2017.04.11,

Ստուգված է

Փաստեր և մտահոգություններ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի օպտիմալացման շուրջ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հնչեղ որոշումը «օպտիմալացման» անհրաժեշտությունն էր: Երկար տարիներ խոսում էին, որ պետական ապարատն ուռճացված է, ոչ էֆեկտիվ, սակայն գործազրկության աճը չմեծացնելու համար զանգվածային կրճատումներ չէին անում:

Պետական միջոցները խնայելու համար նոր վարչապետն անցած տարվա սեպտեմբերին հանձնարարեց ՊՈԱԿ-ների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ) և ԾԻԳ-երի (ծրագրերի իրականացման գրասենյակ) թվաքանակը կրճատել և օպտիմալացնել: Որոշ ժամանակ անց բոլոր նախարարները սկսեցին ՊՈԱԿ-ի կամ ԾԻԳ-ի լուծարման և միավորման մասին իրենց որոշումն առաջարկել: Տարեվերջին պարզ դարձավ, որ կրճատվել և օպտիմալացվել է 5 ԾԻԳ և 17 ՊՈԱԿ:

Պաշտոնավարման 100 օրն ամփոփելու ժամանակ՝ 2017թ-ի հունվարին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ օպտիմալացման քայլերի արդյունքում տնտեսվել է 5 միլիարդ դրամից ավելի գումար: Գործընթացը շարունակվելու է նաև այս տարի, նախատեսվում է այս կառույցների աշխատողների թիվը կրճատել ևս 12 տոկոսով՝ 22 961-ից դարձնելով 20 059:

Հնչեցված թվերի ստուգման համար հարցում է ուղարկվել կառավարություն: Ստացված պատասխանների, ֆինանսների նախարարության տվյալների միջոցով փորձել ենք ստուգել` համապատասխանում է կրճատման և խնայողության փաստացի պատկերը վարչապետի հայտարարության հետ: Ճիշտ է, այս հետընտրական շրջանում հասարակությունն այդքան էլ ուշադիր չէ այս թեմային, բայց դա չի նշանակում, որ հետևանքներն իրենց առաջիկայում զգալ չեն տա: Հատկապես մտահոգություններ կան ընտրական տարում պետական ծախսերի խնայման անհրաժեշտության, կրճատված աշխատակիցներին այլ աշխատանքով ապահովելու, տնտեսության վրա գործազրկության աճի հետևանքների և այլ հարցերի շուրջ:

Տնտեսագետ Սամսոն Ավետյանը եղած տվյալների հիման վրա ստուգել է փաստերը և մտահոգությունների համար առաջարկել որոշակի լուծումներ:

Մեկնաբանություններ Սամսոն Ավետյանից
Ներդրումային կազմակերպության ղեկավար, ainsights.am-ի հիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս

Պետական ֆինանսներն ավելի խորքային ուսումնասիրելով` կհասկանանք, որ ծախսերի կրճատման այս նախաձեռնությունը տեղավորվում է Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտի կրճատման տրամաբանության մեջ: 2015թ-ին պետական դեֆիցիտը -4.8% էր, 2016թ-ին` -4.1%: 2017թ-ի համար նախատեսված է ՀՆԱ-ի մոտ 3% դեֆիցիտ:


Ծախսերի կրճատման այս մոտիվացիան այժմ ընկալելի է, բայց կան մի շարք մտահոգություններ և հարցեր, որոնք, հույս ունենք, կպարզաբանվեն ժամանակի ընթացքում: Թեմայի հետ կապված շատ հարցեր, որոնք ուղղվել են կառավարությանը, այս փուլում պատասխան չեն ստացել: Պատճառաբանությունն այն է, որ օպտիմալացումը շարունակվում է, և քննարկումներ են ընթանում շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում` միջազգային գործընկերների:

Բնականաբար, կրճատումների կարևորությունը բխում է դրա առաջնահերթությունից: Անկասկած, այս կազմակերպություններից շատերը ժամանակի ընթացքում դարձել են ավելորդ և ոչ նպատակային: «Հաշվառում» անցկացնելը և կրճատելը բնական է:

Մյուս կողմից` կարճ ժամանակահատվածում տարածվող ընդհանուր կրճատումներն առաջ են բերում ռիսկ, որ դուրս կմնան իրենց նպատակին ծառայող և արդյունք ստեղծող կազմակերպություններ:

Այս փուլում պարզ չէ, թե ինչպես է գնահատվում և որոշվում առաջնահերթությունը: Ամեն կազմակերպության համար նվազագույնը պետք է հստակ սահմանված նպատակներ և ցուցանիշներ լինեին, նրանք պետք է սպասեին, որ իրենց արած լավ կամ վատ աշխատանքը կգնահատվի: Եվ նրանցից որևէ մեկին կրճատելու ցանկացած որոշում պետք է քննել ըստ այդ պարամետրերի: Հակառակ դեպքում, ապագայում համակարգային  ցանկացած փոփոխություն կարող է արվել ըստ հայեցողության, որոշ պետական ծախսային կենտրոններ կարող են ավելանալ կամ վերանալ:

Եվս մի հարց  է առաջանում՝ կրճատված աշխատակազմից ում պահել, ում տեղափոխել նոր պաշտոնի և ում կրճատել:

Զարգացող երկրներում, ինչպիսին է Հայաստանը, բարեկամությունը և հովանավորչությունը հայտնի հասկացություններ են, և գնահատման հստակ ուղեցույցների բացակայությունը կարող է հանգեցնել կադրերի վերացման: Ոչ թե աշխատանքային էթիկայի, հավատարմության կամ արդյունավետության համար, այլ որոշումներ կայացողների հետ իրենց կապերի պատճառով:

Ի վերջո, բոլոր կրճատումները, թե՛ մասնավոր, թե՛ հասարակական, թե՛ հիմնավորված և ոչ այդքան, անցանկալի իրավիճակի մեջ են դնում և՛աշխատողին, և՛ գործատուին:

Այնքան էլ պարզ չէ` ԾԻԳ-ի և ՊՈԱԿ-ի վրա տարածվող կադրային կրճատումների տրամաբանությունը: Դա արվում է բնական պրոցեսների տրամաբանությամբ, օրինակ` թոշակի տարիքի հիման վրա կամ ուղիղ ազատման:

Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ միջին կարիերիայով կրճատված աշխատողների վերապատրաստումը կամ կրկնակի կրթությունը միանգամայն  արժեքավոր է և՛ իրենց համար, և՛ ընդհանուր տնտեսության:

Բոլոր դեպքերում աշխատանքային ռեսուրսների չօգտագործումը հանգեցնում է կառուցվածքային գործազրկության: Փոխարենը ինչքան հնարավոր է շուտ պետք է վերապտրաստման միջոցով կրճատված աշխատակիցներին դարձնել էֆեկտիվ և արժեքավոր աշխատանքային ռեսուրս: Եվ այդ ներուժն ուղղել այն սեկտորներ, որտեղ աշխատուժի պահանջ կա կամ կլինի մոտ ապագայում:

Ինչն առանձնացրեց և ինչը բաց թողեց մեդիան թեման լուսաբանելիս

ՊՈԱԿ-ներիի և ԾԻԳ-ներիի օպտիմալացման թեման Կարեն Կարապետյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում պաշտոնական տեղեկատվության տեսքով տեղ գտավ բոլոր լրատվամիջոցներում:

Իրադարձությունը հիմնականում անձնավորվում էր Կարեն Կարապետյանով և ներկայացվում որպես այսպես կոչված «խիզախ քայլ»: Հատկապես վերջինիս կողմից հնչեցրած «Ինձ շատ են դուր գալիս նման որոշումները» նախադասությունը դարձավ մեդիա թեմա, ներկայացվեցին տարբեր կարծիքներ:

Կային լրատվամիջոցներ, որ փորձեցին բացել թեման, գնահատել վտանգները, բայց խնդրի հետ կապված հասարակական դժգոհությունից բխող լուսաբանման բացասական ֆոն չստեղծվեց: Գնահատականներ հիմնականում հնչեցին վարչապետի 100 աշխատանքային օրերի ամփոփման հոդվածներում, և լսարանն այդպես էլ  չստացավ օպտիմալացման անհրաժեշտության հիմնավորման և առաջ բերող խնդիրների մասին համապարփակ տեղեկատվություն:

Գայանե Ասրյան
Տնտեսական փորձագետ՝ Սամսոն Ավետյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *