Ձյունածածկ զինվորների լուսանկարը, որը կոչված էր հայրենասիրություն արտահայտել ու օգնել սահմանին ծառայող զինվորներին, իրականում ֆեյք դուրս եկավ: Զինվորները հայաստանցի չէին ու բնավ էլ այն վայրում չէին, որը նշված էր հրապարակման մեջ:
Բարձրաստիճան ծառայողի տիկնոջ՝ «X-ի կինը հաստատվել է Բեվերլի Հիլզում» մոտավոր վերնագրով լուսանկարը հրապարակեցին գրեթե բոլոր լրատվական կայքերը:
Բավական է ուշադիր նայել լուսանկարին՝ տեսնելու համար, որ կնոջ թիկունքում կայանած է ավտոմեքենա՝ հայաստանյան պետհամարանիշներով: Իսկ հեռվում Կոկա-Կոլայի կարմիր հովանոցներն են: Հավատացեք, Բեվերլի Հիլզում նման էժանագին սրճարաններ չես գտնի: Այնտեղ անգամ ավտոմեքենան չի կարելի կայանել, եթե չկա հատուկ թույլտվություն: Իհարկե, հնարավոր է, որ չինովնիկն իր տիկնոջ հետ Կալիֆորնիայում է, բայց խնդիրն այն է, որ կեղծ լուսանկարն արդեն վստահություն չի ներշնչում այդ «թեժ» լուրի հանդեպ:
Դեկտեմբերին տարածվեց լուր, որ Միացյալ Արաբական էմիրությունից բազմաթիվ շեյխեր են այցի եկել Հայաստան: Լուրն ուղեկցվում էր լուսանկարով, որտեղ պատկերված էր Քուվեյթի շեյխը՝ ամառային հագուստով:
Նման մանիպուլյացիաները լայնորեն տարածված են մեդիա տարածքում: Այնքան լայնորեն, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ֆեյք լուրերի տարածումն անվանեց «ծանր մեղք», որը վնասում է բոլոր ներգրավվածներին:
Բազմաթիվ կայքերի ու լրատվականների բազմաթիվ խմբագիրներին կոչ անելով՝ հեռու մնալ ֆեյք լուսանկարներից, ես հանգեցի տխուր եզրակացության. պրոֆեսիոնալ էթիկան պահպանելու կոչերն անիմաստ են, քանի որ այդ մարդկանց մեծամասնությունը պրոֆեսիոնալ չէ (գոնե վաղեմի ժամանակներից ընդունված նորմերի համաձայն):
Եվ ուրեմն, կփորձեմ պատմել ընթերցողներին, թե ինչպես տարբերակել կեղծ լուսանկարները, որոնց Հայաստանում կոչում են նաև՝ «թեմատիկ լուսանկարներ»:
-
Եթե լուրն ուղեկցվում է լուսանկարով, ուշադրություն դարձրեք հերոսների հագուստին: Հաճախ այդպես կարելի է պարզել, թե ինչ տարվա եղանակ է (առնվազն, ձմեռ է, թե ամառ):
-
Կարելի է ճշտել, թե ինչպիսի եղանակային պայմաններ են այն վայրում, որի մասին լուր է հաղորդվում: Դա անելը շատ հեշտ է, քանի որ միշտ հասանելի են բազմաթիվ «եղանակային կայքեր»: Օրինակ, արդեն նշված ձյունածածկ զինվորների լուսանկարը միանգամից կասկած հարուցեց, քանի որ հրապարկման մեջ նշված օրը այդ վայրում ձյուն չէր տեղացել:
-
Հաճախ օգտագործվում են սոցցանցերում հայտնված լուսանկարները: Որոշ կայքեր մեծահոգաբար նշում են սոցցանցի հաշվի կամ էջի տիրոջ ազգանունը: Նրանց կարծիքով՝ այդպես չի խախտվում հեղինակային իրավունքը: Բայց գործնականորեն ստացվում է, որ ոմն օգտատեր հրապարակել է ուրիշի լուսանկարը՝ «քաշելով» այն անծայրածիր ցանցից: Մեծ հաշվով՝ խմբագիրները թքած ունեն, թե ում է պատկանում լուսանկարը և չեն էլ ծանրաբեռնում իրենց այն մտքով, թե ուրիշի աշխատանքը պետք է վարձատրվի:
Բայց եթե ուզում եք համոզվել, որ լուսանկարը կեղծ չէ, արժե ժամանակ ծախսել ու գտնել լուսանկարի հեղինակին հենց սոցցանցերում: Հարկավոր չէ շատ փորձառու լինել, պարզելու համար՝ նա ներշնչում է վստահություն, թե ոչ: Ստուգեք նաև այն անձին, որը տարածել է այդ լուսանկարը:
Ինֆորմացիայի հավաքագրման տարբեր աղբյուրներ կան, ու թեև շատերը ստեղծվել են ԱՄՆ քաղաքացիների համար, կան նաև այնպիսիք, որոնք օգտակար են այլ երկրների բնակիչների համար: Օրինակ, Pipl.com-ը, որը նախատեսված է օգտատերերի «ինտերնետային հետքի» որոնման համար: Ծրագիրն օգնում է նույնականացնել հեղինակին, գտնել լուսանկարի հետքը: Այն որոնում է կատարում բոլոր ամերիկյան սոցիալական ցանցերում: Հարկավոր է որոնել լատինատառ գրված անունն ու ազգանունը:
-
Վստահ եմ, որ շատերն արդեն սովորել են օգտագործել Google Image-ը և ստուգել, թե երբ և ինչպիսի համատեքստում է նախկինում օգտագործվել այս կամ այն լուսանկարը: Գոյություն ունեն նաև այլ ծրագրեր, որոնք օգնում եմ բացահայտել կեղծարարությունը:
Օրինակ, JPEGSnoop-ը, որը պետք է ներբեռնել և հետևել պատկերների մետատվյալներին: Ծրագիրը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով: Օրինակ, այն թույլ է տալիս պարզել՝ լուսանկարը խմբագրվել է, թե ոչ, տեսանելի է դարձնում վնասված ֆայլերի սխալները և այլն:
Թվային լուսանկարների պարամետրերից գլուխ հանողներին պարզ կլինեն այն բազմաթիվ տվյալները, որոնք տրամադրում են այդ ծրագրերը: Իսկ ոչ շատ բանիմաց օգտատերերը կարող են ստանալ առաջին անհրաժեշտության ինֆորմացիան՝ նկարահանման վայրի, ժամանակի, լուսանկարչական սարքի մասին:
Եթե լուսանկարի մետատվյալներն անհասանելի են, հարկավոր է առավել ուշադիր զննել պատկերի մանրամասները՝ ավտոմեքենաների համարանիշները, եղանակային պայմանները, բնապատկերը, հագուստի ոճը, գովազդային վահանակները, շենքերը, խանութները… Այդ դետալները կօգնեն նույնականացնել տեղանքը: Իսկ երբեմն էլ՝ դառնալ կեղծարարության վկան:
Բոլոր դեպքերում՝ ուշադիր եղեք:
Գերման Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: