2018.03.06,

Քննադատ

«Ստալինի մահը». ծիծաղի ու պրոպագանդայի ուրախ բախումը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երբ Ռուսաստանում արգելվեց «Ստալինի մահը» բրիտանական կատակերգության ցուցադրումը, պարզ էր, որ պատճառները գեղագիտական չէին: Չէր խախտվել նաև որևէ օրենք, քանի որ ֆիլմի ցուցադրման օրինական իրավունք կար:

Այս դեպքում աշխատեց գաղափարախոսական արգելքը, քանի որ միայն ֆիլմի ժանրը (գրոտեսկային կատակերգություն) և նորագույն Ռուսաստանի հենասյունային միֆը (Ստալինի կերպարի վրա խարսխված) թույլ չտվեցին Ռուսաստանի պետական կառույցներին հանդուրժել, որ Ստալինի մահը կարող է մեկնաբանության առիթ լինել: Եվ այն էլ ուրախ:

Դա դեմ է պրոպագանդայի էությանը:

Պրոպագանդան նախընտրում է գործ ունենալ դեմքի լուրջ արտահայտությամբ արված ուղերձների հետ և ոչ մի դեպքում չի հանդուրժում ծաղրական երանգները: Քարոզիչը ծաղրում է ուրիշին, թիրախ ընտրվածին, բայց իր շուրջ առաջացած ծիծաղին պատասխանում է տարօրինակ կերպով՝ արգելում է ծիծաղելը (որքան էլ դա ծիծաղելի թվա):

Ֆիլմը Ռուսաստանում անվանեցին «հիվանդագին», «չարախինդ ու անտեղի իբրև թե կոմեդիա», «երկրի հանդեպ տարվող հոգեբանական պատերազմի հերթական փորձ»:

Մի խումբ արվեստագետներ նամակ ուղարկեցին մշակույթի նախարարին համարելով, որ ֆիլմը «ատելություն ու թշնամանք է սերմանում, նսեմացնում է ռուս (սովետական) մարդու արժանապատվությունը»:

Եվ ի վերջո, դա «էքստերմիզմ» է, քանի որ «ֆիլմը սևացնում է մեր քաղաքացիների պատիվը, որոնք հաղթել են ֆաշիզմը»:
Արդյունքում Ռուսաստանի մշակույթի նախարարությունը զրկեց «Ստալինի մահը» ֆիլմը վարձույթի արտոնագրից և տուգանեց արդեն իսկ մի քանի ցուցադրություն կազմակերպած կինոթատրոնին:

Վերջին տարիներին Ռուսաստանում աշխատում է «հզոր հայրենիքի» պրոպագանդան: Ընդ որում՝ ռուս քարոզիչները նկատի ունեն միաժամանակ թե՛ Սովետը, թե՛ հիմա գոյություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունը: Քարոզչությունը գիտակցաբար փորձում է ջնջել այդ երկու իրականությունների սահմանները, քանի որ շեշտը դրել է հպարտանալու շղթայի վրա:

Եվ հպարտության համար առանքային ֆիգուր է դարձել Ստալինը, որն ապահովում է ուժեղ ղեկավարի, «երկաթե բռունցքի» միֆի շարունակականությունը:

Միայն նախագահ Պուտինի ժամանակ Ստալինին նվիրված ավելի շատ թանգարաններ, հուշատախտակներ ու հուշարձաններ են բացվել, քան ԽՍՀՄ-ի գոյության վերջին քսանամյակում:

Ստալինը ամենաակնառու անունն է այսօրվա Ռուսաստանում: 2017 թվականի հարցման արդյունքները ցույց տվեցին, որ ռուսաստանցիների 38 %-ը հենց նրան են նշում որպես բոլոր ժամանակների հայտնի մարդ:

Ռուսաստանում սերիալներով, հաղորդումներով ու այլ մեդիա բովանդակությամբ այնքան են ընտելացրել, որ Ստալինը մեծություն էր (որոշակի սխալներ արել է, բայց միևնույն է ինքը մնում մեծություն), որ լսարանի մոտ ձևավորվել է պատկերացում, որ «մեծ» մարդուն կարելի է փառաբանել (իհարկե, մի քիչ էլ, թեթևակի քարկոծել), բայց նրա վրա ծիծաղել չի կարելի:

Եթե ծիծաղում ես Ստալինի վրա, ապա ծիծաղում ես նաև այսօրվա իշխանավորների վրա, որովհետև երկուսն էլ մեծ են, խոշոր ու փառաբանման ենթակա:

Ծիծաղը բոլոր ժամանակներում կազմաքանդող դեր է ունեցել: Այն օգնել է զրոյացնել ավելորդ շերտերն ու նորովի կառուցել իրավիճակը, մարդուն, դարաշրջանը, նաև գաղափարախոսությունը:

Իսկ ժամանակակից Ռուսաստանին նոր բան պետք չէ, այն անընդհատ շրջանառում է նախորդ կայսրության՝ ԽՍՀՄ-ի, ուժն ու փառքը՝ ստեղծելով կարոտախտի ու հայրենասիրության խառնուրդ ու տեղափոխում այն ներկա:  

Բնական է, որ ջանասիրաբար ստեղծված այդ խառնուրդը զսպաշապիկի դեր է կատարում: Հասարակությանը համոզում են, որ անցյալը կասկածի տակ դնողներն ու (Աստված չանի) անցյալը ծաղրել հանդգնողները թշնամիներ են:

Ստացվում է, որ թշնամիներն էլ ստեղծել են այս ֆիլմը, իսկ պետությունը հիմա փրկում է հանդիսատեսին այդ թշնամիներից:

«Ստալինի մահը» նկարահանվել է ֆրանսիական գրաֆիկական նովելի հիման վրա և շատ ծիծաղելի ֆիլմ է: Ծիծաղն այստեղ ծագում է այն բանի շնորհիվ, որ չկա իշխանության սրբացում ու բռնություն կիրառելու թույլտվություն՝ հանուն հայրենիքի փրկության կամ ինչ-որ այլ վեհ գաղափարների:

Հարցն այն է, որ եթե իշխանությունը բացարձակ է, ապա այն միշտ վատ ավարտ է ունենում: Օրինակ, եթե ուզում ես բռնություն գործելու մենաշնորհ ունենալ, ապա ավարտդ կլինի ծիծաղելի մահով ու ծիծաղելի գզվրտոցով: Ինչպես Ստալինը, իսկ ֆիլմի վերջում նաև՝ Բերիան, իսկ հետո՝ արդեն բոլոր-բոլորը:

Միֆերը որպես կանոն սակավ տրամաբանական են ու հասցեագրված են լսարանի էմոցիաներին:

«Ստալինի մահը» ֆիլմում, օրինակ, խոսք անգամ չկա ֆաշիզմի մասին, ինչպես պնդում են ֆիլմն արգելողներն ու Ռուսաստանի եկեղեցականները, որոնք ֆիլմը անվանեցին «նացիստական գաղափարախոսությամբ լի» «ռուսական հասարակության կեղծիք», իսկ հեղինակները դարձան «ռուսական պատմության վրա թքողներ»:

«Մենք պետք է ինքներս ներկայացնենք մեր պատմությունը, այլ ոչ թե հանձնարարենք դա ուրիշներին»,- ասել է  եկեղեցու ներկայացուցիչը:

Ռուսաստանին հարկավոր է Ստալինը, որը ըստ միֆի՝ իր ուսերին է վերցրել կայսրության ապագայի պատասխանատվությունը: Եվ եթե հիմա կինոն փորձում է ծիծաղելի իրավիճակ ու ծիծաղելով վախը հաղթահարելու մի պատմություն ստեղծել, ուրեմն «թուլացնում է ժողովրդին»:

Բացարձակապես անտրամաբանական այս բնորոշումները վկայում են, որ ռուսաստանյան քարոզչական մեքենան ստացել է այնպիսի ընթացք, որն այլևս չի կարող ուղղորդվել սթափ գնահատականով կամ դադար վերցնել:

Շոտլանդացի կինոռեժերիսոր Արմանդո Իանուչին ստեղծել է աբսուրդի կատակերգություն, որտեղ բոլորը զոհ են, քանի որ թե՛ մարդասպանները, թե՛ զոհերը ապրում են ամեն վայրկյան սպասվող մահվան պայմաններում: Նրանք պատրաստ են սպանության, անգամ գիտեն, որ նույն հաջողությամբ կարող են և՛ սպանել, և՛ սպանվել:

Եվ այս իրավիճակում մնում է միայն մահին հակադրել ծիծաղը: Այսինքն, թույլ տալ, որ պատմական դեպքերն ու դեմքերը ստանան անհրաժեշտ հեռավորություն, փաթեթավորվեն ուրիշ մշակութային շերտով ու ազատվեն բռնությանից՝ այն կազմաքանդելով:  

Այս շատ թափանցիկ ուղերձը ֆիլմն ուղղակի մատուցում է հանդիսատեսին սկուտեղի վրա՝ հետաքրքիր դերասաններով (օրինակ, փայլուն Սթիվ Բուշեմիով՝ Խրուշչովի դերում) ու գեղեցիկ անգլերենով:

Առաջարկվում է նայել պատմությանը բոլորովին այլ՝ երգիծական հայացքով: Եվ հենց այդ հրավերն է վտանգավոր համարում ռուսական քարոզչամեքենան, որի նպատակը նաև պատմությունը մեկնաբանողի մենաշնորհն ունենալն է:

Բռնությամբ իշխանության եկած առաջնորդներին պետք չեն մեկնաբանողներ, պետք են միայն ընդհանուր գծին ենթարկվողներ: Բոլոր ժամանակների ու երկների բռնակալները ուզում են, որ դեմքի լուրջ արտահայտությամբ (ոչինչ, եթե կեղծ է, կարևորը, լուրջ է) խոսեն հայրենիքի փրկության ու անհրաժեշտ զոհերի մասին:

Եվ բոլոր բռնակալներն էլ ենթագիտակցաբար գիտեն, որ բարձրաձայն ու լիաթոք ծիծաղը սասանում է իրենց դիրքերը:

Սասանվել չցանկացան ԵՏՄ-ի կազմում ընդգրկված մի քանի հետսովետական պետություններ: «Ստալինի մահը» մեծ էկրաններ չբարձրացավ Ադրբեջանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում:

Հայաստանում ֆիլմը ցուցադրվեց երկու կինոթատրոններում, բայց ընդամենը չորս օր, քանի որ ֆիլմը ցուցադրող ընկերությունը ռուսական է և ենթարկվում է ՌԴ-ի օրենքներին:

Իսկ Ռուսաստանում Ստալինը դեռ չի մահացել, չորս օր հետո այդ մասին տեղյակ պահեցին նաև հայաստանցիներին:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *