2012.06.14,

Քննադատ

Սերիալային փոխհարաբերություններ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Շանթ» հեռուստաընկերության նոր ձեռքբերումը՝ «Անծանոթը» բազմասերիանոց հեռուստանովելը, բավականին անսպասելի դիտանկյունից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում ու բուռն քննարկման արժանացավ: Սակայն պատճառը ոչ թե սերիալի նկարահանման որակը, ուղերձը կամ գեղարվեստական արժեքն էին, այլ սոսկ ծագումնաբանությունը:

Վերջերս մեկնարկած «Անծանոթն», ըստ էության, արդեն գոյություն ունեցող սերիալային ֆորմատի ադապտացված տարբերակն է, որը գրեթե նույնությամբ կրկնում է թուրքական արտադրության «Էզել» սերիալի սյուժետային գծերը, դիալոգները, միզանսցենները: Անգամ պերսոնաժների անուններն ու կեղծանուններն են ֆոնետիկորեն իրար նման: Այդ մասին հայաստանցիները տեղեկացան համացանցային աղբյուրներից, անդրադարձներ եղան բլոգներում, Ֆեյսբուքում:

Երկու սերիալների դրվագների հայելանման արտացոլումը փաստող մի հատուկ վիդեոշար պատրաստվեց ու արագորեն տարածվեց ցանցում: Ի դեպ, այդ ոչ սիրողական մակարդակ ունեցող վիդեոն մանրակրկիտ մոնտաժված էր, ինչը վկայում է, որ հեղինակները մեծ ծավալի աշխատանք են կատարել ու սերիալների դրվագները դիտելու համար շատ ժամանակ են ծախսել:

Հայկական ու թուրքական սերիալների նմանությունը չէր կարող ընդամենը զուգադիպություն լինել, եւ հարց ծագեց՝ ինչո՞ւ է հայաստանյան հեռուստաընկերությունը որպես սկզբնաղբյուր օգտագործել թուրքական սերիալը: Ընդ որում՝ այդ հարցը ոչ թե իրավաբանական (գրագողության) կամ ստեղծագործական (նկարահանումների, դերասանական խաղի եւ այլն) դաշտից էր, այլ էմոցիաների (ինչպե՞ս կարելի է թուրքերին կրկնօրինակել):

Թուրքականից կրկնօրինակված հայկական սերիալը որակվեց որպես «խայտառակություն» եւ պախարակման արժանացավ սոցցանցերում, այնուհետեւ էլեկտրոնային լրատվական կայքերում: Այդ բնույթի էմոցիաները սովորաբար հայրենասիրական կոչերից են ծնվում՝ դառնալով «Մերն ուրիշ է» սլոգանի յուրատեսակ վավերացումը:

Երբ «Անծանոթի» ու «Էզելի» նմանություններն այլեւս հնարավոր չէր անտեսել, եւ սերիալի դեմ ազգայինհայրենասիրական հնչերանգներ ունեցող գրոհ սկսվեց, «Շանթը» ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց, որով հերքում էր թուրքական սերիալի գնման փաստը՝ նշելով, որ «Անծանոթը» հեռուստասերիալը միջազգային ձեւաչափ է՝ հիմնված «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի մոտիվների վրա: Պարզաբանվում էր, որ «Շանթ» հեռուստաընկերությունը այդ  հեռուստանովելի նկարահանման արտոնագրերը գնել է շվեդական «Sparks Network» ընկերությունից: Ըստ «Շանթի»՝ միեւնույն ֆորմատով նկարահանած հեռուստասերիալների դեպքում նմանությունները նորմալ են:

Իհարկե, հեռուստատեսության ոլորտում գաղափարները, ֆորմատները, պատրաստի նախագծերը կամ դրանք ադապտացնելու իրավունքները անընդհատ գնվում ու վաճառվում են: Եվ այդ առումով «Շանթը» միջազգային պրոեկտները ձեռք բերող ու տեղայնացնող ամենահետեւողական ալիքներից է: «Շանթի» հաղորդումները աչքի են ընկնում ամուր կառուցվածքով, իսկ թարմ գաղափարների ու սցենարներների պակասն ալիքը լրացնում է ֆորմատների ձեռքբերմամբ, ինչը գրագետ մենեջմենթի ապացույց է (այլ հարց է, թե այդ ձեռքբերումները ինչպիսի ժանրերի նախագծեր են): 

Ի վերջո, «Շանթը» մասնավոր հեռուստաընկերություն է, որը որոշում է կայացրել ու արտադրանք է թողարկել: Սակայն ինչպես ապրանքի, այնպես էլ հեռուստասերիալի վրա պետք է նշված լինի տվյալ ապրանքի արտադրողը, ներմուծողը, պաշտոնական տարածողը: Եթե չեն նշվում, ապա միտումնավոր մոլորեցնում են գնորդին (դիտողին): «Անծանոթի» հետ կարծես հենց դա էլ տեղի է ունենում: Սերիալի ազդագրերում ոչինչ չի ասվում այն մասին, թե ում է պատկանում ֆորմատն ու ինչպիսի մասնակցություն ունի շվեդական կողմը (ֆորմատի վերավաճառո՞ղ է, թե՞ հեղինակ):

Իհարկե, ցանկացած հեռուստաընկերություն իր ներքին խոհանոցն ունի, որի բոլոր մանրամասներին սովորական դիտողը բնավ էլ չպիտի ծանոթ լինի:

Սակայն եթե «Անծանոթի» տիտրերում կարդում ես, որ սցենարի հեղինակը Էդուարդ Զորիկյանն է, ապա, վստահելով ալիքին,  կարող ես մոլորության մեջ հայտնվել, քանի որ այս հղումի պնդմամբ՝ «Էզելը» օրիգինալ սցենար ունի ու հենց նրա սցենարական քայլերն են կրկնօրինակվել «Անծանոթում»:

Այս պատմության մեջ սակայն շատերին հետարքրում է ոչ թե գրագողության լինելու կամ չլինելու, այլ հենց թուրքականից փոխառելու (կամ գնելու) հարցը: Եվ «Շանթը» խուսափելով ընդունել «Էզելի» ու «Անծանոթի» ներքին կապը՝ էլ ավելի է լարում իրավիճակը: Ի վերջո, թուրքական սերիալը բավականին պրոֆեսիոնալ աշխատանք է (ինչպեսեւ թուրքական տարբեր ապրանքները՝ գործվածքը, սննդամթերքը, որոնք ակտիվորեն ներկրվում են Հայաստան):

Իրականում սերիալի գնման, ադապտացման ու հեղինակային իրավունքների հարցերը ոչ միայն օրենքի տեսակետից են հետաքրքիր, այլեւ հասարակության ինքնազգացողության: Երկու դիտարկում.

1. Մեր հեռուստադաշտում սերիալային մրցակցությունը գերսրված է, քանի որ ըստ հեռուստատեսային վարկանիշների՝ ամենադիտվողը հենց սերիալներն են: Այդ պատճառով էլ ալիքների (համենայնդեպս՝ երեք ամենադիտվողների՝ «Հ1»-ի, «Արմենիայի» եւ «Շանթի») մարտավարության հենքը հենց սեփական արտադրության սերիալներով իրարից հանդիսատես «փախցնելն» է: Ուշագրավ է նաեւ, որ սերիալների մրցակցությունը ակտիվացել է ինտերնետում, այսինքն՝ այն տիրույթում, որը կարելի է հեռուստասերիալների հակոտնյան համարել:

 Սերիալի հանդիսատեսը, թերեւս, ակտիվ ցանցային կյանք վարողը չէ, սակայն ցանցում ծավալվող թեժ քննարկումները կամ քննադատությունները կարող են հետաքրքրություն առաջացնել ու դրդել միացնել հեռուստացույցը, ինչն էլ իր հերթին կարող է խանդ առաջացնել այլ ալիքների մենեջերների մոտ:

2. Հայաստանում իրար են խառնված տարբեր ոլորտների ֆունկցիաները: Իսկ ոլորտների չհստակեցված, լղոզված սահմանները լուրջ խնդիրներ են առաջացնում: Օրինակ` գեղարվեստական ստեղծագործությունը դիտարկվում է քրեական օրենսգրքի համաձայն, իսկ ասենք դատավորի գործունեությունը՝ բարոյականության:

Սերիալը զննվում է ոչ թե այլ սերիալների հետ համեմատության ուղով, այլ ազգային հպարտության կամ նսեմացման տեսակետից: Ոլորտների նման խառնաշփոթը բավականին պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում այն հասարակություններում, որտեղ քարոզվում է, որ ազգայինը վեր է օրենքից:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *