2017.03.23,

Քննադատ

Օրենքո՛վ պարտադրել նախընտրական բանավեճերը

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան
twiterfacebook

Կոչումով` արձակագիր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքից ակնհայտ է, որ դարձյալ, ինչպես և նախորդ ընտրությունների ժամանակ, քաղաքական ուժերն այդ արշավը իրականացնում են հիմնականում մենախոսությունների ձևով: Այն քիչ քանակությամբ բանավեճերը, որ կազմակերպում են մի քանի հեռուստաընկերություններ և մամուլի ակումբներ, դեռևս ընդհանուր «մենախոսական» քարոզարշավի ֆոնին մեծ նշանակություն չեն ստանում:

Մանավանդ, որ այդ բանավեճերին չեն մասնակցում համապետական ընտրական ցուցակների առաջին եռյակները, կամ նրանք, որ ընդգրկված չլինելով ցուցակներում, այսուհանդերձ, իրենց ուսերին են տանում քարոզարշավի ամբողջ բեռը:

Լրատվամիջոցներից դուրս քարոզարշավը հիմնականում ընթանում է տարբեր բնակավայրերում ընտրողների հետ կազմակերպվող հավաքներով, որտեղ նույնպես այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ներկայացուցիչները մենախոսում են, գրկում-համբուրվում, պատասխանում հատուկենտ հարցերի, դրախտ խոստանում՝ եթե իրենք գան իշխանության:

Իսկ երբ մեկը մի այլ բնակավայրի իր հավաքում հանկարծ մատնացույց է անում մրցակից կուսակցության խոստումների պոպուլիստական, ոչ իրատեսական բնույթը, ապա հաջորդ հավաքին կամ այլ առիթի դեպքում այս մի կուսակցության ներկայացուցիչները շանթ ու որոտ են թափում իրենց ծրագրերի իրատեսականությանը կասկածողների գլխին:

Բայց կարելի է, չէ՞, որ քննադատողն ու քննադատվողը դեմ առ դեմ հանդիպեն և փորձեն իրենց գաղափարների ու դրա հակափաստարկների շուրջ բանավիճել:

Դարձյալ շեշտեմ՝ ես նկատի ունեմ կուսակցությունների և դաշինքների համապետական ցուցակների առաջին դեմքերի բանավեճը: Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետև եթե համապետական կամ տարածքային ցուցակների, այսպես ասեմ (թող ոչ մեկը չնեղանա, խնդրում եմ) շարքային անդամները հաճույքով գնում են զանազան մամուլի ակումբների կամ մի քանի հեռուստաընկերությունների կազմակերպած բանավեճերին (դե նաև հասարակությանը ներկայանալու և ճանաչելի դառնալու խնդիր ունեն), ապա առաջին դեմքերը հիմնականում խուսափում են նման բանավեճերից՝ նախընտրելով մենախոսելու տարբերակները:

Ի՞նչ եմ առաջարկում (ի դեպ ժամանակին այս առաջարկն արել եմ նախագահական ընտրություների համար, սակայն Սահմանադրության փոփոխություններից հետո գլխավորը դառնում են խորհրդարանական ընտրությունները). ՀՀ ընտրական օրենսգքրքում հարկ է ամրագրել, որ քարոզչության ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում կազմակերպվում են կուսակցությունների և դաշինքների համապետական ընտրական ցուցակների առաջին երեք համարների բանավեճեր, ինչպես նաև, որ այդ բանավեճերին մասնակցելը եռյակների համար ՊԱՐՏԱԴԻՐ է:

Այսինքն՝ առաջին համարները պարտադիր իրար հետ պիտի բանավիճեն, երկրորդ և երրորդ համարները համապատասխանաբար՝ իրար հետ:

Կարելի է նաև ամրագրել, որ բանավեճերի ժամանակացույցն ու ամեն բանավեճին մասնակցողների հերթականությունը (կարծում եմ հարմար կլինի, որ յուրաքանչյուր բանավեճին երեքից ավելի մասնակից չլինի) սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ վիճակահանությամբ:

Վստահ եմ, որ այս առաջարկին կլինի առնվազն երկու առարկություն.

Առաջին առարկությունը՝ «դա միջամտություն կլինի Հանրային հեռուստատեսության խմբագրական անկախությանը»: Համաձայն եմ, բայց չէ՞ որ այդ միջամտությունն արդեն կա. Ընտրական օրենսգրքով հանրայինին պարտադրված է անվճար և վճարովի եթեր տրամադրել ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին:

Մեր առաջարկած պարտադրանքը միջամտություն լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ձևաչափի, բանավեճերի թեմաների ընտրությունը կթողնի հանրայինին, իսկ հեռուստադիտողն էլ կարծիքներն անմիջականորեն համեմատելու հնարավորություն կստանա:

Երկրորդ առարկությունը՝ «չես կարող թեկնածուին պարտադրել, թե ինչպես վարի ընտրարշավները»: Հարցնեմ՝ իսկ ինչո՞ւ ոչ: Մի բան էլ թող պարտադրանքով լինի:

Էդ ինչո՞ւ կարելի է ֆուտբոլային մրցաշարերի կանոնակարգերով պարտադրել, որ մարզիչները պարտավոր են ասուլիս տալ խաղից առաջ և հետո, իսկ քաղաքական նման կարևոր իրադարձության ժամանակ չի կարելի բանավեճեր պարտադրել: Թող գան, օրինակ, ցուցակների առաջին համարներն իրար հետ բանավիճեն և ապացուցեն իրենց գաղափարների առավելությունը:

Թե չէ՝ մի կուսակցության թեկնածու պաշտպանության նախարարը մենախոսում է և առարկում մի այլ ցուցակի առաջին համար պաշտպանության նախկին նախարարին: Նրանց դեմ առ դեմ զրույցն ավելի հետաքրքիր ու արդյունավետ կլիներ:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *