2018.03.30,

Քննադատ

Սթարթափներն ու դրանց լուսաբանումը

author_posts/mane-gevorgyan
Մանե Գևորգյան

ՏՏ լրագրող

«Սթարթափն ի՞նչ ընկերություն է, որ բոլոր ջահելներն էնտեղ են աշխատում» հարցը հաճախ կարելի է լսել միայն կամ հիմնականում հեռուստացույց դիտող ծանոթներից։ (Ավելին՝ հենց այս նյութը գրելիս տատիկս հարցնում է՝ ի՞նչ եմ անում, ու «սթարթափի մասին եմ գրում» պատասխանին արձագանքում՝ սարսափը ի՞նչ է)։

Վերջին մի քանի տարիների ընթացքում ՏՏ ոլորտը Հայաստանում արագ տեմպով զարգանում է՝ նոր մշակույթ են ստեղծում արդեն իսկ մեծ ձեռքբերումներ ունեցած ընկերությունները, ավելանում է սթարթափների թիվը:

Հաջողություններին ու խնդիրներին ավելի հաճախ անդրադառնում են առցանց լրատվականները, իսկ ամենօրյա, բուռն քննարկումներ լինում են հենց սոցիալական ցանցերում՝ հատկապես Ֆեյսբուքում։

Նկատելի զարգացումների շնորհիվ իրենց «Տեխնոլոգիաներ» բաժիններն ավելի ակտիվ են դարձնում առցանց լրատվականներն ու փնտրում լրագրողներ, որոնք կլուսաբանեն ոլորտն ու կգտնեն թարմ ու հետաքրքիր պատմություններ։

Թարմությունը, իհարկե, հիմնականում նոր սթարթափների հիմքում է, որոնք իրենց հաջողության և նույնիսկ անհաջողության պատմություններով մեծ հետաքրքրություն են առաջացնում։

Նախևառաջ հետաքրքիր ու կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է սթարթափը ու ինչու՞ է հիմա այդքան շատ խոսվում սթարթափների մասին։

Ամերիկացի ձեռներեց, բլոգեր, «The Lean Startup» գրքի հեղինակ Էրիկ Ռիսը նշում է. «Սթարթափում լինել դեռ չի նշանակում աշխատել ինչ-որ ավտոտնակում։ Սթարթափը մարդկային ինստիտուտ է, որը ստեղծում է նոր արտադրանք կամ մատուցում նոր ծառայություն՝ ծայրահեղ անորոշ պայմաններում։ Սթարթափը պարզապես արտադրանք չէ, այն ինստիտուտ է, որը պահանջում է կառավարման ու ղեկավարման նոր մոտեցում»:

Այս սահմանման դեպքում էականը հենց անորոշ պայմանների ընդգծումն է, որովհետև սթարթափի հիմնադիրները պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ժամանակն ու ռեսուրսները ստեղծելու համար մի բան, որը կա՛մ կունենա մեծ պահանջարկ ու հաջողություն, կա՛մ կավարտվի հետաքրքիր ձախողման պատմությամբ, որը հետո շատ դեպքերում կներկայացվի որպես the success of failure` ձախողման հաջողությունը։

Ինչու՞, որովհետև սթարթափերները կփաստեն, որ նույնիսկ ձախողման շնորհիվ շատ բան են սովորել ու արդեն պատրաստ են ավելի լուրջ քայլերի։

Սովորական ընկերություններից սթարթափն ինչ-որ չափով առանձնացնելու և մի քիչ ավելի լավ պատկերացնելու համար հարկ է հաշվի առնել անգլիացի ձեռնարկատեր, բլոգեր, Y Combinator-ի համահիմնադիր Փոլ Գրեհամի հետևյալ միտքը.

«Ցանկացած նոր հիմնադրված ընկերություն սթարթափ չէ։ Ինչպես նաև անպայման չէ, որ սթարթափը կապված լինի տեխնոլոգիաների հետ կամ ստանա վենչուրային ներդրում։ Սթարթափն այն ընկերությունն է, որը ստեղծված է շատ արագ աճելու, մեծանալու և հնարավորինս մեծ ազդեցություն ունենալու համար։ Արագ աճելու համար պետք է ստեղծել արտադրանք կամ ծառայություն, որի կարիքն ունեն շատ մարդիկ, ապա հասնել և այն տրամադրել այդ բոլոր մարդկանց»։

Փաստորեն՝ հնարավոր սահմանումներից կարելի է ենթադրել, որ սթարթափներ եղել են դեռ շատ վաղուց, սակայն չեն ունեցել հենց սթարթափ անվանումը։

Սթարթափ բառի առաջին գործածության մասին աղբյուրները հստակ չեն, իսկ բառարաններն այն բացատրում են որպես նոր բիզնես կամ ինչ-որ բան սկսելու, գործի դնելու քայլ։

Եթե փորձենք բառացի վերլուծել, ապա startup նշանակում է start` սկսել ու up` վեր բարձրանալ, աճել։ Սակայն չպետք է մոռանալ, որ այդ աճի հիմքում նորարությունն է։ Սթարթափն անում է մի բան, որը նոր է։

Նորարարական կարող է լինել գաղափարը կամ այն իրագործելու ճանապարհը։ Սթարթափը կարող է լուծել մի խնդիր, որն ուրիշներն էլ են լուծում, բայց առաջարկի ավելի հեշտ, որակով կամ ավելի հարմար ու համապարփակ լուծում։

Հաշվի առնելով խնդրին նոր ու թարմ լուծում տալու նպատակն ու արագ զարգանալու հեռանկարը, կարելի է ենթադրել, որ սթարթափի հիմնադիրները բավականին ակտիվ, ռիսկի գնալու ու նոր փորձառության միջով անցնելու պատրաստ մարդիկ են։

Նրանք սովորաբար երիտասարդ են, բողոքում են, որ ժամանակ չունեն, ապրում են օրվա հստակ գրաֆիկով, նույն ինքը՝ schedule-ով, ամեն ինչ նշում են իրենց հեռախոսի օրացույցում, հանդիպելիս հարցնում՝ քանի րոպե իրենցից կխլես, չեն հիշում՝ վերջին անգամ երբ են քնել ու սովորաբար իրենց ծանոթների շրջանակում միշտ անուղղակի փորձում են ճշտել իրենց արտադրանքը կօգտագործե՞ն, թե՞ ոչ։

Նրանք անընդհատ մասնակցում են տարբեր «event»-ների` միջոցառումների ու հենց այդպես էլ ստեղծում  են «startup community»` սթարթափ համայնք, որտեղ, ինչպես սթարթափերներն են հաճախ ասում, Tech is the future՝ ապագան տեխնոլոգիաներն են։

Չմոռանամ ասել, որ այս ամենին զուգահեռ՝ լրագրողների հետ հանդիպելիս տալիս են հետևյալ հռետորական հարցը՝ հարցազրույցը հայերե՞ն է լինելու, թե՞ անգլերեն։

Հռետորական, որովհետև խոսել միայն հայերեն քչերին է հաջողվում. սթարթափերների խոսքը հարուստ է անգլերեն տերմիններով, որոնց հայերեն համարժեքը միանգամից դժվարանում են գտնել։

Անկախ լեզվից՝ սթարթափերների հետ զրուցելը միշտ հետաքրքիր է և, քանի որ խոսքը նոր ստեղծվող ու արագ աճող ընկերության մասին է, ապա նյութի համար կարևոր զարգացումներին երկար սպասել պետք չէ։ Խոսքը, իհարկե, միայն հաջողությունների մասին գրելը չէ։ Սթարթափների դեպքում պակաս հետաքրքիր չեն ձախողումները կամ սպառողների չարդարացված սպասումների ալիքը։

Դե իսկ հիմա որպես վերջին մի քանի ամիսները սթարթափ համայնք «ներխուժած» լրագրողի տեսանկյունից փորձեմ ներկայացնել՝ ինչպես կարելի է չկորցնել այս արագ զարգացող և փոփոխվող ոլորտը լուսաբանելու տեմպը։

Ի՞նչ եմ անում ես։

Նախ՝ հարցազրույցի համար պայմանավորվում եմ սթարթափի հիմնադիրների հետ, ինչը շատ հաճախ նշանակում է Google Calendar-ով հրավեր ուղարկել ու հաստատում ստանալ, որպեսզի հանկարծ չմոռանան նախնական պայմանավորվածության մասին։

Հարցազրույցի համար նախապատրաստում եմ ինչպես սովորական հարցեր, այնպես էլ հարցեր, որոնց պատասխաններն ինչ-որ չափով արդեն գիտեմ, իսկ հարցազրույցի ժամանակ չեմ խուսափում հիմար թվացող հարցերից։

Սովորական հարցերի դերը թերագնահատել չի կարելի. դասական պատրաստություն, դասական հարցազրույց։  Լսում ես ինչ-որ ընկերության մասին, փորձում ուսումնասիրել ու թեկուզ մակերեսորեն հասկանալ՝ ինչ խնդիր է լուծում, ում համար է լուծում և որքան լավ է լուծում (որքան լավը հիմնականում հնարավոր է պարզել միայն հարցազրույցի ժամանակ), ապա կազմում համապատասխան հարցեր։

Սակայն սովորական հարցերից բացի ցանկալի է միշտ ունենալ մի քանի հարց, որոնց պատասխաններն ինչ-որ չափով արդեն գիտես։

Նախքան հարցազրույցը ցանկալի է շատ կարդալ ընկերության մասին, եթե տեղեկություն քիչ կա, ապա փորձել գտնել ծանոթներ, որոնք կարող են պատմել ոչ միայն ընդհանուր գործունեության, այլև առանձնահատկությունների մասին։

Ինչու՞, որվհետև սթարթափերները հիմնականում սովոր են շփվել ու իրենց արտադրանքը ներկայացնել ներդրողներին, ոլորտի տարբեր ներկայացուցիչներին և նշել միայն այն կետերը, առավելությունները, երբեմն նաև թերությունները, որոնք կարող են հետաքրքրել նրանց, մոռանալով նրբություններ, որոնք կարևոր են սպառողի կամ, այս դեպքում, լրագրողի համար։

Ունեցած նախնական տեղեկությունն օգնում է ստանալ պատասխաններ, որոնք գիտեք, որ կարևոր են, բայց սթարթափի հիմնադիրն առանց ուղղորդող հարցի այդ մասին չէր խոսի։ Օրինակ՝ եթե նախապես չիմանայի, որ հայկական Renderforest սթարթափը հրաժարվել է բոլոր հնարավոր ներդրումներից, դժվար թե այդ մասին խոսեինք հարցազրույցի ժամանակ, ու այն չէր դառնա նյութի հիմնական ու կարևոր «մեխերից» մեկը։

Շատ կարևոր է տալ հիմար թվացող հարցեր։

Երբեմն կան ընկերություններ, որոնց առաջարկած ծառայությունը կամ արտադրանքը միանգամից հասկանալն այդքան էլ հեշտ չէ։ Հաճախ դրանք շատ տեխնիկական են և հասանելի միայն նրանց, ովքեր դրանով զբաղվում են կամ ունեն դրա կարիքը։

Սակայն, եթե ամեն դեպքում որոշել եք այդ մասին գրել կամ տեսանյութ պատրաստել, ապա պետք է այն ամբողջությամբ կամ գոնե հնարավորինս լավ պատկերացնել՝ լսարանին պարզ ու հասկանալի ներկայացնելու համար։

Հետևաբար հիմար հարցերը անխուսափելի են։ Դրանց պայմանականորեն անվանենք հիմար, որովհետև հետո դրանք դառնում են շատ օգտակար։

Օրինակ՝ հայկական XCloud սթարթափի մասին հարցազրույցը սղագրելիս գիտակցում էի, որ մի հարցը մի քանի անգամ եմ տվել, որովհետև այդ պահին պատասխանը պարզ չի եղել, կամ գուցե զրուցակցի տեսանկյունից հասկանալի հատվածները ինձ համար մի շարք հարցերի առիթ են եղել, բայց հետո նյութը գրելիս հասկացա՝ ինչքան կարևոր էին այդ «ավելորդ» հարցերը՝ հստակ ձևակերպումներ ստանալու համար։

Նյութից առաջ կամ հետո (ըստ անհրաժեշտության) կարդում եմ հոդվածներ տվյալ թեմայի հետ կապված որոշ տեխնիկական լուծումների մասին՝ նախապես «բոբիկ» չզգալու, իսկ վերջում ամեն ինչ հնարավորինս հեշտ բացատրելու համար։

Օրինակ՝ պատկերացրեք նյութ եմ պատրաստում հայկական Shellguard սթարթափի մասին՝ նախապես պարզապես իմանալով, որ այն օգնում է ընկերությանն ավելի ապահով լինել առցանց հարթակներում։

Հարցազրույցի ժամանակ առաջին անգամ լսում եմ penetration testing՝ թափանցելիության թեստ, արտահայտությունը, ինչի ապահովումն էլ, պարզվում է, սթարթափի գլխավոր առաքելությունն է։ Գրել, որ սթարթափն ապահովում է  թափանցելիության թեստ ու անցնել առաջ՝ կնշանակի ոչինչ չասել։

Պետք է կարդալ, ամբողջությամբ հասկանալ՝ ինչ է թափանցելիության թեստը՝ այն ճիշտ ներկայացնելու, ապա արդեն հարցազրույցին անցնելու և սթարթափի գործունեության մասին գրելուն։  

Մեկ այլ օրինակ է բլոքչեյնի մասին հոդվածը, որտեղ կա նաև անդրադարձ հիմքում այդ տեխնոլոգիան ունեցող նախաձեռնությանը։ Ես նախապես չգիտեմ՝ ինչ է բլոքչեյնը ու որոշում եմ, որ այն կարելի է պարզել հենց հարցազրույցի ժամանակ։

Առանց նախնական պատրաստվածության սկսում եմ հարցազրույցս, ապա ժամանակային խնդրի պատճառով այն կիսատ թողնում՝ հաջորդ օրը շարունակելու պայմանավորվածությամբ։

Մեկօրյա այդ դադարը դառնում է պատճառ արդեն իսկ ունեցած որոշակի տեղեկության հիման վրա թեման ուղղորդված ուսումնասիրելու, տարբեր տեսանյութեր դիտելու, թեմային ծանոթ, բայց դրանում ոչ ամբողջությամբ մասնագիտացած մարդկանց հետ խոսելու ու հասկանալու համար՝ իրենց ի՞նչ հարցեր է հետաքրքրում, որոնց պատասխանները այլ նյութերում դեռ չեն ստացել։

Սա օգնում է հաջորդ օրը հարցազրույցն արդեն ավելի կառուցողական ու կոնկրետ օրինակներ պահանջող հարցերով շարունակել և, օրինակ ճշտել՝ հնարավո՞ր է արդյոք գործարքների ժամանակ «խաբել» բլոքչեյն համակարգին՝ փոխացնումներ կատարելու տեսանկյունից։ Եթե տեսանյութերից մեկում թեկուզ ոչ պարզ, բայց անդրադարձ չլիներ այդ հարցին, գուցե այպես էլ այդ մասին չզրուցեինք, որովհետև թվում էր, որ համակարգով խարդախություններ անելու ոչ մի տարբերակ լինել չի կարող։

Նախքան նյութը պատրաստելը միշտ ճշտում եմ՝ որ փուլում  է սթարթափը, իսկ նյութը հրապարակելուց առաջ հաճախ առաջարկում, որ զրուցակիցն այն կարդա։

Հայաստանում այժմ բազմաթիվ միջոցառումներ, մրցույթներ են կազմակերպվում, որոնց ժամանակ տարբեր սթարթափներ ներկայացնում են իրենց արտադրանքը, արված աշխատանքն ու ապագա անելիքները։

Միջոցառումները սովորաբար բաց են բոլոր ցանկացողների, այդ թվում լրագրողների համար։ Այսինքն՝ տեղեկությունը հանրային է, հետևաբար հանգիստ կարելի է նյութ պատրաստել ներկայացվող ցանկացած թեմայի մասին։

Սակայն, նախքան նյութը պատրաստելը, ցանկալի է հասկանալ՝ որ փուլում է սթարթափը ու ի՞նչ կարելի է ակնկալել թիմից մոտ ապագայում։

Ինչու՞, որովհետև երբ գրվում է սթարթափի մասին, մարդիկ արդեն ակնկալում են տեսնել այդ պրոդուկտը կամ ծառայությունը իրական կյանքում, սակայն պարզվում է, որ սթարթափը դեռ չի ստացել համապատասխան ներդրում այն իրականացնելու համար և մասնակցում է հանրային միջոցառումների՝ պոտենցիալ ներդրողների հետ ծանոթանալու համար։

Բացի այդ, պետք է հաշի առնել, որ պատենտավորման փուլում գտնվող սթարթափների համար գուցե ավելորդ խնդիր լինեն հանրային հրապարակումներն ու խանգարեն գործընթացներն ավարտելուն։ Քանի որ ստրատափներին վնասելու հատուկ միտում չունենք, լավ կլինի մի քանի ճշտում անել նախքան նյութը հրապարակելը:

Երբ նյութն արդեն պատրաստ է, հաճախ  զրուցակցին առաջարկում եմ նախքան հրապարակելն այն կարդալ։ Սա կարևոր է այս ոլորտը լուսաբանելիս, որովհետև հաճախ կարող են լինել նոր եզրույթներ կամ հասկացություններ, որոնք կախված համատեքստից կարող են տարբեր նշանակություն ունենալ և երբեմն հնարավոր է սխալվել կամ ինչ-որ երևույթ ճիշտ չներկայացնել։

Բայց հոդվածը կարդալ դեռ չի նշանակում դառնալ խմբագիր։ Զրուցակիցը կարող է անդրադառնալ միայն սխալներին կամ առաջարկել ինչ-որ միտք ավելի պարզ կամ հասկանալի գրելու տարբերակ։

Փորձում եմ բացատրել բոլոր այն բառերը, եզրույթները, որոնք կարող են անհասկանալի լինել ընթերցողին։

Պետք է հստակ հասկանալ՝ գրում եք միայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչների՞, թե՞ ավելի լայն շերտերի համար։ Եթե տվյալ սթարթափի մասին գրում եք միայն սթարթափերների համար, ապա չարժե  կենտրոնանալ եզրույթների վրա։

Եթե գրում եք նաև, ձեր մայրիկի համար, ով ուսուցչուհի է և  ցանկանում է օգտվել, օրինակ, զեղչի քարտերը թվային դարձնող և մեկ հավելվածում պահող սթարթափի մասին, ապա պետք է բացատրել այն բոլոր եզրույթները, որոնք կարող են պարզ չլինել։

Եթե տվյալ եզրույթը չունի համապատասխան լավ թարգմանություն, ապա պետք է պարզապես մի քանի բառով այն բացատրել կամ ինչ-որ շոշափելի, կիրառելի օրինակ ներկայացնել։

Օրինակ՝ telemedicine եզրույթը հայերեն հեռաբժշկությունն է, սակայն մտավախություն կա, որ քիչ կիրառելիության պատճառով շատերը լավ չեն պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը։

Հետևաբար ցանկալի է մեկ նախադասությամբ այն բացատրել՝ նշելով, օրինակ, հետևյալը՝ հեռաբժշկությունն առողջապահական ոլորտում հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն է հեռակա խորհրդատվություն տրամադրելու համար։

Եթե խոսքն ավելի դժվար բացատրելի եզրույթների մասին է, ապա պետք է գիտակցել, որ տվյալ նյութն ունի ավելի նեղ լսարան և երկար բացատրությունների փոխարեն պարզապես փորձել հայերեն ճիշտ համարժեքներ գտնել կամ որոշ դեպքերում նույնիսկ կիրառել անգլերեն տարբերակը։

Օրինակ՝ «Ընկերությունն ապահովում է cloud consulting, migration and deployment»։ Կարելի է պարզապես գրել «ապահովում է ամպային տեխնոլոգիաների հետ կապված խորհրդատվություն, ծրագրային ապահովման տեղափոխում և տեղակայում ամպային սերվերում»։

Սթարթափները, ամեն դեպքում, սարսափ չեն, ինչպես տատիկիս էր թվում։ Սթարթափները պարզապես նոր մշակույթ են ստեղծում, նոր տեմպ են հաղորդում շուկայական մրցակցությանն ու հետևաբար պետք է միշտ մնալ տեմպի մեջ դրանք լուսաբանելու ու ավելի լայն հարթակների հասանելի դարձնելու համար։

Մանե Գևորգյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *