիպ կարող է համարվել թերթոն-վեպը, հայկական իրականության մեջ՝ Երվանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունին»։ Ներկայումս այդ ավանդույթը փորձեց վերակենդանացնել Արմեն Շեկոյանը՝ «Առավոտ»-ում շարունակաբար տպագրվող «Հայկական ժամանակ»-ով, որը սպառնում է դառնալ ամենաերկար տպագիր սերիալը։ Մեկ այլ տպագիր սերիալ է Համբարձում Համբարձումյանի «Գոքորը»՝ 2010 թվին տպագրված «Հրապարակ» օրաթերթում։ Հետաքրքիր է, որ հեղինակն իր գրվածքն անվանել էր ոչ թե թերթոն-վեպ, այլ հենց սերիալ՝ դրանով արդեն իսկ ակնարկելով, որ գրվածքում օգտագործվում են հեռուստատեսային սերիալին բնորոշ հնարանքներ։ Հեռուստասերալի ժանրի հետ խաղի մեկ այլ օրինակ էլ նվաստիս «Մեղրամիս» բլոգասերիալը՝ շարունակաբար հրապարակվող անձնական բլոգում։ Ինչպես տեսնում ենք, հեռուստասերիալի առկայությունը կարող է նոր ժանրի ստեղծման պատճառ հանդիսանալ։

Այսպիսով, սերիականությունը բնորոշ է ոչ միայն հեռուստատեսությանը, բայց հենց վերջինս է, որ այն օգտագործում է ամբողջ թափով։ Հեռուստատեսությունն ինքնին հիմնված է սերիականության սկզբունքի վրա եւ դրանից դուրս չի կարող գոյություն ունենալ։ Ըստ էության՝ սերիալներ կարող են համարվել նաեւ տարատեսակ հաղորդաշարները, որոնք հեռուստասերիալի հետ ունեն մի շարք ընդհանություններ՝ սերիականություն, եթերաժամի պարբերականություն, հաճախականություն, որով ներխուժում են մեր կյանք։ Սերիալը հաղորդաշարից տարբերողը վավերագրական սկիզբն է։ Բայց ինչպե՞ս վերաբերվենք բազմաթիվ թոք-շոուներին, որ ներկայացնում են տարբեր հերոսների՝ իրենց խնդիրներով, սակայն այդ հերոսներին խաղում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր նախապես անգիր են անում սցենարները։ Ինչո՞վ սերիալ չէ, ասենք, «Արի ամուսնանանք» հաղորդաշարը։

Նույնը կարելի է ասել նաեւ հայկական լրատվական ծրագրերի մասին։ Անհեթեթ է թվում սերիալն ու լրատվական ծրագիրը համեմատելը, որովհետեւ մեկը հորինվածք է, մյուսը լրատվություն, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական լրատվական ծրագրերը զբաղված են իրականության կեղծարարությամբ եւ հիմնական գործառույթը, որ իրականացնում են, ոչ թե օպերատիվ ու անաչառ լրատվություն տրամադրելն է, այլ իրականության խմբագրված, գեղեցիկ, լուսավոր ու «ապրեցնող» կերպար ստեղծելը՝ այդքան տարբեր այն իրականությունից, որում ապրում ենք։  Այսինքն՝ կոմպենսացիոն գործառույթը, որի մասին մանրամասն խոսվել է։ Լրատվական սերիալներն իրենց գործող անձինք էլ  ունեն, իրենց հերոսները՝ պետական այրեր, քաղաքական գործիչներ, մտավորականության նեղ  ու փակ մի խումբ, հայտնի գործարարներ եւ այլն։ Երբեմն որոշ դերակատարներ փոխվում են, ոմանք մի որոշ ժամանակով անհետանում են՝ նորից վերադառնալու համար։ Հետեւաբար ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ հայկական լրատվական ծրագրերը ստեղծվում են որպես սերիալ եւ գործում են որպես սերիալ՝ շատ ավելի հաջող կատարելով սերիալի գործառույթները, քան հայկական սերիալների մեծ մասը։

Արփի Ոսկանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *