2017.06.30,

Նյուսրում

Մեկ աղբյուրով հոդվածը դարձավ CNN-ից հեռացվելու պատճառ

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

CNN-ը մեկ աղբյուրից ճշտած տեղեկությունը հրապարակելու պատճառով աշխատանքից ազատել է իր երեք աշխատակիցների: Այս մասին լուր է հրապարակվել ամերիկյան խոշոր լրատվամիջոցի կայքում:

Լրագրող Թոմաս Ֆրենկը հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի նախկին խորհրդական Էնթընի Սկարամուչին բիզնես կապեր ունի Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հետ:  

Պարզելով, որ հոդվածում ներկայացված տեղեկությունների մի մասը ճշտված չեն, CNN-ը նախ՝ կայքից հեռացրել է հոդվածը, ապա որոշում կայացրել հեռացնել հրապարակման հետ կապ ունեցող երեք աշխատակիցների:

Հեռուստաալիքը լքել են հոդվածի հեղինակ Թոմաս Ֆրենկը, բաժնի խմբագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, Նյու Յորք Թայմսի վետերան Էրիկ Լիհթբլաուն, ինչպես նաև բաժնի ղեկավար Լեքս Հարիսը:

CNN-ի հաղորդագրության մեջ նշված է, որ հոդվածի պատրաստման փուլում խախտվել են նյութերի հավաքման՝ խմբագրության կանոնները, մասնավորապես, հղում է արվել ընդամենը մեկ աղբյուրի:

Հունիսի 23-ին CNN-ն իր կայքում հոդված էր հրապարակել, պնդելով, թե ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել Էնթընի Սկարամուչիի նկատմամբ, և թե իբր Սկարամուչին Դավոսում, Համաշխարհային տնտեսական ֆորումի օրերին, կապի է դուրս եկել Դմիտրիևի հետ:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ սենատի հետախուզության գծով հանձնաժողովը հետաքրքրվել է այդ պատմությամբ և մտադիր եղել պարզել, թե արդյո՞ք Սկարամուչին իր ռուս զրուցակցի հետ քննարկել է հակառուսական սանկցիաները՝ ընդունված ԱՄՆ-ի կողմից դեռևս 2014 թվականի ուկրաինական դեպքերից հետո: Դա, ըստ CNN-ի լրագրողների, սենատի համար կարևոր է ՌԴ-ում ամերիկյան ներդրումների հեռանկարի տեսանկյունից:

Սակայն Ուղիղ ներդրումների ռուսաստանյան հիմնադրամից CNN-ին հայտնել են, որ նյութում սխալներ կան: Մասնավորապես, հիմնադրամը կապ չունի Վնեշէկոնոմբանկի հետ, ինչպես նշված է եղել հոդվածում, ինչը նշանակում է, որ նրա գործունեությունը ԱՄՆ տարածքում հակառուսական սանկցիաներից բխող սահմանափակումների չի ենթարկվում:

Ո՛չ Դմիտրիեւը, ո՛չ Սկարամուչին՝ հանդիպման փաստը չեն հերքել: Սկարամուչին, սակայն, միևնույն ժամանակ հաստատել է, որ այդ հանդիպումը եղել է շատ ակնթարթային, և որ ինքը Դմիտրիևի հետ ընդամենը ի սրտե շփվել է:

Հաջորդ օրը CNN-ը ջնջել էր հոդվածը, նշելով, որ դա խմբագրության չափորոշիչներին չի համապատախանում: Հոդվածի հղումն ապաակտիվացվել է: Բացի այդ, խմբագրությունը ներողություն է խնդրել Սկարամուչիից:

CNN-ի կայքից հեռացվել են արդեն նախկին հեղինակներ Թոմաս Ֆրենկի, Էրիկ Լիհթբլաուի եւ Լեքս Հարիսի էջերը։ Նրանց անունները բացակայում են CNN-ի մոտ 300 հոգանոց մասնագիտական թիմի ցանկից։ Լրագրողների հոդվածները կայքում առկա են։

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *