2018.05.15,

vox populi

«Երբ հրաբուխ ժայթքի, մարդը կգնա այն նկարելու հենց հրաբխի միջից»

Ես մի մարդ եմ, որը միշտ փորձել է ուղղել այն, ինչը վատ է: Այդպես ստեղծվեց նաև «ՍՈՍ» ինտերնետային հաղորդումը, որն նպատակ ուներ ակտուալ դարձնել բնապահպանական խնդիրները: Մենք այդ նպատակին հասանք: Հետո արեցինք «Իմ քայլը»:

Պետությունը հանգեցրել էր այն վիճակի, որ մարդկանց մոտ սկսվել էր ինֆորմացիայի քաղց:

Մարդիկ ուզում էին իմանալ, թե ինչ է իրականում կատարվում, բայց չէին կարող: Իսկ տեղեկանալու ամենաարագ միջոցը միշտ եղել է նաև ամենաարդյունավետ միջոցը: Եվ այդպիսի միջոց հեղափոխության օրերին դարձան ուղիղ միացումները, լայվերը:

Եթե նախկինում ինֆորմացիան փոխանցվում էր աղավնիներով, իսկ հետո հեռախոսով ու հեռագրերով, ապա հիմա ստեղծվել է մի հսկայական հարթակ՝ ինտերնետը:

Թավշյա հեղափոխության օրերին մարդիկ սկսեցին լայվ մտնել ու ստեղծել կոպիտ ասած՝ իրադարձությունների «Լրաբերն» ու «Օրակարգը»: Սոցցանցերում տեղադրված ուղիղ հեռարձակումները կարող էին լինել անորակ, բայց կարևոր էր, որ դրանք առաջին դեմքով էին:

Բնական է, որ «Իմ քայլը» շարժումը պետք է օգտագործեր այդ գործիքը:

Ուղիղ հեռարձակումները կոտրեցին ինֆորմացիոն սովը, բայց առաջին օրերին նկատելի էր նաև, որ շատ լայվեր մնում էին աննկատ:

Եվ երբ տեսնում էինք, որ հայտնվել են կարևոր ու եզակի ուղիղ հեռարձակումներ, հրապարակում ու տարածում էինք դրանք շարժման հարթակում: Նույնիսկ եթե նկարահանումն անորակ էր, իսկ հեղինակները երեխաներ էին:

Դրա շնորհիվ թե՛ նյութի հեղինակներն էին վարկանիշ ձեռք բերում, թե՛ հասարակությունն էր տեսնում, որ հայտնվել է ինֆորմացիայի նոր աղբյուր:

Օրինակ, Ռուսաստանի դեսպանության առջև ընդամենը մեկ մարդ էր լայվ մտել, բայց նրա փոխանցած ինֆորմացիան ուղղակի անգին էր:

Կարծում եմ՝ մենք հիմա գտնվում ենք նոր դարաշրջանի շեմին, մարդիկ հեռուստացույց նայելու փոխարեն կհետևեն կյանքին ուղիղ ռեժիմով:

Համաձայն չեմ, որ ուղիղ հեռարձակումները պետք են հատկապես հեղափոխության ժամանակ: Մեր շուրջբոլորը խնդիրներ են, որոնց պետք է անդրադառնալ: Ասենք, տեսար, որ վարորդն իր ավտոմեքենայից աղբ նետեց, լայվ ես մտնում, գնում վարորդի հետ բանավիճելու, թե ինչպես կարելի է աղբը վերադարձնել տիրոջը:

Կյանքում կան շատ անարդար դեպքեր, որոնք կարող են ուղղվել, երբ այդ մասին միանգամից տեղեկանում ես լայվերի միջոցով: Կոպիտ ասած՝ այդպես նոր հեռուստատեսություն է ծնվում:

Համոզված եմ, որ շատ քիչ մարդ է նայելու ավանդական և ստանդարտ կադրերով հեռուստատեսությունը (միգուցե միայն վավերագրական ֆիլմեր դիտել ցանկացողները), որովհետև այս դարում ինֆորմացիան ունի հատկություն՝ հնանալ մեկ ժամում: Մեկ ժամից հետո ցանկացած լուր արդեն փոխարինվում է թարմով կամ լրացվում մանրամասներով:

Նորություններ ստանալու համար նոր հարթակ կլինի, որտեղ կհավաքվեն ամենավստահելի ու վարկանիշային ուղիղ հեռարձակումները, դրա շնորհիվ էլ կառանձնանան մարդիկ, որոնք լավ կներկայացնեն դեպքերը ու կդառնան լայվի վարողներ:

Վարողի անձի հմայքը, հնչերանգները, արտահայտությունները, շարժուձևը ազդում են լսարանի վրա: Որպեսզի վարողին դիտեն, նրան կա՛մ պիտի սիրեն, կա՛մ՝ ատեն:

Լայվի ամբողջ իմաստն այն է, որ իրադարձությունը պետք է հրապարակվի: Իհարկե, կարող են բացառություններ լինել, երբ մարդը պարզապես ուզում է ինքնաարտահայտվել, բայց դրա մասին հիմա խոսել չեմ ուզում:

Պարտադիր չէ ամեն օր ինչ-որ բան հեռարձակել, հնարավոր է օրերից մի օր հրաբուխ ժայթքի, ու մարդը գնա այն նկարի հենց հրաբխի միջից:

Կամ կարող է ամեն օր լինել իրադարձությունների էպիկենտրոնում: Ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, երբ նա դադարի լինել վարչապետ ու ապրի սովորական քաղաքացու կյանքով, նրա ուղիղ հեռարձակումների արդիականությունը կնվազի:

Նիկոլ Փաշինյանի ակտիվությունը կախված է օրվա իրադարձություններից: Եթե կարևոր իրադարձություն չկա, հաճախ եթեր դուրս գալը նման է այն իրավիճակի, երբ ձեռք ես բերում թանկարժեք հեղինակություն, հետո այն անընդհատ օգտագործում ես զուտ օգտագործելու համար, և արդյունքում հեղինակությունդ ոչնչանում է:

Նիկոլ Փաշինյանն ուզում է իր քայլերի մասին անպայման տեղյակ պահել հասարակությանը: Եվ շատ լավ է անում դա՝ մտերմիկ, պաշտոնական դերից զերծ ոճով: Նա մտնում է մարդկանց տուն որպես Նիկոլ, այլ ոչ թե որպես «պարոն վարչապետ»: Իսկ դա հասարակության հետ շփման կարևոր գիծ է, որը նա մինչև վերջ տանելու է:

Եվ ոչ միայն ինքը: Շատերն են փորձում նրա նման ուղիղ կապ ունենալ: Դեռ ոչ բոլորի մոտ է լավ ստացվում:

Դա նման է այն իրավիճակին, երբ մարդիկ ցույցերի ժամանակ մայթերով զուգահեռ էին շարժվում, բայց փողոց ոտք չէին դնում: Վախ կար: Այդ վախը կհաղթահարվի այն ժամանակ, երբ մարդիկ քայլ անեն ու մայթից իջնեն փողոց:

Նույն հոգեբանությունը աշխատում է նաև կենդանի միացումների ժամանակ: Դժվար է համարձակվել ու ուղիղ կապ հաստատել: Առաջին կապը գրեթե միշտ վատ ու անորակ է ստացվում, իսկ երկրորդ ու երրորդ հեռարձակումների դեպքում արդյունքն ավելի լավն է: Դա զուտ ժամանակի հարց է:

Վստահ եմ, որ բոլորն էլ մի օր այդ ուղիղ կապն ունենալու են, բայց ե՞րբ, չգիտեմ:

Ի վերջո, եթե ուզում ես լուծել քեզ մտահոգող խնդիրները, պիտի դրանց մասին տեղյակ պահես հասարակությանը, որպեսզի հասարակությունը օգնի լուծել այդ խնդիրները:

Եվ Նիկոլ Փաշինյանը լայվ է մտնում, որ մարդիկ հավատան, թե իրենք խնդիրները բարձրաձայնելու լծակներ կան:

Լայվը դառնում է ինֆորմացիայի նոր աղբյուր: Բացառված չէ, որ ասենք, տասը կամ քսան տարի հետո մարդիկ իրենց վրա կրեն ձայնագրիչ սարքեր, որոնք անընդհատ ուղիղ կհեռարձակեն շուրջը կատարվող իրադարձությունները, և յուրաքանչյուրը կկարողանա հետևել ցանկացած մարդուն, ցանկացած վայրում (իհարկե, նրա համաձայնությամբ):

Միգուցե ծայրահեղ է հնչում, բայց կարծում եմ, որ այդ օրը հեռու չէ:

Հայկ Բարսեղյան,
լուսանկարիչ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *