2017.04.21,

Նյուսրում

«Խոստում»-ին սպասելիս

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ապրիլի 27-ին «Խոստումը» (The Promise) պատմական դրաման կցուցադրվի Երևանում:

Ֆիլմի լայն ցուցադրությունն արդեն սկսված է տարբեր երկրներում ու ուղեկցվում է ակտիվ քննարկումներով ու անգամ «կինոպատերազմով», քանի որ զուգահեռաբար էկրան են բարձրանում Հայոց ցեղասպանության մասին երկու հոլիվուդյան ֆիլմ: Հայկական միջնորդությամբ ստեղծված «Խոստումը»-ի հետ զուգահեռ ցուցադրվելու է նաև թուրքական աջակցությամբ պատրաստված «Օսմանյան լեյտենանտը»:

Մինչ հայաստանյան ցուցադրությունը, հայկական տեղեկատվական դաշտում «Խոստումը»-ի նկատմամբ հետաքրքրությունը լրացնելու համար ամերիկահայ լրագրող Ջուլիետ Փեննիգթոնին խնդրել ենք պատմել մանրամասներ ֆիլմի փակ դիտումից, արդեն հնչող արձագանքներից, հույզերից ու կարծիքներից:

Փեննիգթոնն արմատներով հայ լրագրող և դասախոս է, որը 25 տարի է լուսաբանում է սոցիալական թեմաներ, ներկայացնում մարդկային պատմություններ, անդրադառնում հայտնիների կյանքին: Թղթակցում է People magazine-ին, People.com-ին, The Boston Globe-ին:

Ջուլիետ Փեննիգթոնը հատկապես ակտիվ լուսաբանում է ժամանցային և մշակութային միջոցառումներ: Մոտ մեկ ամիս առաջ The Boston Globe-ի համար նյութեր պատրաստելու համար նա մասնակցում էր Օսկար-ի մրցանակաբաշխությանը:

Ջուլիետը հետևում է «Խոստումը»-ի ֆիլմի համաշխարհային արշավին դեռևս Էլթոն Ջոնի հիմնադրամի կողմից կազմակերպված ֆիլմի դիտման երեկոյից: Ընդհանրապես, ֆիլմի շուրջ լարված ինտրիգ է, քանի որ սկզբնական փուլում այն ցուցադրվում էր միայն փակ լսարանների համար:

«Խոստումը»-ն այս օրերին միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Բայց ըստ Փեննիգթոնի՝ Բոստոնի ցուցադրության ժամանակ ներկա էր միայն տեղական մեդիան և ոչ այդքան արտահայտված ոգևորությամբ:

Ջուլիեթը պատմում է. «Բոսթոնում շատ դիտողների աչքերում արցունքներ էին: Նրանց հասկանալի էր ֆիլմը, սյուժեին հեշտ էր հետևել, փաթեթավորված էր բավականաչափ զգացմունքային դրվագներով: Անձամբ ես մի քանի տուփ անձեռուցիկ օգտագործեցի աչքերս սրբելիս»:

Ջուլիետ Փեննիգթոն

«Խոստումը»-ը նկարահանվել է Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ, բյուջեն կազմել է մոտ 100 մլն դոլար: Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր կանադացի ռեժիսոր Թերի Ջորջն է, որը հայտնի է կինոդիտողներին հատկապես «Հոթել Ռուանդա» ֆիլմով:

«Խոստումը»-ի հերոսներին մարմնավորել են հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Դանիել Խիմենես Կաչոն, Շոխրե Աղդաշլուն, Ժան Ռենոն և Անժելա Սարաֆյանը:

Համաշխարհային շատ աստղեր՝ Շերը, Ջորջ և Ամալ Քլունիները, Լեոնարդո դի Կապրիոն, Բարբարա Սթրեյզընդը, Էլթոն Ջոնը, Սիլվեստոր Ստալոնեն, Անդրե Աղասին, Քիմ Քարդաշյանը աջակցում են «Խոստումը»-ին և կոչ անում այն անպայման դիտել:

Ֆիլմում ցուցադրվում են թուրքական բանակի վայրագությունները, հստակ համակարգված ջանքերը՝ հայերին սրբելու համար: Եվ իհարկե, հույսի և հաստատակամության կոչ է անում:

«Չնայած հայերը թիրախավորվել են, տառապել անհավատալի վայրագություններից, բայց փրկվածները և նրանց ընտանիքները մնացել են ուժեղ, չեն կործանվել և մոռացվել (ֆիլմի կարգախոսն է՝ #keepthepromise): Այն շատ մտահոգող ֆիլմ է: Մի կողմից հիմնված է պատմական փաստերի վրա, մյուս կողմից սիրային խաղ է, որն  հետաքրքրաշարժ է դարձնում սյուժեն: Ամեն ինչ լավ է արված ՝պատմությունից սկսած, դերակատարմամբ և երաժշտությամբ վերջացրած»,- ասում է Ջուլիեթ Փեննինգթոնը:

Սեպտեմբերին Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո, ֆիլմի վարկանիշը IMDB-ում հասել էր ավելի քան 86 հազարի, սակայն այն դիտել էր առավելագույնը 3000 մարդ: IMDB էջում ձևավորվել էր հիմնականում բացասական վարկանիշ: Ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը կարծիք հայտնեց, որ վարկանիշը կեղծելու համար բոթեր են օգտագործվել:

Ջուլիետն ասում է, որ «The Boston Globe»-ի համար պատմություն գրելիս մեկնաբանության համար դիմել է Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանություն. «Ցանկություն ունեի հնարավորություն տալ արձագանքել ռեժիսոր Թերի Ջորջի այն կարծիքին, որ Թուրքիայի կառավարությունն է գործում ֆիլմի մասին բացասական վարկանիշների հետևում: Հարցումս մնաց անպատասխան»:

Նա ավելացնում է. «Ֆիլմի գնահատականները չեն ստացվում հասարակությունից, այսպիսով կեղծված վարկանիշները չեն ազդի մարդկանց այն դիտելու որոշման վրա: Հետաքրքիր կլինի տեսնել ինչ արձագանք կստացվի, երբ այն եկող շաբաթ ընդհանուր դիտման ներկայացվի: Սպասելի  է երկխոսության նոր ալիք հատկապես այն օտարերկրացիների շրջանում, որոնք դիտել են ֆիլմը և անծանոթ են Հայոց Ցեղասպանության հանգամանքներին: Չեմ կարծում այս ֆիլմը հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության խնդիր ունի իր առջև: Այս թեմայով մնացած ֆիլմերը ևս նման հարց չունեն լուծելու»:

Ջուլիետ Փեննիգթոնը հաստատում է այն միտքը, որ «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմի էկրան բարձրանալու ժամանակը պատահական չէր ընտրված, այն համընկնում է ապրիլի 24-ին նշվող Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ:

«Թուրքական քարոզչությունը կարծես «Խոստումը»-ի համար պատասխան գտել է: Թերի Ջորջն ասում էր, որ թուրք ֆիլմարտադրողները մարտին «Օսմանյան լեյտենանտը» դրամայով առաջ ընկան «Խոստումը» ֆիլմից: Թուրքերի ֆիլմի քարոզչությունը թուրքական կառավարության դերը հայկական ջարդերի ժամանակ ժխտելն էր»,- ասում է նա: Եվ ավելացնում. «Հավատում եմ, որ շատ մարդիկ կան՝ ոչ միայն հայկական սփյուռքում, որոնք հետաքրքրված են նայել այս ֆիլմը, քանի որ այն շատ է բոյկոտվում»:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *