ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պատրաստվում է ուղեցույց, որի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանությունն է լրատվական անդրադարձներում:
Այն դեռ նախագծային տարբերակում է, բայց Պաշտպանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Էդուարդ Իսրայելյանն այն կարևոր փաստաթուղթ է համարում, քանի որ միջավայրը (նաև թվային) կարող է լուրջ սպառնալիք լինել երեխաների ներդաշնակ կյանքի համար:
Դպրոցը, ընտանիքը, սոցցանցերը, լրատվական ուղերձներն այն օղակներն են, որոնք ձևավորում են երեխաներին ու միաժամանակ՝ խոցելի դարձնում նրանց:
Լրատվական դաշտում երեխաների իրավունքների ինչպիսի՞ խախտումներ են գերակշռում:
Գերակշռում են անձնական տվյալների հրապարակման դեպքերը։ Օրինակ, վերջերս հրապարակվել էր մի նյութ, որտեղ ասվում էր, որ մոր պարտքի դիմաց երեխային առևանգել են ու ասել, որ մինչև մայրը գումարը հետ չտա, երեխային չեն վերադարձնի: Նշել էին միայն երեխայի անվան առաջին տառերը, բայց հայտնել էին բնակության վայրը, դպրոցն ու դասարանը։
Միջամտության արդյունքում լրագրողական նյութից հեռացվեց քաղաքի, դպրոցի ու դասարանի մասին տեղեկությունը։ Նման խախտումները լրատվական դաշտում շատ են:
Խախտումների մոնիթորինգ անու՞մ եք:
Իհարկե։ Հիմնականում դրանք նյութեր են, որտեղ ասվում է երեխաների սոցիալական վատ վիճակի, աղքատության մասին: Նաև մանկապարտեզներում ու դպրոցներում պատահած արտակարգ իրավիճակները:
Այժմ մշակում ենք ուղեցույց, որը կօգնի լրատվամիջոցներին զերծ մնալ երեխաների իրավունքները խախտելոuց: Այդ ուղեցույցը հիմա քննարկումների փուլում է և համաձայնեցվում է լրագրողական կազմակերպությունների հետ:
Միգուցե այն համաձայնագրի ձևաչափ կստանա ու լրատվամիջոցների համար կամավոր պարտավորվածության պես մի բան կդառնա:
Դրա հիմքը UNICEF-ի մշակած փաստաթուղթն է, որը դեռևս 2005 թվականին է հայերեն թարգմանվել ու պարունակում է կոնկրետ առաջարկություններ: Օրինակ այն, թե ինչպես պետք է վարվի լրագրողը, ինչ տեսանկյունից նկարահանի, ինչպիսի հարցերից խուսափի և այլն:
Եղել է դեպք, երբ հաղորդման նկարահանման ժամանակ լրագրողը հաշմանդամություն ունեցող երեխայի հետ տաղավարում գտնվող մորը հարցրել է. «Երբևէ մտածե՞լ եք երեխայից հրաժարվելու մասին»: Երեխայի ներկայությամբ այդպիսի հարց տալը պարզապես անթույլատրելի է:
Հայաստանում կան հեռուստաալիքներ, որոնք ցույց են տալիս ծայրահեղ վատ պայմաններում ապրող երեխաներին՝ ցանկանալով կոչ անել, որ լսարանն օգնի այդ ընտանիքներին: Հաղորդման ընթացքում ցույց են տալիս երեխաներին խղճուկ վիճակում, կեղտոտ միջավայրում։
Հաղորդավարներն էլ խոսում են խղճահարություն առաջացնող ձայնով: Առաջին հայացքից այդ հաղորդումների նպատակը թվում է շատ բարի, բայց նպատակին հասնելու միջոցը սխալ է:
Երեխային խղճուկ վիճակում ցուցադրելը չի բխում նրա լավագույն շահից: Անգամ, եթե այդ ընտանիքներին օգնություն է ցուցաբերվելու, միևնույն է, ոչինչ չի մոռացվելու: Այդ երեխաները գնալու են դպրոց կամ մանկապարտեզ և հայտնվելու են մշտական խարանի ներքո:
Հասկանալի է, որ թշվառ երեխայի կերպարը ապահովում է կայուն լրատվական պահանջարկ: Բայց կա նաև հակառակ իրավիճակ, երբ երեխան ուրախ, դեկորատիվ կցորդ է դառնում՝ մեծ միջոցառումներում ու մեծերի խաղերում:
Այո, հանդիպում ենք դեպքերի, երբ երեխաներին դրդում են խոսել մեծ արժեքների ու վեհ գաղափարների մասին: Եվ ակնհայտ երևում է, որ այդ բառերը երեխայինը չեն, այլ պարտադրված են մեծահասակների կողմից:
Վերջերս ռեպորտաժ էր ռեփ երգող 8-9 տարեկան երեխայի մասին, ու թեև այդտեղ չկար ակնհայտ կերպով երեխայի իրավունքների ոտնահարում, սակայն երեխան արտահայտվում էր ակնհայտորեն ոչ իր բառերով:
Մեկ այլ օրինակ ասեմ։ ATV-ի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը սովոր է երեխաներին գցել ծանր հոգեբանական վիճակի մեջ՝ գոռգոռոցներով, լացուկոծով, քաշքշուկով: Դա ուղղակի անընդունելի է։ Բոլորն էլ գիտեն այդ մասին, բայց որևէ լուրջ քայլ չեն անում:
Կարծում եմ՝ շատ դեպքերում ծնողներն իրենք էլ չեն գիտակցում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ հաղորդման մասնակցությունը: Բայց, իհարկե, մեղքի բաժինը հաղորդման հեղինակներինն է, որոնք պետք է հասկանան, որ հաղորդումից հետո էլ կյանք կա: Եվ այդ երեխաների մասին դեռ երկար են խոսելու:
Երեխայի համար մեծ սթրես է, երբ անմեղ թվացող ու անգամ «համեղ» նյութերով, նրանք ուշադրության կենտրոնում են հայտնվում որպես մեծահասակների խաղալիք: Ռեփ երգող տղայի դեպքում էլ այդպես եղավ: Դուք միջամտու՞մ եք այդ դեպքերին:
Ուղիղ միջամտության իրավունք մենք չունենք: Եթե մեզ դիմեն ու հայտնեն, որ երեխայի անձնական տվյալները տարածվել են առանց ծնողների համաձայնության, կարող ենք աջակցել խախտման վերացմանը, բայց չենք կարող ստիպել, որ լրատվամիջոցը շտկի իր աշխատաոճը:
Մեր նպատակն ավելի շատ մարդկանց գիտակցության բարձրացումն է:
Ճիշտ է, սարսափազդու վերնագրերն ու կադրերն ունեն շատ դիտումներ ու երբեմն գովազդից ավելի շատ եկամուտ են բերում լրատվամիջոցներին, բայց բոլոր դեպքում դա չպիտի լինի երեխայի հաշվին:
Օրինակ, գրում են՝ «Վթարի ժամանակ պոկվել է երեխայի գլուխը», և պատկերացրեք, թե որքան դժվար է երեխաների հարազատների համար:
Մենք հորդորում ենք լրագրողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով:
Չե՞ք կարծում, որ երեխաներն ու դեռահասները, որոնք արդեն ծնված օրվանից թվային միջավայրում են, շատ դեպքերում իրենք կարող են պաշտպանել սեփական իրավունքները:
Ցավոք, շատ երեխաներ լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին: Հետևաբար, չգիտեն, թե ինչպես դրանք պաշտպանել և ում դիմել իրենց իրավունքների խախտման դեպքում: Այս եզրահանգմանն եմ եկել տարբեր տարիքի երեխաների հետ հանդիպումներից հետո։
Երեխաները չգիտեն, որ իրավունք ունեն պահանջելու՝ չտարածել իրենց վերաբերող տեղեկությունն ու անհատական տվյալները թե՛սոցցանցերում, թե՛ դպրոցում։ Նաև իրավունք ունեն կարծիք հայտնել իրենց վերաբերող հարցերի շուրջ:
Միգուցե պատճառը հենց դպրոցն է, որտեղ սովոր են ոչ թե լսել, այլ ենթարկեցնել երեխաներին ընդհանուր հնազանդ վարքագծին: Դա սովետական դպրոցի մոդելն էր, որը կարծես ոչ մի կերպ չի փոխվում:
Համաձայն եմ, որ խորհրդային դպրոցը կարծես շարունակվում է, բայց կա նաև ուսուցիչների նոր սերունդ, որն ընդունում է, որ ակտիվ, իր իրավունքներից տեղյակ ու զարգացող աշակերտն ապագայի ակտիվ ու գիտակից քաղաքացին է:
Իսկ այն երեխան, որն անում է միայն այն, ինչ իրեն թելադրում են մեծահասակները, ապագայում հանդիպելու է դժվարությունների:
Մեր նպատակը երեխաների մասնակցության ապահովումն է թե՛ տանը, թե՛դպրոցում, թե՛ փողոցում:
Մենք ստորագրել ենք եռակողմ համագործակցության հուշագիր ՀՀ ԿԳՆ-ի և «Կասպերսկի Լաբորատորիաներ» ընկերության հետ, և հուսով ենք, որ շուտով կկարողանանք ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել տարբեր մարզերում:
Բուլլինգը` ագրեսիվ ծաղրն ու հետապնդումները, հիմա ավելի շատ վիրտուալ են:
Այո, դա խնդիր է: Օրենքի համաձայն, մենք կարող են միջամտել միայն այն դեպքերում, երբ մարդու իրավունքները խախտվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Իսկ երեխա-երեխա կամ երեխա-ծնող հարաբերություններին միջամտել չենք կարող: Բայց, երբ երեխայի իրավունքները խախտվում են դպրոցում, մենք անպայման արձագանքում ենք:
Երեխաները կարո՞ղ են դիմել ձեզ:
Բոլոր երեխաներն էլ կարող են դիմումներ հասցեագրել մեզ: Ընդ որում՝ դիմելու ձևերը շատ են. կարելի է առցանց դիմել կամ անանուն խորհրդատվություն ստանալ։
Մենք ունենք երեխաների համար նախատեսված կայք, որտեղ երեխաները կարող են ծանոթանալ իրենց իրավունքներին, ստանալ խորհրդատվություն կամ դիմել Պաշտպանին:
Ընդհանրապես ցանկացած մարդ, առավել ևս երեխա, ինտերնետ սուզվելուց առաջ, լավ կլինի ծանոթանա ռիսկերի հետ: Այսինքն, այդ հսկայական ռեսուրսից ստանա օգուտ, բայց չընկնի փորձանքի մեջ:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: