2017.05.04,

vox populi

«Հայաստանում մեծ քթով մարդը սպասում է, որ իրեն շատ փոքր քթով նկարես»

25 տարուց ավել ապրելով Լեհաստանում, ոչ մի օր կտրված չեմ եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ու մարդկանց առօրյայից: Մի ոտքով միշտ հայրենիքում եմ: Գիտեմ այն և՛ ներսից, և՛ դրսից: Դա օգնում է ավելի հստակ պատկերացում կազմել այն ամենի մասին, ինչ հանձնում են թղթին՝ ծաղրանկարի տեսքով:

Մինչ Մեդիալաբում աշխատելը, 12 տարի ծաղրանկարներ էի անում Լեհաստանի թերթերից մեկում. քաղաքական տարբեր գործիչների պատկերում, այստեղի կյանքը լուսաբանում, բայց մտքումս հայաստանյան թերթերից մեկի համար նկարելն էր: Ի զարմանս ինձ, երբ փորձում էի գտնել նման հարթակ, մերժում էի ստանում:

Երբ ֆեյսբուքը «լույս աշխարհ եկավ», սկսեցի նկարներ տեղադրել իմ էջում, բայց կանգնեցի մեկ այլ խնդրի առջև. նկարներս գողանում էին, ընդ որում՝ անունս ներքևի հատվածից կտրելով և անգամ իմ անվան փոխարեն ուրիշը գրելով:

Մի շրջան կար, երբ պատվիրում էին այնպիսի նկարներ, որոնք իմ սկզբունքներին դեմ էին: Ասենք, անձնական վիրավորանք պարունակող կամ գռեհիկ պատկերներ: Մերժում էի… Եվ ստիպված պարփակվեցի ու սկսեցի նկարել այն, ինչ ես եմ ուզում:

Իսկ երբ ծանոթացա Մեդիալաբի խմբագրի հետ ու համագործակցելու առաջարկ ստացա, ամեն ինչ փոխվեց: Մեդիալաբը լավ հարթակ է զգացածս շատերին հասցնելու համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:

Նկարչի համար միշտ էլ կարևոր է, որ իր նկարները որքան հնարավոր է շատ մարդ տեսնի ու արձագանքի: Երբ աշխատում ես օտարության մեջ, քչերն են իմանում քո գործերի մասին, իսկ մի մասն էլ գողացածներն է տեսնում՝ չիմանալով, թե ով է հեղինակը։

Հայաստանում իրադարձություններն այնքան արագ են զարգանում, այնքան արտասովոր, ծիծաղաշարժ բաներ են կատարվում ու գույներն այնքան խիտ են, որ ծաղրանկարիչը կամ սցենար գրողը չեն հասցնի ամենը ներկայացնել:

«Մեդիալաբ»-ում Տիգրան Վարդիկյանի ծաղրանկարներից

Եթե որևէ մեկին պետք է արտասովոր իրավիճակ լուսաբանել, այլ տեղ պետք չէ գնալ, Հայաստանում հեշտությամբ կգտնվեն շատ թեմաներ: Նույնիսկ հատուկ ակնոցներ էլ պետք չեն գա:

Եթե այլ երկրում խելացի, գեղեցկադեմ մարդը մի հիմար բան է ասում կամ անում, դժվար է ներթափանցել նրա ներաշխարհ ու հասկանալ, թե ինչ նկատի ուներ, իսկ Հայաստանում ամեն ինչ բացահայտ է՝ ամենաբարձրը գոռում է ցածրահասակ մարդը, ճաղատը խոսում է փրչոտ լինելու մասին, փոքրամարմինները, չգիտես ինչու, մեծ ավտոմեքենաներ են վարում, թույլ մարդիկ ամենաաղմկոտն են:

Անազնիվ քայլերն էլ արվում են ամենաազնիվ դեմքի արտահայտությամբ:

Բայց երբ փորձում ես այդ ամենը ներկայացնել ծաղրանկարով, ընդունում են որպես անձնական վիրավորանք:

Այնինչ պետք է ընդունել ծաղրանկարը որպես զգացածի արտադրանք, իրականության արտացոլանք: Ես նկարում եմ սրտով, այնպես, ինչպես զգում եմ: Փորձում եմ որսալ այն, ինչը դիմացինը ճառագայթում է, ցուցադրում՝ թեկուզ ոչ բացահայտ:

Երիտասարդ տարիքում ծաղրանկարելը մի բան է, իսկ հասուն տարիքում՝ բոլորովին այլ, քանի որ սկսում ես տեսնել ավելին, հասկանալ նրբությունները, չհամաձայնել որոշ բաների հետ, որոնք, ըստ քեզ, ազնիվ ու արդար չեն:

Ծաղրանկարիչը մենախոսում է՝ հանձնելով թղթին այն, ինչը զգում է, այլ ոչ թե վերցնում է տիեզերքից կամ հորինում է:  

Ամեն դեպքում ծաղրանկարիչը պետք է լինի ազնիվ, խուսափի կեղծավորությունից ու մնա չափի մեջ: Իսկ ծաղրանկարն ընկալելու համար ընդամենը հումորի զգացում է անհրաժեշտ: Մի քիչ թեթև ու հումորով պետք է նայել արվեստի այդ տեսակին, կարծես մտնում ես ծուռ հայելիների սենյակ։

Երկար տարիներ ծաղրանկարներ եմ նկարում, շատ տարբեր մարդկանց հանդիպում, բայց տեսնում եմ, որ ընկալումները խիստ տարբերվող են:

Հարավային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որտեղ մարդիկ ավելի տաքարյուն են ու սովոր գովաբանել սեփական հումորի զգացումը, շատերը ծաղրանկարներից ավելի շուտ վիրավորվում են, քան ծիծաղում:

Իսկ հյուսիսային երկրներում հակառակն է. մարդիկ ուրախանում են, ոգևորվում, ծիծաղում: Մեծ էներգիա ես ստանում, տեսնելով, որ ոմանք նույնիսկ նեղսրտում են, երբ իրենց չես նկարում:

Նկատել եմ, որ Հայաստանում մեծ քթով մարդը նստում է դիմացդ ու սպասում, որ իրեն պետք է շատ փոքր քթով նկարես։  

Այստեղ լինում են ծննդյան տոնակատարություններ, միջոցառումներ, երբ ծաղրանկարներ են նվեր տանում։ Հաճախ, երբ ինձ են պատվիրում, հարցնում եմ՝ ա՞ջ ձեռքով նկարեմ, թե՞ ձախ, ու ուրախանում եմ, երբ ասում են՝ ինչքան սուր, այդքան լավ: Այդ ժամանակ երգելով ես նկարում, որովհետև գիտես, որ այդ մարդը քեզ հետ ծիծաղում է։

Չգիտեմ, ինչն է պատճառը, որ Հայաստանում պատկերը ընդունում են որպես վիրավորանք: Կարծում եմ, պետք է մի քիչ թեթև նայել ու առաջ շարժվել։ Հակառակ դեպքում՝ սկսում ես ամեն ինչի համար մեղադրել շրջապատին, նկարչին…

Մեկ էլ տեսար, որ բազմագույն հասարակությունը գորշացավ, բազմակարծիք մարդիկ դարձան անկարծիք, մթությունն էլ գերակշռեց: Եվ վատն այն է, որ սկսում ես ընտելանալ այդ իրավիճակին, նույնիսկ դրա մեջ գեղեցկություն  տեսնել: Հետո էլ ասում ես, որ չես ուզում այդ մթությունից դուրս գալ, քանի որ այն քեզ հարազատ է դարձել:

Մթությունից պետք է դուրս գալ, այլապես լույսը գնալով կպակասի:

Ես երջանիկ կլինեմ, եթե Հայաստանում կռիվ տալու, դժգոհություն արտահայտելու առիթներ այլևս չունենանք: Այդ դեպքում՝ զբաղվեմ ինձ հոգեհարազատ յուղանկարչությամբ:

Տիգրան Վարդիկյան,
նկարիչ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *