2011.12.14,

Քննադատ

Ինչպե՞ս չլուսաբանել ՀՀ նախագահին

Չի կարելի նախագահին լուսաբանել այնպես, ասես ասելիք ունի միայն նա: Այդպիսին լինում է սովորաբար ուղիղ եթերի տեսախցիկը, որը ֆիքսում է նախագահի խոսքը, բայց որեւէ կերպ արձագանքել չի կարող: Նախագահի խոսքը ուրիշներին տեղ հասցնող լրագրողը կիսով չափ տեղ է հասցնում իր խոսքը:

Վերջին պաշտոնանկությունների եւ երկրում ՀՀԿ կուսակցության ստեղծած ներքաղաքական անհասկանալի վերադասավորումների մասին արտահայտվեցին բոլորը: Նախագահն այդպես էլ չարտահայտվեց, թեպետ դրանից հետո նրա այցերը լուսաբանող լրագրողները նրան բազմիցս ուղեկցել են այս կամ այն երկիր, ձայնագրել նրա խոսքը:

Բայց ահա թե ինչն է խնդիրը: Այդ լրագրողները, նախագահի հետ հասնելով, ասենք, Բրյուսել, այնտեղից ներկայացնում են նույն տեքստով, որը կներկայացնեին, եթե նրա հետ մեկնած չլինեին: Այսինքն` ինքնուրույն աշխատանք չկա:

Երբ Մարսելից փոխանցում են Հայաստան-Սփյուռք հետագա հարաբերություններում երկրի գործող ղեկավարի լավատեսությունը, ոչ մի կերպ հասկանալի չէ, թե այդ լավատեսության մեջ որտեղ է Սփյուռքի ոգեւորության ազդակը եւ որտեղ է ՀՀ քաղաքացու ոգեւորության ազդակը. Սերժ Սարգսյանին ուղեկցող լրագրողները չեն մանրամասնել, թե, մասնավորապես, ինչու՞ է լավատես Սերժ Սարգսյանը եւ ինչու՞ է դրա համար հասել Մարսել:

Հայտնի փաստ է՝ լրագրողը ձայնագրիչ չէ, կենդանի օրգանիզմ է, ի վիճակի է ժպտալ, մտահոգվել նույնիսկ երկրի նախագահի ներկայությամբ, ի վիճակի է հայտնել իր մտահոգությունը հասարակական որեւէ խնդրի կապակցությամբ, դիցուք` ինչու՞ ԱԺ նախագահ դարձավ Մարտի 1-ի հանձնաժողովի գործունեությունը մինչեւ վերջ ձախողած մարդը: Եվ դրանից հետո ինչպե՞ս է երկիրը պատրաստվում ՀՀ պատմության մեջ ամենաազատ եւ ժողովրդավարական ընտրություններին:

Ընդհանրապես ի՞նչ է նախագահի խոսքը: Ժամանակակից հայերենով այն բնորոշվում է  մեկ բառով՝ մեսիջ: Այսինքն` նախագահը ընթերցողին, ռադիոլսողին կամ հեռուստադիտողին է փոխանցում իր տեսլականը, տագնապը: Նախագահի տագնապը լրագրողի միջոցով հասարակությանը կարող է հասնել նախագահի մամուլի ծառայության միջոցով, մնացած դեպքերում, եթե այդ տագնապի արտահայտմանը լրագրող է ներկա, նա չի կարող հալած յուղի տեղ ընդունել ՀՀ նախագահի խոսքը:

Հայաստանի պարագայում ի՞նչ է արվում: Նախագահը մեկնում է այս կամ այն մարզ, ենթադրենք` ներկա գտնվելու որեւէ հիվանդասենյակի կամ արտադրության բացմանը: Ովքե՞ր են ուղեկցում նախագահին: Ընդհանրապես ո՞ր լրատվամիջոցներն են ուղեկցում ՀՀ նախագահին 2002-ից հետո՝ միմիայն իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները, գործակալությունները եւ կայքերը:

Եւ դիցուք՝ այդ այցերից մեկում ՀՀ նախագահը պատասխանում է, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին, որում «Ժառանգության» առաջնորդը Սերժ Սարգսյանին կոչ է անում հրաժարվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Ու պատճառաբանում է իր կոչը՝ դուք եւ մյուս բուհերի հոգաբարձուների խորհրդի նախագահները՝ վարչապետ, նախարարներ եւ այլն, ՀՀԿ-ականացնում եք ԵՊՀ եւ մյուս բուհերի ուսանողներին:

Նախ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը հրապարակում են կայքերն ու թերթերը, իսկ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ հեռուստաընկերությունները:

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանին պատասխանում է՝ նամակի մեջ սրտի ցավ չկար: Մոտ 20 տարբեր լրատվամիջոցի լրագրող ներկա է եւ լսում է երկրի ղեկավարի այդ արտահայտությունը: Ոչ ոք չի արձագանքում: Եվ, ի լուր Հայաստանի, հայ հեռուստադիտողի, ընթերցողի կամ ռադիոլսողի սփռվում է նրա որեւէ կերպ չմանրամասնված այդ արտահատությունը:

«Առաջին լրատվականն» այս իմաստով իդեալական լակմուս է, այս լրատվականում կա «նախագահ լուսաբանող» հասկացություն, որտեղ լրագրողի դերը մինիմիզացված է: Այդպես է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերությունում: Այդպես է բոլոր հեռուստաընկերություններում:

Կառավարության աշխատանքները լուսաբանող լրագրողներն, օրինակ, որոշ ինքնուրույնություն ունեն շտրիխների մեջ։ Հենց դա է, որ ծիծաղելի է դարձնում նախագահ լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Որովհետեւ նախագահի խոսքը տվյալ հեռուստաընկերության ջանքը չէ, այլ՝ նախագահի աշխատակազմի:

Կառավարության լրատվական ծառայությունը նույնպես որոշակի միջամտություններ անում է, բայց հեռուստալրագրողին թույլատրված է սակարկել այս կամ այն բառը։ Պարզ է, որ լրատվության այսպիսի մանիպուլյացիան առայժմ չի նվաստացնում լրագրողին եւ նրա լրատվամիջոցին: Բայց ո՞վ ասաց, որ այն ավելի վատ վիճակի մեջ չի դնում երկրի նախագահին: Ռուսաստանում էլ էին, չէ՞, հեռուստալրատվամիջոցները քամիներ տատանում Պուտինի ժողովրդականության մասին: Դարձյալ ստիպված եղան կեղծել ընտրությունները:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *