Տպագիր մամուլը Հայաստանում ընդունված է քննադատել ոչ անաչառ, երբեմն հարձակողական դիրքորոշման, նաեւ ոչ նորմատիվ լեքսիկոնի օգտագործման մեջ: Իսկ հեռուստալրագրությունն, ընդհակառակը կիրառում է հիմնականում կոմպլեմենտար, «օսլայված» բառապաշարն ու հաճոյանալու պրակտիկան: Անգամ երբ էկրանը որեւէ անձ կամ դեմք է քննադատում, անում է դա հակառակ կողմին դուր գալու համար (ինչը, թերեւս, նույն մոտեցման երկու բեւեռներն են):
Երբ ԶԼՄ-ներին մեղադրում են ոչ հավասարակշիռ ու օբյեկտիվ լինելու մեջ, միանգամից հարց է առաջանում՝ խոսքը տպագրվո՞ղ, թե՞ ցուցադրվող ինֆորմացիայի մասին է: Այդ տարբերակումը շատ կարեւոր է, քանի որ էկրանային ու տպագիր լրագրությունը տարբերվում են ոչ միայն բնույթով, այլեւ նպատակներով: Ընդ որում՝ տարբեր են նաեւ ինֆորմացիայի բեւեռացման հնարքները:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորումն ու հետագա իրադարձությունները (ասուլիսները, արձագանքները, բողոքները, կալանքից ազատումը) մեդիա միավորները չափազանց անհավասարակշիռ ներկայացրին: Հեռուստատեսային լուսաբանման մեջ աչքի ընկնող հիմնական թերությունը «մեկ բարձրախոսի» (եթե կուզեք նաեւ «մեկ պատուհանի») սկզբունքն էր, որը ապահովվում էր ոստիկանության պաշտոնական տեսակետի տեսքով միայն:
Անցած օրերի ընթացքում, երբ Հ.Գեւորգյանի հետ պատահածը լայնորեն քննարկում էր հասարակությունը, «Հ1»-ը, «Շանթը» ոստիկանների տեսակետը ներկայացնելուց բացի ավելին չցանկացան անել (կալանավորված լրագրողը այդպես էլ կադրում չհայտնվեց):
Թվում է՝ պաշտոնական աղբյուրին հղում անելով՝ լրագրողը չեզոք դիտորդի կարգավիճակում է հայտնվում, սակայն այդ նեյտրալիտետը ի սկզբանե կեղծ է, քանի որ կոնկրետ դեպքը (կալանքը) ընդհանուր համատեքստում տեղավորելու փորձ չի արվում: Այսինքն՝ չի նշվում՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞ւ ու հանուն ինչի՞:
Հպանցիկ լուսաբանեցին եղածն ու չեղածը «Կենտրոնն» ու «Արմնյուզը», իսկ «Հ2»-ը անգամ դա էլ չարեց, թերեւս, ցանկանալով շեշտել, որ երբ դեպքի մասին չեն խոսում, դեպքը կարծես չի էլ եղել:
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե կալանավորված անձ կա (այն էլ հանրային գործով զբաղվող), ապա նրան (կամ նրան սատարողներին) ձայն չտալը առնվազն ոչ պրոֆեսիոնալ է: Նույնիսկ եթե վերապահում արվի (դե հրատապության պատճառով չեն հասցրել մարդուն նկարահանել), ապա կարելի է նրա լուսանկարը ցուցադրել, որպեսզի հեռուստադիտողը գոնե դեմքով ճանաչի հերոսի ու հանցագործի եզրագծում հայտնված լրագրողին:
Այդ եզրագիծն ընդհանրապես շատ հեղհեղուկ է, թվում է՝ հերոսից դեպի հանցագործը (եւ հակառակը) սահուն անցում կարելի է անել մի քանի վայրկյանում՝ այնքան, որքան տեւում է ռեպորտաժը կամ պահանջվում է հոդված կարդալու համար:
Թերթը մի բան է գրում, էկրանը այլ բան է ցուցադրում: Եվ այս իրավիճակում թերթին մեղադրելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ եթե մի կողմը փաստերը քողարկում է, անտեսում ու դրանով իսկ խեղաթյուրում, մյուս կողմին մնում է միայն փաստերը առավել ուռճացնել, սրել ու ընդգծել (այդ թվում՝ նաեւ հումորով կամ ոչ լայն կիրառում ունեցող բառապաշարով):
Ի վերջո, ոչ ոք հեռուստալրագրողին չի կալանի, եթե նա փորձի պատրաստել ավելի պրոֆեսիոնալ ու բովանդակային ռեպորտաժներ, որտեղ նվազագույնը երկու աղբյուրների դիտակետեր են ներկայացված, ու կա հստակ պատասխան՝ իսկ ի՞նչ է իրականում տեղի ունեցել:
Երբ հեռուստալրագրողն անդեմ, անատամ ու անտրամաբանական է աշխատում, իր ալիքն էլ դառնում է անդեմ ու անպիտան:
Այս մի քանի օրերին պարզ դարձավ, որ հայրենական ալիքներից ամենաշատն իր «դեմքի» մասին մտածում է «Երկիր մեդիան», որը լրագրողի հետ պատահած դեպքերի շղթան ներկայացրեց առավելագույն մանրամասներով, տարբեր աղբյուրներով ու պատշաճ ձեւակերպումներով: Հանրության կարծիքներին տեղ տալով իր եթերում՝ ալիքը հուշեց, որ իրականում ոչ մի սարսափելի բան չկա, երբ եթերում հայտնվում են ընդդիմադիր թերթերի գլխավոր խմբագիրներն ու պաշտապանում են իրենց լրագրողներին, իսկ լրագրողներն էլ իրենց հերթին պաշտպանում են կասկածելի հանցանքի մեջ մեղադրվող իրենց գործընկերոջը:
Ուշագրավ է նաեւ, որ Հայկ Գեւորգյանի կալանավայրից դուրս գալու լուրը հաղորդեցին անխտիր բոլոր ալիքները: Անգամ «Հ2»-ը, որի դիտորդները հաստատ խորը տարակուսանքի մեջ հայտնվեցին, քանի որ ալիքը միայն հանգուցալուծումն է ներկայացրել, իսկ շարժառիթն ու բուն զարգացումը բաց է թողել՝ համարելով անպետք ինֆորմացիա:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: