Հայաստանի համացանցի պատմությունը կարճ է, բայց հետաքրքիր։ Մյուս կողմից, դրա մասին շատ քիչ է գրվում, այն գրեթե չի նկարագրվում։ Եվ կարևորը՝ չի արխիվացվում։ Ինչի պատճառով ահռելի քանակության տեղեկատվություն կորչում է։
Տեղեկատվությունը կորչում է մի շարք պատճառներով:
Կայքերը պարզապես փակվում են, կորցնում ֆինանսավորումն ու անջատվում։ Այդպիսի կայքերի թիվը դժվար է թերագնահատել։ Օրինակ, մեծածավալ տեղեկատվություն պարունակող բազմաթիվ կայքեր ստեղծվում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Նման կայքերը հաճախ ունենում են 1-3 տարվա պատմություն և ֆինանսավորման ավարտից հետո պարզապես հեռացվում են սերվերներից։
Նման դեպքերում կորչում է կոնկրետ ուղղվածություն ունեցող ծավալուն տեղեկատվություն։ Այսպես, օրինակ, internet.media.am կայքը, հավանաբար, Հայաստանում առաջին լրատվականն էր, որը մասնագիտացված լուսաբանում էր ՏՀՏ ոլորտը և որի խմբագիրը պատիվ եմ ունեցել լինել մի քանի տարի։
Այսօր այդ կայքի մի քանի սքրինշոթ հասանելի է միայն արխիվային տարբերակով։ Չնայած, որ այստեղի հավաքված տեղեկատվությունը բավականին շատ բան կպատմեր ՏՏ և հեռախաղորդակցության ոլորտների կայացման մասին։
Լինում են իրադարձային ծրագրեր, որոնք չեն դիմանում ժամանակի փորձությանը։ Այսպես, օրինակ, գոյություն ուներ համահայկական էլեկտրոնային բովանդակության E-content մրցանակ, որի շնորհիվ հայտնի դարձան բազմաթիվ ՏՏ ծրագրեր։ Դրան հետևեց Armnet Awards մրցույթը։
Երկուսն էլ բավականին լուրջ ազդդեցություն ունեցան մեդիա դաշտի վրա, երկուսն էլ կարևոր իրադարձություններ էին Հայաստանի ցանցի զարգաման համար, երկուսն էլ ունեին իրենց կայքերը՝ E-content, Armnet Awards։ Երկուսի կայքերի հղումներին էլ կարող եք չկտացնել, քանի որ դրանք այլևս չկան։
Կայքերը հաճախ փոխում են դիզայնը անհաջող կերպով կամ փոխում են բաժինների ցանկը, ինչի հետևանքով նյութերի մի մասը պարզապես հեռացվում է։ Օրինակ, Tert.am կայքի վրա կար բլոգ/սյունյակային բաժին, որտեղ մի շարք հեղինակների կողմից հարյուրավոր հրապարակումներ էին տեղադրված։ Այդ բաժինը այսօր պարզապես գոյություն չունի, նյութերն էլ արդեն անհասանելի են։
Tert.am սյունակները 2016 թվականին
Կայքերը հաճախ պատշաճ ռեզերվային պահուստ չեն ունենում և սերվերային խնդիրների կամ հաքերային հարձակումների հետևանքով մեծ քանակի տեղեկատվություն կորչում է անվերադարձ։ Նման դեպքեր լինում են անսպասելիորեն շատ, սակայն դրանց մասին գրեթե չի գրվում։
Բայց կարելի է հիշել 2011 թվականի ադրբեջանական հաքերային հարձակումը, որի հետևանքով բավականին մեծ ծավալի տեղեկատվություն անհետացավ։
Կան նաև կայքեր, որոնք այնքան հին են, որ իրենց պահպանման իմաստը ոչ թե դրանց մեջ պարունակվող տեղեկատվությունն է, այլ ավելին: Նրանք ժամանակաշրջան են ներկայացնում, ունեն Ցանցի պատմագրական արժեք։
Օրինակ, հայկական Ֆրինեթը, որի մասին այսօրվա ուսանողները անգամ տեղյակ էլ չեն։ Մինչդեռ այստեղ տեղակայված է 4 հազարից ավելի կայք, որոնք հասանելի չեն առաջին էջից։
Հիմնականում այստեղ անձնական էջեր են, որոնք շատ բան են պատմում երկուհազարականների Հայացանցի մասին։ Այստեղ կարելի է գտնել նույնիսկ մնացորդներ՝ առաջին հայաստանյան օնլայն ամսագիր PC-BBC-ից, որը բացվել էր 1999 թվականին։
Սէվի՝ Հենրիկ Խաչատրյանի անձնական կայքը Ֆրինեթում, որն արդեն գոյություն չունի
Քանի դեռ կայքերը, դրանց բովանդակության կարևորագույն հատվածը չի արխիվացվում, մենք անընդհատ կորցնում ենք մեր պատմության հատվածները։ Զարմանալի չի լինի, եթե տասը տարի հետո ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության մի մասը պարզապես անհետանա վերոնշված պատճառներով։
Սա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Գոյություն ունեն կայքեր, որոնք փորձում են արխիվացնել ցանցը, պարզապես դա արվում է քաոտիկ, ինչպես Վեբ արխիվում։ Կոնգրեսի գրադարանը անում է թեմատիկ արխիվացիա։ Նմանատիպ ծրագրեր կան մի շարք այլ երկրներում։ Ժամանակն է ունենալ նման բան նաև Հայաստանում։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
հարց
Հայացա՞նց.. Նման բնորոշում իրո՞ք կա, թե՞ սա վրիպակ է: Թերեւս Արմնե՞թն են թարգմանել
հոմանիշ է Աննա ջան…
հոմանիշ է Աննա ջան…
Արդեն կա ։ՃՃՃ
Արդեն կա ։ՃՃՃ