2017.10.24,

Քննադատ

Լրագրության և գրականության փոխակերպումները

author_posts/hovhannes-yeranyan
Հովհաննես Երանյան

Արձակագիր

Ամեն պատմական ժամանակաշրջան իրեն հատուկ հռետորաբանությունն ու պաթոսն ունի, և ըստ այդմ` լեզուների բազա է ներմուծում նոր բառակազմ ու նոր ժանրեր թե՛ լրագրության, թե՛ գրականության մեջ:

Կսմիթի և ճշմարտության միջև

Ողջ միջնադարի գրականության ու պատմագրության լեզուն լի է կրոնական եզրաբանությամբ, խոստովանության ու ապաշխարության բառերով: Վերածնունդն իր բառամթերքն է լեզու բերել, ռոմանտիզմն` իր, ու այդպես շարունակ: 18-19 և 20-րդ դարերը  մի կողմից հարստացրին լեզուները հեղափոխությունների, պատերազմների, այնուհետ հումանիզմի բառակազմով, մյուս կողմից արդյունաբերական առաջընթացը բնորոշող տերմիններով ու բառակապակցություններով: 20-րդ դարավերջն ու 21-ի այս տարիները ամենից շատ լեզուների բառային բազա ներմուծեցին տեխնոլոգիական հեղաշրջումները, նոր տեխնոլոգիաները հուշող հարյուրավոր եզրեր ու ձևակերպումներ:

Երբ զանգվածային լրատվությունը դարձավ մարդկային գործունեության մի առանձին ասպարեզ, առաջ եկավ լեզվական նոր որակ, որը ստացավ տեղեկատվության լեզու անվանումը: Սկզբում տպագիր թերթեր, հետո ռադիո և հեռուստատեսություն, ավելի ուշ` համացանց: Սրանցից յուրաքանչյուրի լեզուն որոշ չափով տարբերվում է իրեն բնորոշ առանձնահատկություններով:

Բացի այդ, կախված երկրի ժողովրդավարական աստիճանից ու մամուլի ազատության չափից, տեղեկություն տալու հռետորաբանությունը և լեզուն նույնպես տարբերվում են:

Որքան բռնապետական է երկիրը, այնքան քիչ է զգացվում տեղեկատվության անհրաժեշտությունը, դրա միջով մենք արդեն անցել ենք:

Այստեղ լրատվության գլխավոր պայմաններից մեկը` հրատապությունը, կորցնում է իր նշանակությունը և քաղաքական պատեհությունը թույլ է տալիս լուրի միայն երկու տեսակ: Վառ լավատեսական և  մռայլ հոռետեսական:  

Բնականաբար` վառն ու գունեղը պիտի վերաբերեին անազատ երկրի ներքին կյանքին, որտեղ որևէ մեկն իրավունք չունի երջանիկ ու հպարտ չլինել, չհիանալ առաջնորդով ու երկիրը  ղեկավարող քաղաքական ուժով: Խոշորագույն իրադարձությունը, որի մասին պարտավոր են տեղեկացնել լրատվամիջոցները, առաջնորդի ոչինչ չասող հրամանագրերն են ու այցերը, տարբեր համաժողովներին նրա արտասանած միանման ճառերը, որոնք գրվելուց հետո տարբեր առիթներով կարող են ընթերցվել տասնամյակներ շարունակ:

Այսպիսի պայմաններում ամենահաճախ օգտագործվող բառը` «կեցցեն» է և հասկանալի է, որ լեզուն այդպիսով հայտնվում է ճգնաժամի մեջ: Մյուս կողմից տոտալիտար երկրի տեղեկատվական գործունեության մյուս երեսը մռայլ հոռետեսականն է, որը վերաբերում է երկրից դուրս, մրցակից կամ հակառակորդ երկրներին վերաբերող լուրերին:

Օրինակ, Խորհրդային երկրում կարծում էին, թե ամերիկաներում ամեն օր ջրհեղեղ է ու փոթորիկ, երկրաշարժ ու հրաբուխ, որին զոհ են գնում հիմնականում անմեղ աշխատավոր մարդիկ ու սևամորթները, իսկ սեփական երկրում անգամ բնական աղետներն են պապանձվում կոմունիստական կուսակցության երկաթյա կամքի առաջ:

Հետստալինյան շրջանում, երբ  մի կողմից առաջնորդի փառաբանությունը և մյուս կողմից` զրպարտագիրն ու մեղադրանքը դուրս մղվեցին մամուլից, ամենաողբերգական լուրը, որ կարող էր հասնել սպառողներին, կովերի կաթնատվության անկումն էր, ստանձնած 120 տոկոս պարտավորության փոխարեն գյուղատնտեսական պլանների 110 տոկոսով գերակատարումը, ինչ-որ գործարանում հաստոցի խափանվելը և այլն:

Այդպես, տեղեկություն սպառող խորհրդային քաղաքացին չգիտեր, որ երբևէ  մեր մոլորակին հասած ամենամեծ երկնաքարերից մեկը հենց իր երկրի վրա է ընկել, և միայն պատահական բարեբախտությամբ ոչ թե հոծ բնակեցված մի քաղաք է վերացրել, այլ` տայգայի ընդարձակ մի հատված:

Չգիտեինք, որ երկրի երկրորդ խոշոր Բաթումի նավահանգիստն ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել՝ պահեստները խժռող մեծաթիվ առնետներին այրելով՝ վերացնելու մտահղացման պատճառով: Առնետների հետ այրվեց նաև նավահանգիստը: Մտահղացման հեղինակ հայ հրշեջին գնդակահարեցին, նավահանգիստը վերակառուցեցին, բայց այդ մասին փոքրաթիվ մարդիկ իմացան միայն տասնամյակներ հետո:

Կամ` տասը տարի խորհրդային հրշեջ ծառայությունը չի կարողացել մարել բռնկված գազահորի ահռելի հրդեհը, և միայն միջուկային զենքի կիրառմամբ է հարցը լուծել, իսկ երկիրն ու աշխարհը դրա մասին իմացան միայն քառասուն տարի հետո: Օրինակներն անթիվ են:

Երբ տեղեկատվությունը դառնում է անցանկալի և լռեցվում են զանգվածային լրատվամիջոցները (կամ նրանք ենք հարմարվում թելադրվող կանոններին) այդ ժամանակ ճշմարտությունն ասելու պարտականությունն ակամա դրվում է արվեստի և հատկապես` գրականության վրա:   

Այդպես, խորհրդային հասարակությունը սկսեց գրականության մեջ փնտրել այն, ինչ չէր գտնում լրատվամիջոցներում: Սակայն գրականությունը նույնպես չէր կարող ճշմարտությունն ասելու նպատակ հետապնդել` ոչ երկրի գաղափարախոսական ուղեծիրը հսկող գրաքննիչներն էին թույլ տալու, ոչ էլ գրականության շահն ու բուն առաքելության աստվածները:

Այսինքն, գրականությունը չի կարող փոխարինել զանգվածային լրատվությանը, պարզապես նրա գեղագիտական ու զուտ գրական հատկանիշներին լրացնելու է գալիս թաքնված խոսքը:

Գրասեր հանրությունը սկսեց կամ «սամիզդատ» կոչվող արգելված գրքեր փնտրել, կամ թույլատրվածներում որոնել ենթատեքստ ու տողատակ: Այդպես, գրողի տաղանդի չափանիշը դարձավ պետության գաղափարական հիմքերը, հասարակության բարքերն ու կենցաղը կսմթելու համարձակությունը:

Այս համատեքստում առեղծվածային կարող է թվալ փաստը, որ խորհրդային կարգերից ամենատուժած ու մնջեցված ժողովուրդը` հայերս, երկրի փլուզումից հետո գրեթե չունեինք արգելված գրքեր: Բացառություն էին միայն Լեռ Կամսարի գրական ժառանգության մեծ մասն ու Մահարու «Ծաղկած փշալարերը»:

Մի՞թե հայ լրագրողներն ասել էին այնքան, որ գրողին ազատել էին այդ պարտականությունից ու նրան թողել զուտ գեղարվեստի ու գեղագիտականի համար պայքարը: Ոչ իհարկե, չէին ասել: Պարզապես սովետահայ գրողը գտել էր դժգոհություններն արտահայտելու իր տեղը: Դա ակնարկն էր:  

Մինչև այսօր էլ կա վեճ`այն գրականությա՞ն, թե՞ լրագրության ժանր է: Առանց այդ վեճի մեջ խորանալու ասենք, որ հենց ակնարկն էր դարձել ամենափնտրվածը, քանի որ միայն այստեղ ընթերցողը կարող էր ճշմարտության նշույլներ գտնել:

Հովհաննես Երանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *