2012.02.28,

Քննադատ

Երբեմն ասողին չլսող է պետք, իսկ լսողին՝ վերծանող

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Իշխանական որոշումները տեղ հասցնելու համար վերջերս հաճախակի օգտագործվում է «պատվեր ներքեւից» սխեման:

Տարբեր լրատվամիջոցներին պատվիրվում է որեւէ վիճահարույց հանրային խնդիր ներկայացնել այնպես, որ տպավորություն ստեղծվի՝ միջամտությունը հենց հանրության պահանջով է արվել: Այդ էֆեկտին հասնելու համար՝ կոլեկտիվ նամակ է կազմվում, որում ցանկությունն ու վճիռը շատ ամուր միահյուսված են: Նման մոդեռնացված նամակ-վճիռները (երբեմն նաեւ անանուն) սովորաբար գրվում եմ իշխանական բուրգի վերին հատվածներում, այնուհետ իջեցվում են ներքեւ, ընթերցվում, մեկնաբանվում, քննարկվում եթերում: Եվ միայն դրանից հետո իշխանությունները խոհեմաբար ու ազնվորեն արձագանքում են նամակի բովանդակությանն ու ընթացք տալիս բուն խնդրին:

Խորհրդային ժամանակ ասում էին՝ աշխատավորների պատվերով, հիմա էլ ասում են՝ կրպակատերերի ցանկությամբ կամ երգիչների մտադրությամբ: Փաստորեն ժամանակով ստւգված այդ մեդիա տեխնիկան ոչ միայն իրեն չի սպառել, այլեւ ավելի է ամրապնդվել մեր մեդիա դաշտում:

Կանխատեսելի դժգոհության ալիք առաջացնող պրոբլեմները ներկայացնելու համար օգտագործվում է «կոլեկտիվ նամակ՝ պատվերով» հնարքը: Նամակը թեեւ պաշտոնական փաստթուղթ չէ, սակայն շատ ազդեցիկ մեդիա տեխնիկա է:

Կարծես դիստանցիա է գծվում (մենք ընդամենը արձագանքում ենք) եւ միաժամանակ հիշատակվում է հանրային շահը (մենք հարգում ու պաշտպանում ենք նամակագիրների իրավունքները): 

Երեւանի Մաշտոցի պուրակի կամայական կառուցապատման փաստը, որը տարբեր օրենքների մշուշոտ շրջանցումով է կատարվել, շատ լավ համադրվում է «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցելու (նույնպես մշուշոտ) որոշման հետ:

Երկու դեպքում էլ իշխանության որոշումները հանրությանը հասել են հենց հանրային նպատակների քողի տակ ու հանրության միջոցով: Ավելի ճիշտ հանրության այն շերտի, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես հեռուստացույցով երեւացող պաշտոնական ինտելիգենցիա: Քանի որ մեր օրերում «իշխանության բարձրախոս» են համարվում ոչ միայն նոմենկլատուրային մտավորականները, այլեւ փոփ երգիչները, հենց նրանց անունից ու շուրթերից են հնչում ոչ պոպուլյար (երբեմն նաեւ օրինախախտ) պետական որոշումները՝ նամակների, հայտարարությունների կամ խմբակային ուղերձների տեսքով (մեկը ասում է, մյուսը պատասխանում է, երկրորդը հակադարձում է, չորրորդը վիճում է բոլորի հետ, իսկ հինգերորդը պաշտպանում է բոլորին): 

Այդ ընթացքում իշխանությունները դադար վերցրած սպասում են, թե ինչպես կզարգանա իրենց բեմադրած «մասնավորը՝ հանրայինի անունից» պրոյեկտը, որը իսկական հեռուստասերիալի կանոններով է առաջ գնում: Անվերջանալի շինծու մի շղթա է ստեղծվում, որը, սակայն, թույլ չի տալիս հասկանալ՝ իսկ ի՞նչ է իրականում կատարվում, առավել եւս եթե ինֆորմացիայիդ հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է:

Օրինակ՝ Հայաստանը մասնակցո՞ւմ է «Եվրատեսիլ»-ին, թե՞ ոչ: Որոշ երգիչներ չմեկնելու օգտին նամակ են գրել, նամակը ընթերցվել է Հանրային ալիքի եթերում, հետո մեկնաբանությունների մի հսկայական տարափ է սկվել ողմ, դեմ, ձեռնպահ, ոչինչ չասող, կողքից կցված, կյանքից դժգոհ, կյանքով հիացած), իսկ Հանրայինի ղեկավարությունը, ում պատկանում է վճռի իրավունքը, քար լռություն է պահպանում:

Հայտնի է, որ առանց կրակի ծուխ չի լինում, եւ եթե նամակը տարածվել է, ուրեմն մեր երգիչը չի գնում Բաքու: Նամակը փաստթղթի ուժ չունի, սակայն այն հո հենց այնպես չի՞ գրվել: Փաստի ու ենթադրումի սահմանը ընկալելն, իհարկե, բարդ է, բայց հնարավոր: Պարզապես պետք է որոշ բաներ չլսել, իսկ որոշ բաներ՝ կռահել:

Այդ պրակտիկան օգտագործվում է նաեւ Մաշտոցի պուրակի «խանութապատումը» ներկայացնելու ու լուսաբանելու համար: Աբովյան փողոցից տեղափոխվող մի քանի հարկանի շինությունների (որոնք չգիտես ինչու կրպակներ են կոչվում) դեմ ալիք են բարձրացրել բնապահպանները, ակտիվ քաղաքացիները, որոնք փորձում են կանխել հանրային տարածքի մասնավորեցումն ու թույլ չտալ այգու բետոնապատումը: Քաղաքապետարանի տեսակետից՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, պարզապես հերթական անգամ սեփականաշնորհվում ու վերաձեւվում է քաղաքը: Սակայն նույնիսկ այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում բարձր լարման կետ է ստեղծվել, քաղաքապետարանը գերադասում է շփվել հանրության հետ նամակների ու իշխանամետ մտավորականների ասուլիսների միջոցով, ինչը թույլ է տալիս որոշումները ներկայացնել թեթեւակի մարգինալ, ստեղծարար ու կրքոտ կերպով: Դե արվեստի մարդիկ են էլի~, ինչ ուզեն՝ կասեն… Բայց այդ անձանց ելույթների շնորհիվ մշակվում, հստակեցվում են հանրային կարծիքների մանիպուլյացիաները:

Հիշենք, որ Մաշտոցի պուրակ այցելած առաջին իշխանամետ մտավորականները սկզբում (Արա Երնջակյան) ակտիվիստներին բնութագրեցին շատ կոպիտ մակդիրներով, իսկ արդեն երկրորդ դեսանտը (Լեւոն Իգիթյան, Հրանտ Թոխատյան եւ այն) գործածեց ավելի մեղմ, մարդամոտ, մտերմիկ կլիշեներ: Վերջում ի հայտ եկավ սուտ խոսելու սովոր ծանր հրետանին (Մերուժան Տեր-Գուլանյան), որը հեռուստաէկրանից պնդեց՝ այգում շինարարությունը կասեցված է:

Իրականում ոչ մի բան էլ կասեցված չէ, ու շատ բան անհայտ է (չեն հրապարակվում ո՛չ կրպակների սեփականատերերի անունները, ո՛չ նրանց հետ կազմած պայմանգրերը, ո՛չ էլ «Եվրատեսիլյան» նամակի իրական հեղինակները):

Տպավորություն է, որ անորոշության մեջ մնալը մի տեսակ ձեռնտու գործ է: Որքան շատ մեկնաբանություն, այնքան շատ հաղորդում ու հոդված: Իսկ որքան շատ հաղորդում, այնքան շատ նամակ: Համ եթերն է լցվում, համ էլ իշխանություններն են գործ անում՝ փորձարկելով իրենց ազդեցության շրջանակը: Ասենք՝ որեւէ մեկին կպցնում են «Դու մերն ես» պիտակն ու ուղարկում թեժ կետեր (եթեր կամ այգի), որտեղ իրենց լսող չկա:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *