Հայաստանի մեդիա դաշտ է պատրաստվում մուտք գործել «Ցեց» երգիծաթերթը, որի առաջին համարը կազմված է բացառապես իրադարձային քաղաքական ծաղրանկարներից և դրանք ուղեկցող եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) մակագրություններից: Թերթի 10 հազար օրինակն արդեն տպագրված է, բայց ծագել են տարածման խոչընդոտներ:
Մինչ տպագիր թերթ հրատարակելը քաղաքական ծաղրանկարները տեղադրվում էին ՄեդիաԼաբ կայքում և ապրում միայն վիրտուալ տիրույթում:
ՄեդիաԼաբ-ի ղեկավար, «Ցեց»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանն ասում է. «Հասկացանք, որ պետք է ինտերնետից դուրս գալ: Որքան էլ ասեն, որ տպագիր թերթերը նահանջում են ու զիջում դիրքերը օնլայն հարթակներին, մենք որոշեցինք թերթ տպագրել»:
Սկզբից նախատեսվում էր ամսական երկու անգամ լույս տեսնել, հետո երբ առաջացավ տարածելու խնդիրը, ընտրվեց ամենամսյա տարբերակը: «Թերթի տպագրության գումար մենք ունենք, ֆինանսավորվում ենք քաղաքական ծաղրանկարի զարգացման ծրագրից, բայց տարածման մեխանիզմներ գտնելը բարդ է»,- ասում է Մարիաննան:
Քաղաքապետարանը մերժել է քաղաքային տրանսպորտում անվճար տարածելու «Ցեց»- ի խնդրանքը (այնպես, ինչպես տարածվում է «Ճամփորդ» թերթը): Քաղաքապետարանի պատճառաբանությունն այսպիսին է.
«Հաշվի առնելով, որ «Ցեց» քաղաքական ծաղրանկարների ամսաթերթի տեղադրումը հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենի կայաններում հնարավոր է ուղևորների և քաղաքացիների շրջանում դժգոհությունների և անձերի նկատմամբ վիրավորանքի պատճառ հանդիսանա, ուստի ներկայացված խնդրանքի բավարարումը գտնում ենք ոչ նպատակահարմար»:
Դժգոհության վտանգի մասին մտահոգությունն, իհարկե, շատ ուշագրավ է: Ի վերջո, դժգոհություն կարող է առաջանալ նաև շատ և շատ թերթերի անիմաստ ու անհեռանկարային հրապարակումների պատճառով: Կամ էլ՝ քաղաքական քարոզչական նյութերի ընթերցումից անմիջապես հետո: Բայց դա առաջնային չի համարվել: Առաջնային է համարվել տրանսպորտով երթևեկող քաղաքացիների գոհունակության վիճակի անխախտ իրավունքը:
«Ցեց»-ի ծաղրանկարիչ Վահե Ներսիսյանը այսպես է բացատրում մերժման պատճառը. «Երևի ուղևորները թերթի շուրջ կվիճաբանեին, միգուցե նաև ծեծկռտուք սկսվեր իշխանամետ և ընդդիմադիր ուղևորների միջև: Բայց զավեշտն այն է, որ հասարակական տրանսպորտում իշխանամետ ուղևոր չես գտնի, քանի որ նրանք հիմնականում մեծ ու հարմարավետ ավտոմեքենաներով են տեղաշարժվում»:
Մարիաննա Գրիգորյանը պատմում է, որ երբ հասկացան, որ անվճար տարածումը իրատեսական չէ, որոշեցին թերթը վաճառել. «Օրենք չխախտելու համար ստեղծեցինք ՍՊԸ և թերթի համար մատչելի գին սահմանեցինք: Այն վաճառվելու է 190 դրամով»:
«Ցեց»-ի ստեղծողները ուզում են թերթը հասանելի դարձնել հատկապես այն մարդկանց, որոնք ինտերնետ չունեն: Անգամ մտադրություն կա թերթն իրացնել փողոցներում՝ շրջիկ թերթավաճառների օրինակով:
«Մամուլի տարածմամբ զբաղվող «ՊրեսՍթենդ» ընկերությունը շատ բարձր տոկոսներ ու անդամավճար պահանջեց, մենք էլ մտածեցինք, որ ավելի լավ է այդ գումարը տանք գրավաճառներին եւ ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնենք վաճառքը»,- ասում է նա:
Ութ էջանոց գունազարդ «Ցեց»-ը ունի նաև «Ներկիր ու լրացրու ինքդ» անգույն ներդիր, որը պետք է գունավորեն հենց ընթերցողները:
«Ցեց»-ի ծաղրանկարները հիմնականում մոդելավորում են իրական դեպքերը հենց այնպես, ինչպես դրանք տեղի են ունեցել: Համատեքստերի դասավորությունը գրեթե նվազագույն է, իսկ շեշտադրումն արված է իրական դեպքերի ճակատային պատկերումով:
Ճակատային ծաղրանկարները հենց ճակատային էլ ընկալվում են:
«Դա ոճի խնդիր է,- ասում է Վահե Ներսիսյանը,- Ծաղրանկարիչներ կան, որոնց նկարները հիշեցնում են հանելուկներ: Այսինքն, պետք է մի քանի րոպե նայես, որ բացահայտվի թաքնված իմաստը: Ինքս նախընտրում եմ ծաղրանկարի թեմա դարձնել խոսքը: Այդ դեպքում ծաղրանկարը դառնում է մեջբերում` ցիտատ»:
Մարիաննա Գրիգորյանի կարծիքով՝ քաղաքական ծաղրանկարի նպատակը ոչ այնքան ծիծաղ հարուցելն է, որքան իրավիճակն այլ տեսանկյունից ներկայացնելը: Հաճախ շոկային կերպով:
Վահե Ներսիսյանը ծաղրանկարի ժանրը նմանեցնում է տրագիկոմեդիայի ժանրի հետ, որտեղ ծիծաղն ու լացը միահյուսված են. «Երբեմն ծաղրանկարը ոչ միայն ծիծաղ, այլև ժպիտ չի առաջացնում, փոխարենը ստանում է արձագանք: Այսինքն` ծիծաղելի լինելն այս դեպքում ինքնանպատակ չէ, պարզապես ավելի է հիշվում հենց հումորային գիծ ունեցող պատկերը»:
«Ցեց»-ի համար 5-6 ծաղրանկարիչներ են աշխատում, և բոլորն ունեն իրենց ձեռագիրն ու մոտեցումը: Գլխավոր խմբագիրը պատմում է, որ ճնշումների պատճառով որոշ նկարիչներ դադարեցրել են ծաղրանկարներ անել. «Լեհաստանում ապրող ծաղրանկարիչ ունեինք, որը ստիպված դադարեցրեց մեզ հետ աշխատանքը, քանի որ Հայաստանում ապրող իր ընտանիքը սպառնալիքներ ստացավ»:
Անցյալ տարի ՄեդիաԼաբ-ի աշխատակիցները անեծքներ ու նզովքներ են ստացել Հայ առաքելական եկեղեցուց, հարձակման է ենթարկվել կայքը, իսկ անցյալ տարվա ամռանը անհայտ անձինք կոտրել են խմբագրի մեքենայի ապակիներն ու գողացել ծաղրանկարների վերատպագրությունները:
Քաղաքական ծաղրանկարը չի կարող բոլորին դուր գալ: Իհարկե, իդեալական կլիներ, եթե դուր գար երգիծանքի արժանացած սուբյեկտներին: Այսինքն` նրանց, ում ծաղրում են: Ի վերջո, երգիծանքը չի կարող կասեցվել արգելքներով, այն կանգնեցվում է ադեկվատ արձագանքով: Ընդ որում՝ թե՛ ծաղրանկարի համար դատի տալը, թե՛ բարյացակամ արձագանքը, թե՛ արհամարհանքը ընդունելի են: Ընդունելի չէ միայն արգելքը:
Հայաստանյան մեդիա միավորները հիմնականում լոյալ են իշխանությունների հանդեպ: Անգամ աղմկոտ հետաքննությունները չեն փոխում իրավիճակը:
Հարցն այն է, որ երբ ցանկացած թերթի (նույնիսկ ամենաանհաջող) առջև դրվում է պահանջ սահմանափակելու սեփական ոճն ու ասելիքի շրջանակները, ազատ խոսքի տարածքը անկասելիորեն նեղանում է: Փոքր մասնավոր մի տպագիր թերթ չի կարող սասանել հանրապետության հիմքերը, անգամ եթե ծաղրի առարկա է դարձնում հանրապետության առաջին դեմքերին: Այդպես մտածողները իրականում հանրապետության կայունությանը չեն վստահում: Այս դեպքում ստացվում է, որ չեն վստահում հենց իշխանությամբ օժտվածները:
«Ցեց»-ի ծաղրանկարները միշտ չէ, որ հաջող են, ճաշակով են և անգամ՝ ծիծաղելի: Բայց դա նշանակություն չունի, քանի որ փոքր մասնավոր նախաձեռնությունը ոչ մի կերպ չի կարող մրցակցել ֆինանսապես ավելի բարվոք ու հսկա մեդիա հոլդինգների հետ: Այն պարզապես մի նոր գույն ու երանգ է ավելացնում մեր կյանքին: Չես սիրում այդ գույնը, մի կարդա, բայց հիշիր, որ գույների բազմազանությունը կոփում է աչքն ու գունավորում կյանքը:
Ինչպես ասում են միջազգային համբավ ունեցող երգիծական թերթերը՝ մենք չենք վախենում լինել չար և հիմար:
«Ծաղրանկարչությունն ի տարբերություն լրագրության ծայրահեղ սուբյեկտիվ ոլորտ է, որտեղ չի ստացվի պահպանել լրագրությանն անհրաժեշտ հավասարակշռությունը: Ծաղրանկարչությունը լրիվ ազատ ժանր է, և եթե, օրինակ, որոշես կապվել որևէ քաղաքական ուժի հետ, ձեռքերդ կկապվեն ու չես կարողանա աշխատել»,- ասում է Մարիաննան:
«Ցեց»-ի ծաղրանկարները իրադարձային են, և դրանք ընկալելու համար պահանջվում է տեղյակ լինել քաղաքական (հաճախ շատ նեղ ու բեկորացված) իրադարձություններին:
Եթե չես հետևում քաղաքական անցուդարձին, «Ցեց»-ի ծաղրանկարը քեզ ոչինչ չի ասի:
«Բոլոր նկարները ուղեկցվում են կարճ մեկնաբանություններով: Իրականում, մեր ծաղրանկարներով իրազեկում ենք մարդկանց, պատմում, թե ինչ է տեղի ունեցել ճիշտ այնպես, ինչպես լրագրողները լուրեր են գրում: Մենք մեզ ավելի շուտ հենց նյուսմեյքեր ենք համարում: Օրինակ, ծաղրանկարներ ունենք, որոնք ներկայացնում են ԱԱԾ գնումները (17 տոննա շաքարավազ և 7 տոննա մարգարին): Առաջին հայացքից ֆանտաստիկ թվացող այս լուրը մենք նախ՝ ճշտեցինք (ինչպես անում են լրագրողները, փնտրելով ապացույցներ ու աղբյուրներ), հետո երկու ծաղրանկար արեցինք, որոնց նպատակը տեղեկացնելն ու իրազեկելն էր»,- ասում է Մարիաննա Գրիգորյանը:
«Ծաղրանկարի ժանրը թույլ է տալիս նաև օգտագործել օդում կախված լուրերը, ասեկոսեները, բամբասանքները»,- ավելացնում է Վահե Ներսիսյանը:
Լուրը՝ ներկայացված իրական լուսանկարով ու դեպքի նկարագրությամբ, լսարանի վրա ներգործում է այլ կերպ, քան ծաղրանկարչի աչքով հղկվածն ու մատուցվածը: Ծաղրանկարի ազդեցությունն ավելի օպերատիվ է:
«Ծաղրանկարիչներ շատ կան Հայաստանում, բայց ցավոք, նրանց հիմնական թիրախը Ադրբեջանից ու Թուրքիայից այն կողմ չի անցնում: Կարծում եմ՝ վախ կա ուշադրությունը ուղղելու դեպի ներքին խնդիրները»,- նկատում է Մարիաննան:
«Ցեց»-ը մտադիր է ոչ միայն առանձին ծաղրանկարների, այլև պատկերապատումների շարքեր անել: Ինչպես նաև gif-եր ու անիմացիոն կարճ ֆիլմեր ստեղծել: Այդ դեպքում հնարավոր կլինի ներմուծել դրական և օրինակելի (ազնիվ, անկաշառ ու անկաշկանդ) հերոս: Գաղափարներ ու ցանկություններ «Ցեց»-ը շատ ունի, բայց վստահ է, որ մեկնարկը պետք է լինի ճակատային ուղերձով քաղաքական ծաղրանկարների միջոցով:
«Եթե մարդիկ երկար հոդվածներ կարդալ չեն ուզում, բայց մտահոգված են իրականությամբ, նրանց ազդեցիկ ուղերձներ փոխանցելու ու կարևոր թեմաներին հաղորդակից դարձնելու լավագույն միջոցը պատկերաշարերն են»,- ասում է Մարիաննա Գրիգորյանը:
Վահե Ներսիսյանն իրենց թերթի անվանման օրինակի վրա է բացատրում դրականի ու բացասականի ճոճանակը. «Ցեցը վնասակար կենդանի է և կարծես թե, ոչ մի օգուտ չի տալիս: Մեղուն, թեև խայթում է, բայց օգտակար գործ է անում: Ինչպես նաև ցախավելը, որը մաքրող դեր է կատարում: Մեր նպատակն այն է, որ ծաղրանկարված մարդիկ ընկալեն հումորն ու ուրախանան, որ դառնում են հումորի առիթ: Դա մշակույթ է, որը պետք է զարգանա: Եթե նկատել եք, մեր թերթում անձնական վիրավորանք չկա, կա միայն աբսուրդ իրավիճակի արձանագրում: Ի վերջո, մեր բոլոր հերոսները քաղաքական գործիչներ են, այսինքն` հանրային անձեր: Շատ հաճախ մարդիկ ու դիսկուրսն այնքան գռեհիկ են, որ այդ գռեհկությունը ծաղրանկարչական հնարքներով առավել սրելու կարիք էլ չի լինում»:
Հումորը միշտ հակադրություն է: «Ցեց»-ի պատկերների դեպքում, ակնհայտ է, որ քաղաքական վերնախավի պահվածքն ու արտահայտությունները հակադրվում են ընդունված նորմերին: Վերնախավը վերևում է, բայց նրա վերևից արված արտահայտությունները չեն համապատասխանում վերևի դիրքին:
Եվ երբ հնչում են կարծիքներ, որ կան բաներ, որոնց վրա ծիծաղել չի կարելի, դա դառնում է շատ հարմար ֆիլտր, որն աշխատում է վերնախավի օգտին:
Բարոյական տաբուներ (այսինքն` ներքին զսպանակի վրա հիմնված արգելքները) առաջ քաշողները բաց են թողնում մի շատ կարևոր կետ. որպեսզի ծիծաղելի լինի, հարկավոր է դեպքն ու մարդկանց իջեցնել պատվանդանից, դասական լեզվով ասած՝ գլխիվայր շրջել վերևն ու ներքևը, դուրսն ու ներսը, ասվածն ու չասվածը:
Եվ որպեսզի դա տեղի ունենա, հարկավոր է ձգտել մեդիա բազմազանությանը: Այդ թվում` նաև ծաղրի միջոցով:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: