2017.07.25,

Քննադատ

Ինչպես տասը տարում մարդիկ ցանցում գրողներից դարձան (չ)կարդացող

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Խորհրդային անեկդոտ կար․ մեկին ընդունում են Գրողների միություն, ասում, թե քո սիրած տասը գրքերը թվարկիր։ Սա էլ պատասխանում է․ «Ես գրող եմ, ընթերցող չեմ»։

Տասը տարի առաջ ցանցում դեռ գործում էր գրողների սկզբունքը, ցանցում գտնվողների մեծ մասը գրում էին։ Իհարկե, մեկը շատ, մեկը՝ քիչ։ Շատերը միայն մեկնաբանում էին, ինքնուրույն գրառումներ չէին անում, մի մասն էլ լուռ կարդում էր։ Տասը տարի առաջ, երբ հիմնական շփման միջոցը բլոգներն էին, տասից մեկն էր գրում, մյուսները մեկնաբանում էին, իսկ մնացածը՝ միայն ընթերցում։

Այսօրվա ֆեյսբուքյան դարաշրջանի համեմատ աննկարագրելի ժամանակներ էին։ Հիմա Հայաստանից Ֆեյսբուք ամսական կտրվածքով մուտք է գործում մոտ մեկ միլիոն օգտատեր։ Սակայն նրանց հիմնական ակտիվությունը գրեթե աննկատ է։

Ոմանց կարող է թվալ, որ Ֆեյսբուքում գերակտիվ քննարկումներ են ընթանում, մարդիկ մտքեր են փոխանակում։ Սակայն, հենց Ֆեյսբուքի կողմից տրվող վիճակագրության համաձայն, օգտատերերի մեծ մասը կամ լուռ ընթերցում է, կամ խաղ խաղում։ Նույնիսկ լայք են հազվադեպ դնում:

Ամսվա կտրվածքով՝ մեկ օգտատերին միջինում բաժին է հասնում 14 լայք, երկու մեկնաբանություն։ Պատկերացրեք, մեկ միլիոն մարդ միջինում երկու մեկնաբանություն է գրում մեկ ամսվա ընթացքում։

 

Եթե գնանք ոչ թե տասը, այլ տասնհինգ տարի հետ ու հասնենք ֆորումների ժամանակաշրջանին, կտեսնենք, որ այդ ժամանակահատվածը յուրահատուկ էր, քանի որ գոյություն չուներ հիմնական գրառում, կար անդադար տևող քննարկում: Իսկ մեկնաբանությունները հիմնական գրառմանը չէին զիջում ո՛չ ծավալով, ո՛չ էլ որակով։

Որակ ասելով, բնավ, չեմ ուզում ասել, որ բոլոր քննարկումները բարձր ոճի մասնագիտական ջավահիրներ էին։ Սակայն այդ ժամանակ հարցին լայքով պատասխանելը դժվար թե բավարար շփման միջոց լիներ։

Հետագայում ֆորումներին փոխարինեցին բլոգները, և սկսվեց հստակ բաժանումը՝ հիմնական գրառման և մեկնաբանությունների։

Այս ոճը նաև մտավ ֆորումներ, որտեղ նույնիսկ դիզայնի մակարդակով սկսեցին հիմնական գրառումը բաժանել մեկնաբանություններից։

Հետագա զարգացումները բերեցին դեպի սոցիալական ցանցեր, և բովանդակային մեկնաբանություններն արդեն լրիվ անցան պատմության գիրկը՝ զիջելով տեղը լայքերին և էմոջիներին։ Հիմնական գրառումներն իրենց հերթին սկսեցին սեղմվել և ընկղմվել մեկ պարբերության մեջ։

Գրառումների քանակական և որակակական տրանսֆորմացիան ազդեց ոչ միայն գրողների, այլև ընթերցողների վրա։ Եթե տասը տարի առաջ միջին ընթերցողը երկու ինտերնետային էջ կամ գրառում էր թերթում և մարսում, ապա այսօր երկու պարբերություն պարունակող տեքստն՝ առանց նկարների, մեծ մասին արդեն ձանձրացնում է։

Հաջորդ փուլում գրող/ընթերցող հարաբերությունները հասան թվիթերայինների:

Մարդը սկսեց ընկալել միայն կարճ գրառումը, նյութից՝ միայն վերնագիրը։ Բովանդակության մասին խոսելն արդեն հետաքրքիր չէ։ Եթե, իհարկե, նկար կամ տեսանյութ չկա։ Տեսանյութն էլ գերադասելի է լինի շատ կարճ։

Իսկ մի քանի օր առաջ հայտնաբերեցի, որ էվոլյուցիան կանգ չի առել։ Եվ արդեն կա հերթական որակական թռիչքը։

Միանգամից մի քանի ֆեյսբուքյան էջերում հայտնվել էր հայերեն գրառում՝ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ․ «Հայկական ուղղաթիռը խոցած հերոսը հայր է դարձել»։ Կար դեպի նյութը տանող հղում, որտեղ գրված էր, թե ադրբեջանցի զինծառայողը, որը խոցել էր հայկական ուղղաթիռը, երեխա է ունեցել։

Չգիտեմ, թե ինչու էին այս նյութը հրապարակել, սակայն հետաքրքիր էր, որ գրառումները ստացել էին բավականին շատ լայքեր, սրտիկներ, մեկնաբանություններ։ Երևում էր, որ մարդիկ նույնիսկ վերնագիրն արդեն չեն կարդում։

Գրված յոթ բառից հայացքը բռնացրել էր «հայկական», «հերոս» և «հայր է դարձել», և այսքանը շատերի համար հերիք էր եզրակացություն անելու համար, թե ոմն հայ հերոս երեխա է ունեցել։

Թե ով է հերոսը, ոնց է հայր դարձել կամ ինչ հերոսություն է արել, արդեն չի էլ հետաքրքրում։ Քանի որ մարդիկ դադարում են կարդալ նույնիսկ վերնագրերը։

Իհարկե, սա վերաբերում է գրավոր բովանդակությանը։ Հիմա վերելք է ապրում վիզուալ բովանդակությունը, բայց սա արդեն ուրիշ պատմություն է։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *