2018.03.13,

Քննադատ

Ազգ-դպրոց, ազգ-կինո, ազգ-լրատվամիջոց

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այն պետական ուղերձները, որոնք ակտիվորեն շրջանառվում են Հայաստանում ու փորձում են հանդես գալ որպես ինքնության բանաձևեր, գրեթե միշտ օգտագործում են «ազգ» բառը որպես ունիվերսալ (այսինքն` կիրառելի անխտիր բոլորի հանդեպ) մի բան: Նույն ազգից ենք, ուրեմն հավասար ենք…

Այս կասկածելի բանաձևը (ազգայինը երբեք հավասարի հոմանիշը չէ, ինչպես նաև տարբեր ազգային պատկանելություն ունենալը չի հակադրվում հավասարությանը՝ սոցիալական, տարիքով, սեռով, ֆիզիկական կամ մասնագիտական կարողություններով պայմանավորված) կիրառվում է որպես հիմնավորում, որը միտված է պաշտպանիչ դեր կատարելու վտանգավոր իրավիճակներում:

Օրինակ` պատերազմական:

Վերահաս ու մշտական պատերազմի սպառնալիքն այն արդարացումն է, որի հիման վրա վերջին տարիներին կառուցվում է պետական գաղափարախոսությունը` համոզելով ՀՀ քաղաքացիներին, որ մեկ ազգ ենք, քանի որ սպառնալիքը բոլորինս է:

Սպառնալիքն այն ենթատեքստն է, որը թույլ է տալիս հանգիստ սրտով ասել՝ ազգ-բանակ, ազգ-բռունցք, ազգ-իղձ ու տողատակում հասկանալ պատերազմ: Եվ նշանակություն չունի` պատերազմը հայտարարված է, թե չհայտարարված, անցյալում  էր, թե ներկայում է, հաղթանակ է եղել, թե պարտություն:

Կարևորը, որ պատերազմը, այսինքն` աղետը, միավորող է: Եթե կա այդ վտանգը, ուրեմն ազգ ես:

«Ազգային» բառի շահարկումն ու փորձերն այն անընդհատ, պատեհ կամ անպատեհ ամրացնելու տարբեր ոլորտների վրա (կինոյի, դպրոցի, խոհանոցի, վարքագծի, հագուկապի և այլն) արդեն արվում են համատարած ու անգիտակցաբար:

Երբ գրեթե բոլոր ելույթներում, քննարկումներում ու անգամ առօրյա սոցցանցային զրույցներում անընդհատ ջրի երես է գալիս «ազգ» բառը (կամ էլ դրա ավելի հասանելի դուստր-իմաստներ պարունակող բառերը՝ «հայեցի», «հայավարի», «հայուգեն», «հային հարիր» և այլն), այն օգտագործվում է պայքարի, կռվի, հակադարձման, հակահարվածի, ամեն դեպքում՝ հակառակվելու համատեքստում:

Իսկ քանի որ լուռ համաձայնությամբ ընդունված է, որ հայը հային չի հակառակվում («հայ ես դու, հայ եմ ես, վախ քո ցավը տանեմ ես»), տեղի ունեցավ լուրջ իմաստային տեղաշարժում՝ մարդկանց ինքնության որոնումները ներաշխարհից տեղափոխվեցին դուրս, պետական սահմաններից էլ այն կողմ: Այնտեղ, որտեղ կա վտանգ: Ավելի ճիշտ՝ առաջարկվեց ընդունել, որ ներսում վտանգ չկա, վտանգը միայն դրսում է:

Իսկ ազգային ինքնությունը դարձավ այդ վտանգին դիմադրելու միակ անբեկանելի կռվանը:

Դրան մեծապես նպաստեց այն պետական հայեցակարգը, որը ստացավ «ազգ-բանակ» անվանումը:

Միավորվելը հանուն կռվելու այլևս պետական ձևակերպում ու սատարում ունեցող նախապայման է, քանի որ «բանակ» բառը հուշում է, որ կա ռազմաճակատ, զենք ու թշնամի: Եվ կա բոլորի համար:

Այսինքն՝ արտառոց իրավիճակը, աղետը (իսկ պատերազմը միշտ աղետ է) այլևս առօրյա է:

«Ազգ-բանակի» տրամաբանությամբ՝ ազգը ոչ թե պայքարում է պատերազմի դեմ, այլ չի վախենում պատերազմից ու պատրաստ է պատերազմել, քանի որ իր ինքնությունը գտնում է պատերազմին պատրաստ լինելու գաղափարում:

Պատերազմը որպես նորմալ, առօրյա իրավիճակ ընդունելու մեջ հակասություն չեն տեսնում թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը: Համենայնդեպս, ոչ մի կողմից չի հիշեցվում, որ պատերազմը սարսափ է, մահ ու ոչնչացում, ու պատերազմից խուսափելը մարդու բնական բնազդն է:

Իհարկե, պատերազմը բացառելու բնազդը ոչ մի տեղ չի կորել, այն պարզապես քնեցվել է: Հանուն ինքնության:

Բայց շատերը զգում են, որ ազգայինը՝ հանուն պատերազմի, դարձել է շղարշ, ծածկոց, որը թաքցնում է մի դեպքում դատարկությունը (խաղաղության իղձի անհնարինությունը), իսկ մյուս կողմից՝ հեռանկարների բացակայությունը (ոչ ոք չի ասում, թե ինչ է լինելու հանուն պատերազմելու միավորվելուց հետո, երբ կրկին վերականգնվի խախտված ներդաշնակությունը):

Կյանքի մասին պատկերացումները սահմանափակվում են միայն ներկա պահով, որը տագնապալի է, սպառնալիքով լի ու զոհեր է պահանջում:

Կարելի էր սպասել, որ կյանքի մասին պատկերացումներ ստեղծող երեք ոլորտներ՝ դպրոցը, կինոն ու մեդիան, կարող են լուրջ դեր կատարել, եթե կարողանան այս ռազմականացված դիսկուրսից դուրս գալու մոդելներ գտնել: Օրինակ` ստեղծել խաղաղ ու ներդաշնակ ազգային իղձ:  

Որպեսզի գոնե մակերեսային շերտում պարզ լինի, որ կան հեռանկարներ: Որ կա ճանապարհ, ոչ թե միայն կանգառ:

Դպրոց

Բրիտանացի քաղաքագետ ու սոցիոլոգ Բենեդիկտ Անդերսոնը ազգը բնորոշում է որպես «երևակայական միավորում»: Դա մի համայնք է, որն ունի նույն հիշողությունները: Ազգային պատմությունը, անցյալում պատահածը, չար ու բարի հերոսների կերպարները օգնում են գտնել ազգային պատկանելության նշաններ: Եվ առանցքային բառն այստեղ «երևակայականն» է, քանի որ հուշերը ճշգրիտ գիտություն չեն:

Ինքնության այն մոդելը, որն առաջարկում է Հայաստանի ժամանակակից դպրոցը, ապացուցում է Անդերսոնի այս դրույթը: Հնարվածի, աբստրակտի ու իրականի սահմանների լղոզումը սկսվում է հենց առաջին դասարանից:

Ազգը բացատրվում է ընտանիքի մոդելի հիման վրա: Ասվում է՝ երեխաներ, դուք հայր ու մայր ունեք, մեր ազգն էլ ունի հայր, և դա Հայկ նահապետն է:

Դպրոցը ստեղծում է պատկերացում, որ իրականության ու առասպելի միջև տարբերություն չկա, եթե և՛ իրական մարդիկ (ասենք` Վարդան Մամիկոնյանը),  և՛ հնարված կերպարները (Հայկ նահապետը) պատերազմել են հանուն հայերի:

Ազգային առաջին նշանները, որ տալիս է դպրոցը, հակասական են և նեղացնում են մտահորիզոնը:

«Ես հայ եմ, իմ հայրիկը հայ է, իմ պապիկը հայ է, մեր երկրի անունը Հայաստան է, այն կոչվել է Հայկ նահապետի անունով: Հայերը ապրել են դարեր շարունակ և կապրեն ընդմիշտ: Ես հպարտ եմ, որ հայ եմ»,- մոտավորապես այսպես է գրված  առաջին դասարանի մայրենիի դասագրքում:

Հաջորդ տեքստը. «Հայաստանն իմ տունն է: Սա Հայկն է, նա սիրում է Հայաստանը, հայոց լեզուն և Մասիս սարը»: Սա դեղատոմսի պես պարտադիր մեկնակետ է համարվում: Երեխային թույլ չի տրվում ենթադրել, որ նա կարող է չսիրել Մասիս սարը և մնալ հայ: Իսկ եթե նրա պապը հայ չէ՞…

Հետագայում «Հայրենագիտություն» առարկան է սովորեցնում, որ «հայրենիք» ասելով` աչքի առաջ պետք է ունենալ միֆական Հայոց աշխարհը, մի բան, որն իրական չէ, քանի որ չկա ոչ մի քարտեզում: Այն միայն մտքերում է ու կարոտալի տողերում:

Հաճախ դպրոցում հենց պատերազմների մատուցումն է դառնում մաքուր աբստրակցիա, երբ, օրինակ, հակառակորդի մասին գրեթե ոչինչ չի ասվում (կամ միայն բացասական բաներ են ասվում), փոխարենը փառաբանվում է այն կողմը, որը կազմված է էթնիկ հայերից:

Նման ծայրահեղ ու պարզունակ ազգայնացումը արդյունավետ կլիներ, եթե ապրեինք փակ շրջանակներում՝ աշխարհից կտրված, առանց տեղաշարժվելու իրավունքի ու երկաթյա վարագույրի պայմաններում, կամ էլ՝ միայն հայերով բնակեցված մոլորակում:

Դպրոցն, իհարկե, շատ խնդիրներ ունի, բայց ամենակարևոր խնդիրն այն է, որ դպրոցը չի պատրաստում երեխաներին ապրելու մեծ ու բազմագույն աշխարհում, որտեղ կան այլ մարդիկ, ազգեր, նվաճումներ, ինքնադրսևորման հարթակներ ու ինքնության նշաններ:

Եվ եթե մանուկ հասակից սովորեցնում ենք ինքությունը որոնել հիմնականում վերացական ու պատերազմական  իրավիճակներում, երեխաներին դարձնում ենք մեկուսացված:

Հետևաբար, նաև անպատրաստ սպառնալիքներին, որոնք հաղթահարվում են ոչ պատերազմական գործողություններով:

Կինո

Վերջին տարիներին Հայաստանում ստեղծված ֆիլմերից շատերը անպայման անդրադառնում են պատերազմին` որպես ներշնչանքի ու մաքրագործման աղբյուրի: Իհարկե, ուշադրությունից դուրս ենք թողնում տարբեր միջակ կատակերգություններն ու «խնդալու» ժանրի ցածրորակ ֆիլմերը:

Քիչ թե շատ հաջողված ֆիլմերում շատ է պատերազմական թեման, որը կարող է լինել հպանցիկ կամ ամբողջական՝ ռազմական գործողություններով, մահերով, սպանություններով կամ էլ նախապատմության տեսքով:

Բայց ակնհայտ է, որ երբ հեղինակներն ուզում են ստեղծել դրական հերոս, ապա գրեթե միշտ նրան դարձնում են պատերազմի միջով անցած: Պատերազմն է կոփում ու ստիպում հերոսներին վերանայել իրենց հայացքները, դառնալ ինքնաբավ ու նշանակալի, քանի որ առօրյա կյանքը նրանց չի տալիս այդ հնարավորությունը:

Կինոն տեղ չի թողնում խաղաղ կյանքում ներշնչանքի ու ներդաշնակության համար: Դա բարդ է և հենց այդ բարդության շնորհիվ՝ արժեքավոր:

Խաղաղ կյանքի իրավիճակ մոդելավորելու համար հարկ է դուրս գալ պարզագույն ռազմական էթիկայից՝ մենք-նրանք, դաշնակից-թշնամի, սև-սպիտակ, ու մտնել մի դաշտ, որտեղ հանրային, ընտանեկան ու ներաշխարհային կապերը այլ կերպ են գործում: Ավելի նուրբ, աննկատ, փիլիսոփայական, առանց զենքի ու սահմանագծերի:

Կյանքը պատերազմ չէ, և հաճախ, չուզելով ու ստիպված, բայց պետք է լինում պայմանավորվել, հաղորդակցվել, քննարկել ու լսել: Իսկ պատերազմական իրականությունը՝ տեղափոխված էկրան, թեև կարող է հուզել ու ցնցել, բայց երբեք չի ստեղծում երջանիկ մարդու կերպար: Կամ էլ առնվազն երջանկություն որոնողի:

Ի վերջո, եթե հերոսը իր երջանկությունը կապում է պատերազմական հուշերի կամ  կրկին ռազմաճակատ վերադառնալու հետ, ապա ինչ-որ բան հասարակության մեջ իսկապես կոտրվել է:

Իրականում, երջանիկ կյանքի ուրվագծումը կարևոր էթիկական պահանջ է կինոյում, որը ուղիղ կերպով վիզուալիզացնում է մարդուն: Անհատին, ոչ թե բանակը:

Միգուցե նաև դա է պատճառը, որ հայկական կինոյում ապագայի մասին ֆիլմեր չկան (ասենք` գիտաֆանտաստիկ կամ ֆենթըզի, տարբեր հայազգի թզուկներով ու վիշապներով), այսինքն` չեն եղել զուգահեռ իրականության ստեղծման փորձերը, իսկ անցյալը համարվել է հումք՝ տարբեր թշնամիների դեմ պայքարելու համար:

Մենք չունենք խաղաղության հաջողված կինոպատմություններ, քանի որ չգիտենք, թե այն ինչպիսին է: Իսկ պատերազմական կինոպատմություններ, որոնք հաջողված են, ունենք:

Եվ դրանք, թերևս, որևէ հենարան գտնելու ենթագիտակցական փորձեր են: Կյանքը հենարան չունի (հենարանն ամեն վայրկյան արարվում ու փոխակերպվում է), իսկ պատերազմական արտառոց իրավիճակը առաջարկում է  պարզ հենարան՝ ստիպված ես կռվել, քանի որ պատերազմ է: Եվ գիտես, թե ով է թշնամիդ:

Խաղաղ կյանքում թշնամիներ չկան, կան հարևաններ, բարեկամներ, տարբեր ազգեր, սեռեր ու տարիքներ, տարբեր առողջական վիճակներ, սոցիալական կապեր, հաղթահարման ենթակա բռնության արտահայտումներ:

Դու ստիպված ես այդ կյանքում ինքդ գտնել քո տեղը: Ոչ ոք քո փոխարեն այն չի ընտրում ու, առավել ևս, չի հրամայում մնալ այդ տեղում ու լինել պատրաստ զոհվելու (ինչպես ռազմաճակատում):

Մեդիա

Նույն բանը նկատվում է նաև լրատվական դաշտում, որտեղ լրագրողական պահանջված հմտություն է համարվում ցանկացած թեմա հայրենիքի պաշտպանության ու պատերազմական իրավիճակի հետ կապելը:

Մեդիայում պատերազմն ընկալվում է ավելի լայն: Օրինակ` մարտերը տեղափոխվում են սպորտ, մշակույթ, բարձր տեխնոլոգիաների ոլորտ և ընդհանրապես ամենուրեք:

Եթե կարդում ենք լրահոսում ինչ-որ մրցանակ ստացած մարզիկի կամ նկարչի մասին, ուրեմն նա մեդիայում ներկայացվում է որպես «ազգային հերոս», որը փառաբանել է հայի տեսակը, հայ ազգը, հայկական ավանդույթները: Իսկ եթե, ընդհակառակը, պարտվել է, ապա դա կա՛մ անտեսվում է լրահոսում, կա՛մ բացատրվում թշնամական ինտրիգներով:

Դիտում ես ռեպորտաժ, թե ինչպես է Հայաստանում զարգանում անիմացիան, ու համոզվում ես, որ լրագրողներն անիմացիան կապում են «ռազմահայրենասիրական դաստիարակության» հետ: Եթե ռեպորտաժ է որևէ դպրոցի մասին, ապա աշակերտներն ասում են, թե ինչպես են երազում զինվոր դառնալ:

Իսկ եթե հայտնում են արական սեռի երեխայի ծննդի մասին, ապա անպայման նշում, որ զինվոր է ծնվել:

Կա մեկ այլ մոտեցում. երբ հարկ է լինում բացատրել որևէ անհաջողություն, շեշտադրվում է ոչ թե բուն անհաջողությունը, այլ թշնամական պետությունների հետ համեմատությունը:

Ասենք` ասվում է, որ թերացում կա որևէ ոլորտում, բայց մատնացույց է արվում, որ հարևանների մոտ ավելի վատ է: Եթե Հայաստանում նվազում է խոսքի ազատությունը, ապա այն ավելի շատ է նվազում մեր կողքի պետություններում: Որպեսզի գոնե համեմատելով` կարողանանք հաղթած դուրս գալ:

Հայաստանում սովետական երկերեսանի վարքագծից (երբ ասում էիր մի բան, մտածում՝ մեկ այլ բան) ազատվելուց հետո փորձ արվեց հիմնվել արխաիկ մոդելների վրա: Եվ ազգայինի վրա կենտրոնանալը այդպիսի ելք էր: Արխաիկ «ազգ» բառն ավելի նախընտրելի է, քան «քաղաքացին»: Իսկ «երկիրը» գերադասելի է «հանրապետությունից»:

Մեդիան, հատկապես հեռուստատեսությունը, սիրում է վերացական «ազգ» ու «երկիր» բառերը, որոնք ավելի հեշտությամբ են կապվում ռազմական թեմայի հետ: Եթե ասես «հանրապետության թշնամի», կնշանակի, որ հանրապետությունը քննարկել է, մարսել ու ձևակերպել է, թե ով է այդ թշնամին: Իսկ ասելով, որ «երկիրը ունի թշնամիներ», լղոզում ես թե՛ քո, թե՛ թշնամու կերպարը:

Դա օգնում է «ազգ-բանակ» հասցեին հնչող ցանկացած մեղմ հակադարձողին (անգամ` պացիֆիստին) նույնպես գրանցել թշնամիների շարքում: Քանի որ ստացվում է, որ եթե դեմ ես տոտալ ռազմականացմանը, ուրեմն դեմ ես ազգին: Ավելին` այս ազգից չես:

Այն բարդ իրավիճակը, երբ խոսելով պատերազմի մասին անպայման պետք է խոսել նաև զոհերի մասին, լրատվական դաշտը հաղթահարում է համատարած հերոսացման մատրիցայով:

Լրագրողական նյութերում ու սոցցանցային գրառումներում անընդհատ շրջանառվում է «հերոս» բառը, որը մտնում է առօրյա բառապաշար` որպես պատերազմը, աղետը և, ի վերջո, մահը բացատրելու փորձ:

Մահացածը դիտարկվում է ոչ թե զոհ, այլ հերոս, քանի որ այլ կերպ նրա մահը չի կարող արդարացվել:

Զոհի ու հերոսի տարբերության միտումնավոր ջնջումը այլևս թույլ չի տալիս ազատվել քարոզչական բեռից: Չենք կարող ասել «զոհ» հայի մասին, «զոհերը» միշտ այլազգիներն են (այդ միտքը մխրճվում է դեռ դպրոցից): Հայը հերոս է, նույնիսկ այն դեպքում, երբ զոհվել է:

Այս պարզունակ հայեցակարգի հետ ստիպված ենք բախվել ամեն օր: Դա են փորձում փոխանցել հիմնական մեդիա հարթակները, որոնք ունեն մեծ լսարան ու լայն թիկունք:

Եվ եթե անգամ լինում են անդրադարձներ ՀՀ Զինված ուժերում իրական խնդիրների մասին, որոնք բնավ էլ չեն բացատրվում թշնամիներով, այլ ներքին հիերարխիկ ամենաթողությամբ կամ գիտելիքների պակասով, դրանք, միևնույն է, սակավ լսելի են:

Ապրելու պարզ ու թանկարժեք մարդկային ցանկությունն ու խաղաղության մասին պատկերացումները ընդհանրապես լսելի չեն: Եվ կարծես բոլորը հասկանում են, որ դա պարտության նշան է, բայց ավելի ուժգին ու ցուցադրաբար շարունակում են խոսել ազգի անունից ու մեծ վտանգներ գուժել: Այդպես ավելի հեշտ է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *