2016.07.17,

Նյուսրում

Դատական վարույթ է ընդունվել Սեֆիլյանի հայցն ընդդեմ «Արմենիա» հեռուստաընկերության

«Արմենիա» հեռուստաընկերության և նրա երկու աշխատակիցների դեմ Ժիրայր Սեֆիլյանի հայցը հուլիսի 15-ին դատական քննության է ընդունվել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջով գործը դատավոր Նաիրա Ավետիսյանի վարույթում է:

Դատական առաջին նիստը նախատեսված է հոկտեմբերի  7-ին:  

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հուլիսի 12-ին  «Նոյյան տապանի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տեղեկացրել է, որ «Սեֆիլյանին չի հետաքրքրում բարոյական վնասի փոխհատուցումը»: Իրենց պահանջը հետևյալն է՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը, նրա մեկնաբանին ու լրագրողին պարտավորեցնել ներողություն խնդրել Սեֆիլյանից և նույն ձևաչափով հերքում հրապարակել:

Վիճելի հրապարակումը վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 12-ի թողարկման մի սյուժեի, որից, ըստ փաստաբանի, «տպավորություն է ստեղծվում, որ Ժիրայր Սեֆիլյանն իր վիրավոր զինվորին թողել է մարտի դաշտում միայնակ՝ չկատարելով հրամանատարի պարտավորությունները»: Փաստաբանը հիշեցրել է, որ նյութի հեղինակները Ժիրայր Սեֆիլյանից չեն ճշտել հրապարակվելիք այդ տեղեկությունների իսկությունը:

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը Media.am-ին այս առիթով փոխանցեց միայն, որ «իրավական գործընթաց է սկսվել, զերծ ենք մնում որևէ մեկնաբանությունից: Դատական փուլում, բնականաբար, կներկայացնենք մեր տեսակետը»: Գործով մյուս պատասխանողներն են՝ նույն թողարկմանը հնչած «Հաղթանակը շատ հայրեր ունի» ռեպորտաժի հեղինակ Նելլի Հարությունյանը, ինչպես նաև « Արմենիա Թիվի» փակ բաժնետիրական ընկերությունը:

Ըստ «Հրապարակ» թերթի, Ժիրայր Սեֆիլյանը մինչև կալանավորվելը դիմել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրենին՝  հայտնելով, որ տվյալ հաղորդմանը  « խեղաթյուրված դրվագ է ներկայացվել՝ իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորելու դիտավորությամբ»:

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 22-ից գտնվում է կալանքի մեջ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք … պահելու, փոխադրելու մեղադրանքով:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *