Օքսանա Սիլանտյեվան Ռուսաստանում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի մեդիահաղորդակցության ֆակուլտետի «Նոր մեդիա եւ սոցիալական հաղորդակցություն» դեպարտամենտի ղեկավարն է:
Լրագրողի դերը որեւէ կերպ փոխվե՞լ է մուլտիմեդիա լրագրության մեջ:
Լրագրողը պատմություն է փնտրում, որը հուզում է հասարակությանը, որն ակտուալ հիմնախնդիր է տվյալ պահին, եւ հիմնական լրագրողական աշխատանքը տեղեկատվության հետ աշխատելն է, պատմություն գրելը, նշանակություն չունի՝ դա թերթի, հեռուստատեսության, թե ինտերնետի համար է: Մուլտիմեդիա լրագրությունն այս ամենը չի փոխում, եւ լրագրողական գործունեության մեջ սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Փոխվում է միայն այն, թե ինչպես ես գտածդ պատմությունը պատմում մարդկանց: Եթե այդ պատմությունն անում ես թերթի համար, ապա տեքստ ես գրում, լուսանկար ես ընտրում, վերնագիր ես դնում եւ հրապարակում ես թերթում: Եթե նույն պատմությունն անում ես հեռուստատեսության համար, օպերատորի հետ գնում նկարահանում ես այն, ինչը պատմությունը կպատմի շարժվող նկարով: Ռադիոն էլ ունի իր չափանիշները: Մուլտիմեդիա լրագրության մեջ կարելի է անել ինտերակտիվ պատմություն, հնարավորություն տալ մարդկանց ուղղել փաստերը, նոր փորձագետներ առաջարկել, մեկնաբանել, քվեարկել, քարտեզ նշել, տեսանյութ նայել, աուդիո լսել, տեքստ կարդալ, հղումներով տալ, սլայդշոու նայել: Բայց լրագրողը, միեւնույն է, պետք է տեղեկատվություն գտնի, փաստեր ստուգի եւ պատմություն փնտրի:
Մուլտիմեդիա լրագրողը փոխվում է նրանով, որ նրա մոտ զարգանում են զգայական բոլոր օրգանները. լրագրողը բազմաձեւ է մտածում մուլտիմեդիա լրագրության մեջ: Նա գործունեության տեսակով ավելի մոտ է ռեժիսորին, երբ ռեժիսորը փողոցով քայլելիս նայում ու մտածում է, թե որ ռակուրսով ավելի լավ կլինի նկարահանել: Այսպիսի բաներ տեսնելը մուլտիմեդիա լրագրողի հմտությունն է: Նա միայն տեքստով, ձայնով կամ հեռուստատեսային պատկերով չի մտածում: Նրա մոտ սրված են զգայական բոլոր օրգանները՝ լսողությունից մինչեւ շոշափելիք: Մուլտիմեդիա լրագրողը կարողանում է պատմությունը բաժանել մասերի եւ դրանցից յուրաքնաչյուրը ներկայացնել տարբեր տեսքով:
Մուլտիմեդիա լրագրությունն ազդու՞մ է մեդիա արտադրանքի վրա, փոխվե՞լ են արդյոք բովանդակությունն ու որակը:
Խմբագրությունների մեծամասնության համար մուլտիմեդիա լրագրությունը խաղ է: Ես քիչ խմբագրություններ գիտեմ, որոնք տեղեկատվության նման մատուցմանը լուրջ են վերաբերվում, ոչ թե ասում են՝ «եկեք տեքստի կողքին վիդեո դնենք, թող լինի մուլտիմեդիա արտադրանք»: Չի կարելի տեքստի կողքին պարզապես վիդեո դնել եւ ասել, որ դա մուլտիմեդիա կայք է: Արտադրանքի որակը կախված է պատմության որակից, արագությունից, այդ պատմության մեջ ներկայացված տարբեր տեսակետներից: Ինֆոգրաֆիկա ունենալը որակ չի ավելացնում, եթե այդ ինֆոգրաֆիկան ոչ ակտուալ թեմայով է, չստուգված տեղեկատվությամբ եւ տգեղ: Այսինքն՝ իմաստը հենց պատմությունն է, այն ավելի մեծ արժեք ունի, քան բոլոր ֆորմատները միասին:
Ո՞րոնք են ամենատարածված սխալները, որոնք լրագրողն անում է մուլտիմեդիա պատմություն պատրաստելիս:
Առաջինը՝ մուլտիմեդիա լրագրությունը չի կարելի միայնակ անել. սա ամենալուրջ եւ ամենասխալ կարծրատիպն է: Նայում են միայնակ լրագրողների նյութերը, ովքեր գնում են դաշտ, ասում են՝ ես միանգամից նկարեցի, մոնտաժեցի եւ տեղադրեցի: Բայց հենց փորձում են դա անել ինքնուրույն, տեսնում են, որ եւ՛ ինֆոգրաֆիկա, եւ՛ աուդիո, եւ՛ սլայդշոու միայնակ անելու համար մի շաբաթ է պահանջվում: Մուլտիմեդիա լրագրությունը թիմային խաղ է: Դաշտում կանգնած լրագրողի մեջքի հետեւում միշտ վերլուծաբան, դիզայներ, խմբագիր, թարգմանիչ եւ այլ տարբեր մասնագետներ կան:
Երկրորդ սխալն այն է, ինչ մեզ սովորեցրել են՝ «առաջին հերթին տեքստն է, հետո լուսանկարը»: Մուլտիմեդիա լրագրության մեջ սկզբունքն այլ է՝ սկզբում պատկերն է, հետո այն, ինչ հնարավոր չէ պատկերով ցույց տալ, ավելացվում է տեքստով:
Երրորդ սխալը մուլտիմեդիան ամեն տեղ խցկելու փորձն է: Մուլտիմեդիա լրագրությունն իմաստ ունի երկար պատմությունների, այն խնդիրների դեպքում, որոնք զարգացման փուլում են, երբ ժամանակ եւ իմաստ կա փող ներդնել երկար պատմությունների զարգացման մեջ, որը որոշակի ժամանակահատվածում կունենա ոչ թե 200 այցելու, ինչպես սովորական լուրը, այլ կես միլիոն:
Եվ այստեղից գալիս է չորրորդ սխալը՝ մուլտիմեդիա լրագրողները դեռ չեն կարողանում զարգացնել պատմությունները, մենք դեռ, այնուամենայնիվ, մտածում ենք մի նյութի շրջանակում: Այսինքն՝ գրեցինք նյութը եւ մոռացանք դրա մասին: Մուլտիմեդիա պատմությունը սկսվում է միջուկից, հետո ավելանում են կարծիքները, մեկնաբանությունները, ինֆոգրաֆիկան. դա մի գունդ է, որը մեծանում է եւ որին պետք է հետեւել, ավելացնել, ուղղել տեղեկատվությունը, պետք է աշխատել օգտատերերի հետ, ովքեր այդ թեմայից լավ են հասկանում, եւ ապահովել փոխազդեցությունը:
Հինգերորդ սխալը օգտատերերին արհամարհելն է: Լրագրողները մինչեւ հիմա մտածում են, որ իրենք բոլորից լավ են հասկանում այն թեման, որի մասին գրում են: Ինտերնետի ամենամեծ դասն այն է, որ ինչի մասին էլ գրես, միշտ կգտնվի օգտատեր, որը քեզնից ավելի լավ է հասկանում այդ թեման: Այստեղ երկու ռազմավարություն կա՝ կա՛մ ասել, որ բոլոր օգտատերերը ապուշ են, ինչպես վարվում են շատ լրագրողներ, երբ մեկնաբանողները մատնանշում են նրանց սխալները, կա՛մ այնպես կառուցել նյութը, որպեսզի օգտատերերին հնարավորություն տրվի ավելացնել, բացատրել եւ դա անել քաղաքակիրթ ձեւով: Երկրորդ դեպքում ընթերցողներն այլեւս չեն մատնանշում սխալները, նրանք փորձում են օգնել: Եվ այս փոխազդեցությունն իրական մեդիական փոխազդեցություն է: Մենք դեռ ապրում են Սովետական քարոզչության մեջ, ԶԼՄ-ի գաղափարախոսության կոնցեպցիայում՝ լրագրողը գրեց, բոլորը կարդացին եւ գնացին: Իսկ մեդիան փոխազդեցություն է, մարդիկ են, ովքեր նստած են կլոր սեղանի շուրջ եւ հարգում են միմյանց:
Ի՞նչ է մուլտիմեդիա խմբագրությունը, ինչո՞վ է այն տարբերվում ավանդականից:
Մուլտիմեդիա խմբագրությունում կան բաժանումներ. մարդիկ, ովքեր զբաղվում են բովանդկաությամբ, եւ մարդիկ, ովքեր զբաղվում են կրիչներով: Այն խմբագրությունները, որոնք զբաղվում են բովանդակությամբ, բաժանված են թեմատիկայով՝ քաղաքականություն, կրթություն եւ այլն: Յուրաքնաչյուր լրագրող քիչ թե շատ կարողանում է նյութը ներկայացնել թե՛վիդեոով, թե՛ ֆոտոով, թե՛ տեքստով, թե՛ աուդիոով եւ թե՛ թվիթերով: Այնուհետեւ լրագրողների, օպերատորների եւ դիզայներների թիմը այն ներկայացնում է որոշակի կրիչի համար:
Այստեղ պատասխանատվությունը հստակորեն բաժանված է. մարդիկ, ովքեր զբաղվում են բովանդակությամբ, պարտավոր են իմանալ ամենը, ինչ կարատվում է տվյալ թեմայի վերաբերյալ տվյալ տարածքում եւ այսպես շարունակ: Կրիչներով զբաղվողները պատասխանատու են տպաքանակի, ռեյտինգի եւ տվյալ կայքը մյուսներից գերադասող օգտատերերի համար: Սա փոխում է կառավարման համակարգը, հաջողության եւ պարտության տարբեր չափանիշներ է առաջարկում, լրագրողներին մոտիվացնելու ավանդական եղանակները դարձնում է անարդյունավետ: Պետք է շատ հմուտ կառավաիչ լինել ընկերությունում նման մեծ փոփոխություններ սկսելու համար: Որոշ մարդիկ հենց այդպսինն են: Եվ նրանք ստեղծում են զանգվածային հաղորդակցության ապագան:
Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: