Վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ զրպարտության եւ վիրավորանքի հայցերի առատությունն ինձ հիշեցրեց երկու տարի առաջվա մի դատավարության վերաբերյալ գրածս հոդվածը, որն այդպես էլ չհրապարակեցի՝ իմ կարծիքով «վատ օրինակ» չտալու համար: Սակայն այժմ իսկը ժամանակն է այն հրապարակելու՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող ենք մենք՝ լրագրողներս, պաշտպանվել ամեն չնչին առիթով մեզ դատի տվողներից: Քանի որ երկու տարի է անցել, ես ստորեւ ներկայացված եւ ժամանակին չտպագրված հոդվածից հանել եմ անունները, փոխել եմ նաեւ դատավարության առիթ դարձած արտահայտությունը, թեպետ գործին տեղյակ մարդիկ գլխի կընկնեն, թե ով է լրագրողը եւ ով դատավորը:
Ինչեւէ, նախ՝ այդ հոդվածը, որ բառերով մանիպուլյացիաների օրինակ է, ապա՝ մեկնաբնություններս ու առաջարկություններս:
Ո՞վ շահեց «անգրագետ դամբուլի» դատից
«Այ անգրագետ դամբուլ», սա այն արտահայտությունն է, որ, ըստ դատավոր X-ի, իր հասցեին արել է լրագրող Y-ը՝ ի պատասխան դատարանի դահլիճից վերջինիս հեռացնելու որոշման: Եվ այդ արտահայտության համար դատավորը նույն դատարան դատական հայց է ներկայացրել ընդդեմ լրագրողի, ով, ըստ դատավորի պնդումների, իրեն անվանել է «անգրագետ դամբուլ»:
Անկեղծ ասած մեզ բնավ չեն հետաքրքրում մանրամասները՝ ինչը, ինչպես եւ երբ է եղել. ասե՞լ է արդյոք լրագրողը դատավոր X-ին «անգրագետ դամբուլ», թե ոչ, որովհետեւ մեզ համար սկզբից եւեթ պարզ էր, որ դատավորին «անգրագետ դամբուլ» անվանած կամ չանվանած լրագրողի դեմ այս դատավարության ելքը կանխորոշված էր: Հայաստանի ներկա դատական համակարգի պայմաններում այլ վճիռ, քան լրագրողի դատապարտումն էր տուգանքի՝ դատավորի հասցեին իր ասած կամ չասած «անգրագետ դամբուլ» բառերի համար, երեւի ոչ ոք չէր էլ ակնկալում: Ամբողջ դատավարության ընթացքում լրագրողը բազմիցս պնդեց, որ դատավորին ինքը «անգրագետ դամբուլ» չի անվանել: Դատարանն այդպես էլ չցանկացավ լսել նրա փաստարկներն ու նրա վկաներին, որոնք կապացուցեին, որ ինքը դատավորին չի անվանել «անգրագետ դամբուլ»: Դատարանը լսում էր միայն իբրեւ վկա հանդես եկող դատական կարգադրիչներին, ովքեր պնդում էին, թե լրագրողը դահլիճից դուրս գալիս դատավորին անվանել է «անգրագետ դամբուլ»: Այսպիսով, դատարանը, կայացնելով իր վճիռն ի վնաս լրագրողի, ըստ էության որոշեց, որ վերջինս դատավորին անվանել է «անգրագետ դամբուլ», թեպետ, ըստ դատին ներկա այլ լրագրողների, դատարանում այդպես էլ չապացուցվեց, որ լրագրողը ասել է «անգրագետ դամբուլ» բառերը: Հիմա հարց. ո՞վ շահեց այս դատից, լրագրո՞ղը, որ թեպետ տուգանք պիտի մուծի, բայց այդպես էլ չընդունեց, որ ինքը դատավորին անվանել է «անգրագետ դամբուլ», թե՞ դատավորը, որին «անգրագետ դամբուլ» անվանելը կամ, ինչպես պնդում է լրագրողը, «անգրագետ դամբուլ» չանվանելը իմացան բազմաթիվ մարդիկ, այդ թվում իր կոլեգաները, ովքեր նույնիսկ չգիտեին էլ, որ լրագրողը ինչ-որ դատի ժամանակ իրենց գործընկեր դատավորին անվանել է «անգրագետ դամբուլ» (թեպետ լրագրողը շարունակում է պնդել, թե ինքը դատավորին չի անվանել «անգրագետ դամբուլ»):
Մեկնաբանություն եւ առաջարկություն գործընկերներիս
Միանգամից ասեմ, որ ես դեմ եմ դատավորի կամ որեւէ այլ անձի հասցեին հրապարակային վիրավորանքներ շաղ տալուն, սակայն վերոհիշյալն առանձնահատուկ դեպք էր. նախ՝ իմ կարծիքով դատավորը լրագրողին անհարկի էր դուրս հրավիրել՝ դրանով իսկ խոչընդոտելով նրա օրինական մասնագիտական գործունեությանը, երկրորդ՝ այդ դատավորը հայտնի է լրատվամիջոցների նկատմամբ իր «առանձնահատուկ սիրով» (հիմա՝ առանձնահատուկ ատելությամբ) եւ երրորդ՝ լրագրողն անձամբ ինձ հավաստիացրել է (եւ ես հակված եմ հավատալ նրան), որ իրեն դահլիճից դուրս անելուց հետո ինքը որեւէ նման արտահայտություն չի արել, միայն դիմադրել է կարգադրիչներին:
Ինչեւէ, բերված հոդվածում ես ոչ էթիկական սկզբունքներ եմ խախտել, ոչ օրենք: Ասել եմ այն, ինչ եղել է դատի ժամանակ: Եվ եթե ժամանակին այն հրապարակեի՝ նշելով կոնկրետ անուններն ու արտահայտությունը, որի համար լրագրողը 300 հազար դրամ տուգանք մուծեց, որեւէ մեկն ինձ ոչնչում մեղադրել չէր կարող, իսկ ես էլ, այսպես մանիպուլյացիա անելով տեքստով, ըստ էության, դաս տված կլինեի դատավորին:
Հիմա առաջարկս. կարծում եմ մանիպուլյացիայի այս եղանակը վերջին շրջանում բազմացած դատական հայցերից պաշտպանվելու ձեւերից մեկն է: Խոսքս ակնհայտ զրպարտության դեպքերին չի վերաբերում: Նման դեպքերում ինքս էլ չեմ պաշտպանի լրատվամիջոցին եւ լրագրողին:
Սակայն եթե մեր քաղաքական գործիչները, օլիգարխները, հասարակական դեմքերը ամեն մի չնչին առիթով, անգամ այն դեպքում, երբ լրատվամիջոցն արդեն հերքում է տպագրել կամ նշել է տեղեկատվության աղբյուրը եւ այլն, դիմում են միշտ իրենց ուզած կողմը կրակող «զենքին»՝ դատարան, ապա մենք էլ՝ լրագրողներս, պիտի արժանի հակահարված տանք մեր ունեցած զենքով՝ խոսքով: Նման դեպքերում լրատվամիջոցները համախմբված կարող են լուսաբանել դատերը եւ լուսաբանման մեջ տասնյակ անգամներ կրկնել նույն այն արտահայտությունները, որոնց համար տվյալ օլիգարխը կամ քաղաքական, հասարակական գործիչը դատարան է դիմել: Կարծում եմ, վերջինս շատ արագ կափսոսա իր արածի համար, իսկ ապագայում ինքն ու իր կոլեգաները կմտածեն. իսկ արժե՞ արդյոք… Ավելի լա՞վ չէ նույն թերթում մի հերքում կամ պատասխան հրապարակել ու սահմանափակվել դրանով:
Կրկնում եմ, ես չեմ ցանկանա, որ մեր մամուլը ստիպված լինի աշխատել այս ձեւով, բայց մի կարճ պահ գոնե պետք է դաս տալ իրենց «դատական ախորժակները» վերջին շրջանում չափազանց բացած գործիչներին…
Մեսրոպ Հարությունյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: