Հայաստանի ողջ լրագրողական եւ ոչ միայն լրագրողական հանրությունն ուղղակի ցնցված է լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանի կալանավորմամբ, նաեւ՝ այն ձեւերից ու մեթոդներից, որ կիրառել է ոստիկանությունը հիշյալ կալանավորումն իրականացնելիս: Ողջ լրատվական դաշտը, համացանցը, սոցիալական ու տեղեկատվական կայքերը գվվում են՝ ներկայացնելով փաստը եւ փաստի վերաբերյալ տեսակետները՝ ինչպես «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու խմբագրության հայտարարությունը, այնպես էլ՝ ոստիկանության տարածած հաղորդագրությունն ու մարդկանց կարծիքները երկու կողմերի ներկայացրածի վերաբերյալ:
Եթե այս բոլոր լրատվամիջոցները ներկայացնեին միայն մի տեսակետ, միջադեպի մեկ վարկած (կարեւոր չի՝ «ՀԺ»-ի, թե՝ ոստիկանության), մենք նրանց առավելագույնը կարող էինք ասել, որ լրագրողական էթիկայի տեսակետից դա ճիշտ չէ: Սակայն կա մի լրատվամիջոց, որը ստեղծվում է ՀՀ Սահմանադրության հիման վրա եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով է պարտավոր ապահովել բազմակարծությունը: Խոսքս, անշուշտ, հանրային հեռուստատեսության մասին է:
Վաղուց այդ հեռուստաընկերության լրատվական թողարկումները չէի նայել: Հայկ Գեւորգյանի հետ կապված միջադեպը ստիպեց նայել «Առաջին լրատվականի» ժամը 21-ի թողարկումը՝ տեսնելու համար, թե մեր՝ հարկատուներիս հաշվին պահվող[[wysiwyg_imageupload:174:]] լրատվամիջոցն ինչպես է լուսաբանելու այն: Անկեղծ ասած, խիստ կզարմանայի եւ ուրախությամբ կարձանագրեի ու անգամ գովասանական հոդված կգրեի, եթե այդ հեռուստաընկերության լրատվական թողարկումը որեւէ բանով տարբերվեր վերջին անգամ իմ նայածից եւ պաշտոնական՝ ոստիկանական վարկածից ու հաղորդագրությունից զատ ներկայացներ նաեւ «ՀԺ»-ում տեղի ունեցած ասուլիսն ու գոնե մի հատված կարդար խմբագրության տարածած հայտարարությունից: Սակայն ինձ, ինչպես նաեւ շատ ու շատ հեռուստադիտողների վիճակված չէր զարմանալ: Հանրային կոչվող հեռուստատեսությունը հավատարիմ էր ինքն իրեն՝ նա ներկայացրեց միայն ոստիկանական հաղորդագրությունը:
Հանրայինի լրատվության պատասխանատուներին ուզում եմ հիշեցնել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համապատասխան հատվածը.
«5. Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է` …
… հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը»:
Ո՞ւր էր ձեր տարածած տեղեկատվության մեջ կարծիքների բազմազանությունը, պարոնայք:
Սակայն եթե անգամ մի կողմ դնենք օրենքի պահանջը՝ կա զուտ լրագրողական բարոյականության սկզբունք. այն է՝ ցանկացած, առավել եւս հասարակական հնչեղություն ունեցող, տեղեկատվություն տարածելիս ներկայացնել հնարավորինս շատ աղբյուրներից քաղված փաստեր: Իսկ Հայկի կալանավորումն արդեն շատ մեծ հնչեղություն էր ստացել:
Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հանրային կողչվող հեռուստատեսությունը, իրոք, ոչ մի կապ չունի հանրության, իսկ նրա լրատվական թողարկումների օրակարգը, ինչպես ժամանակին գրել է իմ բարեկամ Գեղամ Վարդանյանը, հանրության օրակարգի հետ:
Եվ մի բան էլ. հանրային հեռուստատեսության փետրվարի 3-ի ժամը 21-ի լրատվական թողարկումը ինձ հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ի տխրահռչակ հրամանագիրը, որտեղ լրատվամիջոցներին համար նախատեսված էր.
« …զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում»:
Երեւի հանրայինը դեռեւս 2008 թվականի մարտի 1-ի շնչով է ապրում…
Մեսրոպ Հարությունյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: