2016.10.31,

Քննադատ

Շուտով ընտրություններն են․ ինչ անել

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ապրիլին Հայաստանում սպասվում են ընտրություններ։ Եվ արդեն սկսվում է նախընտրական փուլը․ բացվում են նոր կուսակցություններ, հայտնվում են հին և նոր քաղաքական դեմքեր, որոնց, բնականաբար, պետք է ապահովել դրական ընկալում հասարակության լայն շրջանակներում։ Ինչն էլ նշանակում է, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում թեժ է լինելու։

Իրավիճակը արդեն թեժանում է, ինչը նշանակում է, որ միջին վիճակագրական քաղաքացին իր հերթին պետք է պատրաստ լինի գալիք փորձություններին։

Ինչի սպասենք մոտակա ամիսներին

ա․ Սոցիալական ցանցերում հայտնվելու են մեծ քանակությամբ ֆեյքեր, որոնք ուղղորդվելու են քաղաքական ուժերի կողմից։ Ֆեյքերը երբեք չեն դադարել լինել, սակայն դրանց ընդհանուր զանգվածը բավականին տատանվող բնույթ ունի։ Այս տարվա ընթացքում դրանց թիվը բավականին նվազել էր:

Կտրուկ աճ նկատվեց հուլիս-օգոստոսյան ճգնաժամի ընթացքում, հետո դրանց թիվը դարձյալ նվազեց։ Մոտակա ժամանակներում կրկին պետք է սպասել ֆեյքերի խմբերի կտրուկ աճի։ Ընդ որում՝ այս անգամ, ամենայն հավանականությամբ, դրանցից օգտվելու են արդեն բոլոր քաղաքական ուժերը

բ․ Կհայտնվեն նոր ինտերնետային լրատվամիջոցներ, որոնք կաշխատեն նույն կերպ, ինչ ֆեյքերի խմբերը՝ կտարածեն ապատեղեկատվություն, կփորձեն ստեղծել տարբեր անձանց կամ կուսակցությունների մասին բացասական էմոցիոնալ դաշտ, տեղեկատվական բոմբեր տարածել և այլն։

գ․ Կարթնանան կիսաքնած տեղեկատվական հարթակները, որոնք արդեն կիրառվել են նախորդ ընտրությունների ժամանակ և հետո նորից քուն կմտնեն։

դ․ Հայոց հողն նսպասելիորեն շատ փորձագետներ ու քաղաքագետներ կծնի մոտակա ամիսներին:

Ինչ անել այս ամենի հետ

ա․ Դադարել ընկերանալ սոցցանցերում ամեն մի անծանոթի հետ։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պետք չէ հալած յուղի պես ընդունել անծանոթների սկանդալային, ամպագոռգոռ ստատուսները կամ նույնիսկ մեկնաբանությունները։ Առավել ևս, ամեն մի անծանոթի գրառում չարժե միանգամից տարածել՝ առանց խորանալու և ստուգելու:

բ․ Միշտ նայել, թե որն է տարածվող նյութի աղբյուրը։ Չի լինում նորություն, որը դուք գտել եք «ինտերնետներում» կամ «ֆեյսբուքներում»։ Ամեն նյութ ունի կոնկրետ աղբյուր և կոնկրետ հեղինակ։ Եթե նյութի բովանդակությունը կարևոր է, ապա բացեք կայքը, ուսումնասիրեք «Մեր մասին» բաժինը։ Եթե այն դատարկ է կամ բովանդակությունը ճախրում է անէության թմբիրում, ապա սա արդեն իսկ պատճառ է կասկածելու, որ դուք կարդում եք քարոզչական աղբյուր։

Ցավոք, բավականին շատ «նորմալ» լրատվամիջոցներ նույնպես «նորմալ» չեն լրացնում «Մեր մասին» բաժինը։ Այդ իսկ պատճառով արժե անցնել տվյալ կայքի լրահոսով։ Հաճախ քարոզչական կայքերի լրահոսից արդեն հասկանալի է դառնում, որ դրանց հետ մի բան այն չէ․ դրանք հիմնականում գողանում են նյութեր այլ կայքերից, դրանք նույն մարդու կամ կուսակցության մասին գրում են միանգամից շատ վատ կամ շատ լավ նյութեր։

գ․ Նյութերը տարածելուց առաջ շատերն այդքան չեն խորանալու, ինչքան էլ խնդրես։ Բայց գոնե արժե չտարածել նյութը՝ միայն վերնագիրը կարդալով։ Ավելին՝ նյութը պետք է ուշադիր ուսումնասիրել և համոզվել, որ ընդունելի աղբյուրի վրա է հղում արվել, որը հստակ է և ստուգելի, այլ ոչ անհասկանալի, անծանոթ կամ վերացական։

դ․ Հիշել, որ եթե մարդուն լրատվամիջոցները անվանել են փորձագետ կամ քաղաքագետ, դա նշանակում է միայն մեկ բան՝ որ այդ մարդը այդպես է ներկայացել։ Փորձագետի կոչումը չպետք է լինի այդ մարդու ասածներին վստահելու երաշխիք։ Ակնոցը դեռ մեծ խելքի նշան չէ։

Այս կանոնները թույլ կտան զտել քարոզչության մի մասը։ Իհարկե, սա չի երաշխավորում հարյուր տոկոսանոց տեղեկատվության զտում։ Բայց թույլ կտա առաջին մակարդակում մաքրել տեղեկատվական դաշտը քաղքական քարոզչությունից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *