Հայաստանյան լրատվամիջոցների «Առողջություն» բաժնում ընդգրկված նյութերն ուսումնասիրելուց հետո հնարավոր է բաժնում տեղադրված հակագիտական նյութերի կառուցվածքն ընդհանրացնել այսպիսի «բանաձևով».
- Վերցվում է կամայական սննդամթերք, կարող է լինել նաև սննդամթերքի խառնուրդ:
- Թվարկվում են հնարավորինս շատ հիվանդություններ, սկսած գրիպից, վերջացրած քաղցկեղով:
- Սահմանվում է մթերքն ընդունելու կամայական պարբերականություն և չափաբաժին:
- Պնդվում է, որ այդ սննդամթերքը հիվանդությունը բուժելու լավագույն միջոցն է։
Նյութը ավելի տպավորիչ դարձնելու համար նաև՝
- հղում է արվում որևէ անձին, որը պնդում է, թե բուժվել է բացառապես այդ սննդամթերքի միջոցով. ցանկալի է, որ անձը բժիշկ կամ գիտնական լինի,
- անպայման մեջբերվում է որևէ դավադրության տեսություն, օրինակ, որ դեղագործական ընկերությունները թաքցնում են հիվանդությունների բուժման եղանակները։
Այս բանաձևով «գեներացված» կամ այլ աղբյուրներից թարգմանված նյութերի քանակով աչքի է ընկնում «168 ժամը»։ Նախորդ ամսվա ընթացքում «Առողջություն» բաժնում ընդգրկված նյութերի ցանկում են արգանդի քաղցկեղի բուժումը ալոեով և մինչև անգամ հիվանդության հերքումը՝ պնդելով, որ այն B17 վիտամինի պակաս է։
Լրատվամիջոցն առաջարկում է նաև տնային պայմաններում հակաբիոտիկ ստանալ բորբոսնած հացից և նարնջից, իսկ վարակիչ հիվանդությունները համարում ոչ այլ ինչ, քան կյանքի իմաստի պակաս։
Ուշագրավ է այն փաստը, որ կայքն ինչ սննդամթերքով ասես բուժումներով հեղեղելուց հետո լրատվամիջոցը նյութեր է հրապարակում, թե որևէ անձին գումար է անհրաժեշտ՝ քիմիաթերապիա ստանալու համար։ Իսկ ու՞ր են մնում այդ «պարզ» ու «քիմիաթերապիայից շատ ավելի արդյունավետ» մեթոդները, երբ խոսքն իրական կյանքերին է վերաբերում։
Թերևս, հայաստանյան լրատվամիջոցների վերջին թրենդը՝ ջրաբուժությունը, փոքր ինչ շեղվում է բանաձևից՝ պնդելով, որ բուժվելու համար ջուր խմելն էլ բավարար է։ Մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ galatv.am, 168.am, tert.am կայքերը, գրում են, թե կարելի է բուժվել արյան բարձր ճնշումից, գաստրիտից, տուբերկուլյոզից, քաղցկեղից՝ առավոտյան ընդամենը ջուր խմելով։
Նյութերից որոշներում նշվում է, որ ջուրը կբուժի տուբերկուլյուզը 90 օրում, սակայն նշված ժամանակում հիվանդությունը տեսականորեն կարող է սպանել մարդուն։
Եվ քիչ չեն այն դեպքերը, որոնք ցույց են տալիս հետևյալ մեթոդների ողջ ողբերգականությունը կամ բացահայտում թաքնված կեղծիքները։
Կեղծիքի և դրամաշորթության ամենահայտնի օրինակներից մեկը ավստրալիացի Բել Գիբսոնն էր, որը գրում էր, թե ինչպես է կարողանում պայքարել գլխուղեղի քաղցկեղի դեմ՝ սննդակարգից բացառելով շաքարը, սուրճը և մի շարք այլ սննդամթերք։ Երիտասարդ բլոգերն ու իր մեթոդները շատ արագ հայտնի են դառնում, վերջինս նաև քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ է ստեղծում: Սակայն 2015թ.-ին պարզվում է, որ Գիբսոնը երբեք էլ քաղցկեղ չի ունեցել:
Նույն թվականին քաղցկեղից մահանում է մեկ այլ երիտասարդ ավստրալիացի բլոգեր՝ Ջեսիկա Այնսբուրգը, ով հայտնի էր որպես «առողջ ապրելակերպի մարտիկ» (Wellness Warrior) և հրաժարվել էր հիվանդության բուժումից:
Սննդաբուժության և նման մեթոդների կիրառումը վտանգավոր է ոչ միայն քաղցկեղի, այլև այն հիվանդությունների պարագայում, որոնք հեշտորեն բուժվում են ժամանակակից բժշկության կողմից։ Նույնիսկ ամենաթեթև և հեշտ բուժելի հիվանդությունը կարող է մարդու կյանքի և առողջության համար լուրջ սպառնալիք դառնալ՝ ժամանակին բժշկական օգնություն չստանալու պարագայում։
Ռուբինա Դավթյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: