2016.04.13,

vox populi

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ միայն լուսանկարով ֆոտոպատմություն չես կառուցի»

Երբ աշխատում ենք պատերազմական գոտում և գիտեք, որ լսարանը գերզգայուն է, շատ բարդ է օպերատիվության հետևից ընկելը: «PAN Photo»-ի բոլոր լուսանկարիչները բախվել են լուսանկարել-չլուսանկարելու երկընտրանքի հետ:

Օրինակ՝ մեր լուսանկարիչ Արեգ Բալայանը, ով Ղարաբաղում է ապրում, առաջինը լուսանկարեց ապրիլի 2-ին վիրավորված ու զոհված երեխաներին:

Նա հիվանդանոցում էր, երբ ծագեց ամենաբարդ դիլեման, որն առհասարակ ծագում է ցանկացած լուսանկարչի մոտ՝ ֆոտոյի ու կյանքի ընտրությունը: Արեգը զանգահարեց ու ասաց, որ չի կարող մոտենալ վիրավոր ու մահացած դեռահաս եղբայրների ծնողներին (ում ճանաչում էր) ու ասել՝ ես պիտի նկարահանեմ ձեր տղային: Բայց մյուս կողմից նա հասկանում էր, որ իր լուսանկարները շատ պետք են այսօր. երեխաները հայտնվել էին կրակահերթի տակ, իսկ ոչ ոք այդ մասին դեռ չգիտեր: Այդ լուսանկարներն առաջին փաստերն էին, որոնք ապացուցում էին պատերազմական գործողությունների վերսկսումը:

Ստեփանակերտի հիվանդանոցում 12 ամյա Գևորգ Գրիգորյանն է, ով Արցախի Մարտունի քաղաքի դպրոցի բակում Ադրբեջանի ԶՈւ հրետակոծման արդյունքում ապրիլի 2-ին վիրավորվել էր<br> (©PAN Photo / Areg Balayan)Իհարկե, պատկերային ապացույցները շատ կարևոր են: Կարծում եմ նաև, որ ֆոտոն որոշ դեպքերում ավելի ազդեցիկ է, քան վիդեոն, քանի որ ավելի արագ է տարածվում ու ավելի արագ հիշվում: Ֆոտոն կարծես հանում է վիդեոյից ամենաէականն ու դնում լսարանի առջև:

Երբ գնացել էինք «Եղնիկներ» զորամաս, տղաներից մեկը խնդրեց տեսագրել իր շնորհավորանքը մայրիկին, քանի որ ապրիլի 7-ն էր: Նկարահանեցի, տեսագրությունը տարածվեց, իսկ ես հասկանացա, որ մի քանի րոպե նկարահանելու փոխարեն կարող էի ընդամենը մեկ կադր անել, ու դա շատ ավելի տպավորիչ կլիներ: Վիդեոն կարծես ավելորդություն է, որը, միևնույն է, հիշվելու է կադրերով:

Ասեմ նաև, որ «PAN Photo»-ին լրիվ միևնույն էր, թե որ լրատվամիջոցներն են վերցնելու մեր լուսանկարները (գողանալու են, թե պայմանավորվածություն են ձեռք բերելու): Այս դժվար օրերին ֆոտոները պետք է տարածվեին, խնդիրը միայն դրանք ճիշտ օգտագործելն էր: Այսինքն՝ մի համատեքստից չպոկելն ու տանել մյուս համատեքստ:

Ես հիմա խոսում եմ ոչ թե ադրբեջանական, այլ զուտ մեր լրատվական դաշտի մասին, որտեղ քիչ չէ ապատեղակատվությունը: Եվ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության օրերին էլ ոչ միշտ էր պահպանվում լուսանկարի վավերագիր կողմը:

Այդ պատճառով էլ շատ եմ կարևորում լուսանկարը ուղեկցող կարճ գրությունները, որոնք կոնկրետացնում են, թե ով, որտեղ և ինչ հանգամանքներում է լուսանկարված: Այդ մակագրությունները ոչ պակաս կարևոր տեղեկություն են, քան պատկերը:

Նորից վերադառնալով երեխաների լուսանկարներին, ասեմ, որ մենք մանրամասն մակագրել ենք լուսանկարները՝ հիմնվելով բժիշկների ասածների վրա, ստուգելով երեխաների անուններն ու ծննդյան տարեթվերը:

Երբ անցյալ տարի զրուցում էի հայտնի դանիացի լուսանկարիչ Յան Գրարուպի հետ, ով գրեթե բոլոր հնարավոր արհավիրքներն ու դաժանությունները տեսել ու լուսանկարել է, հարցրեցի՝ ե՞րբ ինքը կանջատեր սարքն ու այլևս չէր նկարի: Պատասխանեց. «Միայն մի դեպքում չեմ լուսանկարի՝ եթե զգամ, որ կարող եմ օգնել»: Այսինքն՝ փրկել մահից, տեղափոխել, ֆիզիկապես աջակցել և այլն:

Բայց դրան գումարվում է մեկ այլ շատ ավելի դժվար երկըտրանք. իսկ ե՞րբ է պետք ցույց տալ քո լուսանկարածը: Թեժ կետերում աշխատող լուսանկարիչները շատ են լուսանկարում, բայց հրապարակում են իրենց արածի շատ փոքր տոկոսը:

Լուսանկարը երբեմն կոնյակի պես են. ժամանակի հետ բարձրանում է նրա պատմական արժեքը: Շատ լուսանկարներ դիպչում են մարդկանց հոգու լարերին ու վայրկենական հուզական էֆեկտ թողնում: Եվ հետո արագ կորչում, մոռացվում են:

Այսօր ոչ ոք չի ուզում տեսնել արհավիրքը, պատերազմի սարսափը, քանի որ զգում է, որ դրան ներքուստ պատրաստ չի:

Հետաքրքիր է, որ վերջին օրերին ամենատարածվածը ոչ թե պատերազմական գործողությունների ու դրանց հետևանքների, այլ Թալիշ գյուղի երիտասարդների լուսանկարներն էին: Այնպես ստացվեց, որ մենք միանգամից բանակից հետո մտանք ռմբակոծված Թալիշ ու լուսանկարեցինք մեզ դիմավորող զինվորական համազգեստով երիտասարդների: Մի կողմ դնենք լուսանկարի որակը, կարևորն այն էր, որ այն դարձավ հաղթանակի ու խաղաղության ձգտման առաջին պատկերը: Եվ դա պահանջված պատկեր էր:

Արցախի հյուսիս-արևելյան առաջնագծի դիրքապահները, Թալիշ գյուղը վերագրավելուց մի քանի ժամ անց<br> (©PAN Photo / Karo Sahakyan)Հետո այն հանվեց իր համատեքստից ու տարածվեց արդեն առանց վայրի ու ժամանակի հիշատակման: Ստացվեց, որ պարզապես զինվորներ էին, մինչդեռ վստահ եմ, որ կարևորը հենց գյուղն էր ու մեր հաղթանակի գործոնը:

Լուսանկարը կորցնում է իր դերը, երբ նրա մակագրությունը դառնում է ածանցյալ ու ոչ կարևոր:

Մարտակերտում մի պապիկի հանդիպեցինք, որը կանգնած էր դատարկ, կիսաքանդ փողոցի հենց մեջտեղում: Պարզ էր, որ լուսանկարն արդեն պատրաստ է (տպավորիչ արտաքինով ծերուկը՝ փլված քաղաքում), բայց երբ խոսեցի նրա հետ, պարզ դարձավ, որ այդ 92-ամյա պապիկը 1993 թվականին մարտական գործողությունների ղեկավարներից է եղել ու նաև նրա շնորհիվ է ազատագրվել Մարտակերտը: Եվ այդ ինֆորմացիան ամբողջացրեց լուսանկարը՝ դարձնելով այն ֆոտոպատմություն:

92-ամյա Վաղո Բեգլարյանը կանգնած է հրետակոծված տների մոտ Մարտակերտի փողոցներից մեկում, Արցախ, 04.04.2016<br> (© PAN Photo / Vahan Stepanyan)Ես ինքս երկար տեքստեր գրել չեմ սիրում, բայց հասկանում եմ, որ այսօր վավերագրական ֆոտոն միայն տեքստով է դառնում պատմություն և արժևորվում: Հակառակ դեպքում՝ ոչ մի տարբերություն չէր լինի, թե երբ ենք լուսանկարում մեր զինվորներին (մարտերից անմիջապես հետո, թե տասը օր առաջ):

Իսկ երբ հրադադարից մեկ րոպե հետո ես նրանց լուսանկարում, պատմությունը իմաստ է ստանում: Ֆոտոն էլ մտնում է պատմության շղթայի մեջ:

Պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում աշխատող բոլոր մեր լուսանկարիչները գիտեին, որ կարող են լինել լուսանկարներ, որոնք ենթակա չեն հրապարակման: Քանի որ ԼՂՀ ՊԲ-ն էր համակարգում աշխատանքները, մենք նախապես պայմանավորվել էինք, թե ինչն է հրապարակվելու, ինչը՝ ոչ, ում անունն է նշվելու, ումը՝ ոչ:

Հնարավոր է, որ պատահմամբ լուսանկարեինք, ասենք, դիրքերի որոշ անկյունները կամ տեղանքը ու դրանով վնասեինք մեր տղաներին: Մենք, որպես կանոն, վայրը չէինք նշում՝ ընդհանրացված ասելով, օրինակ, «հյուսիս-արևմտյան սահմանագիծ»:

Իհարկե, երբեմն մտածում ես, որ եթե մի քիչ էլ մոտենաս դիրքերին կամ ավելի բարձր կետ հասնես, լուսանկարն ավելի լավը կստացվի, բայց հետո հասկանում ես, որ դու չես կանգնած սահմանին ու իրավունք չունես վտանգավոր վիճակում թողնելու ուրիշին:

Ոչ մի լուսանկար չի կարող ավելի կարևոր լինել, քան մարդու կյանքը:

Ցանկացած լուսանկար բազմաթիվ տարրերից է կախված, դիտողը կարող է դրանք չնկատել, բայց լուսանկարիչները պարտավոր են նկատել ու չթողնել, որ «բաց» տեղեր մնան ու հարցեր առաջանան: Բացերը լրացվում են մակագրություններով:

Այս օրերի ընթացքում «PAN Photo»-ի լուսանկարները տպագրվեցին հազարից ավելի միջազգային թերթերում, և մենք բավարարված ենք, քանի որ գիտենք, որ սխալ ֆոտո չենք տվել: Այսինքն՝ այնպիսի ֆոտո, որը կարող է հետագայում վնասել Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղին: Բացի փաստերի ստուգումից ու մանրամասներից՝ կան նաև աննշան նրբություններ: Օրինակ՝ երբ նկատում էի, որ զինվորի հագուստը ճղված է կամ կեղտոտ, փորձում էի դա չլուսանկարել: Միգուցե մանր բան եմ ասում, բայց չէի ուզենա, որ վաղը այդ լուսանկարը ուրիշ երկրներում արծարծելու թեմա դառնա:

Հայ զինվորը Կալաշնիկովի գնդացիրներ է տանում իր զինվորական ընկերներին Արցախի Մարտակերտի շրջանում, 04.04.2016<br> (©PAN Photo / Vahan Stepanyan)Ես խնդիր չեմ տեսնում, որ մարդիկ գնում են դիրքեր ու խրամատներում սելֆիներ են անում՝ գրելով «Զինվորներ ջան, ձեր ջանին մեռնեմ»: Խնդիրն այն է, որ կարծես իրականությունը դրանով քողարկվում է, հայտնվում երկրորդ պլանում:

Հիմա Լեռնային Ղարաբաղում շատ լրագրողներ կան: Մի մասը Ստեփանակերտի հրապարակից հեռու չի գնում, իսկ մյուս մասը գնում է դիրքեր ու փորձում հասկանալ իրավիճակը:

Կարծում եմ, հիմա մեր ֆոտոլրագրողներն ավելի լավ են աշխատում, քան շատ լրագրողներ: Ղարաբաղում աշխատելիս նկատեցի, որ որքան էլ իրար չսիրեն ու միմյանց հետ մրցեն, մեր ֆոտոլրագրողները համախմբված էին: Բոլորը կարծես մեկ միավորի շուրջ էին աշխատում: Իսկ լրագրողները եզակի գործ անելու հավակնություն ունեին, ուզում էին ցույց տալ, որ իրենց արածը տարբերվում է մյուսներից:

Երբ, օրինակ, գնացինք նկարելու «Սմերչի» հետքերն ու ասֆալտի մեջ խրված ականի բեկորները, լուսանկարիչներն ու օպերատորները սկզբից սկսեցին ուսումնասիրել տեղանքը, ընտրել տեսակետները: Այսինքն՝ զգացվում էր ներքին պատրաստվածությունը:

Իսկ լրագրողները միանգամից վազեցին ականի մոտ ու ռեպորտաժ անելու համար տեղ գրավեցին (նույնիսկ թվաց, որ ականը հիմա նորից է պայթելու): Դա ոչ թե ներքին մշակույթի, այլ ավելի շուտ միմյանցից ռեպորտաժ խլելու հարց էր: Տպավորություն էր, որ սա ասուլիս է, և ականը կարող է միայն մեկ հարցին պատասխանել, և բոլոր լրագրողներն ուզում էին միակ հարց տվողն իրենք լինել:

Չեմ ուզում փնովել, բայց կարծում եմ, որ հիմա լրագրողների պահանջարկ կա, և այդ պատճառով էլ բոլորն ուզում են դառնալ լրագրող: Լուսանկարիչների պահանջարկ չկա:

Եվ հետաքրքիր է, որ այս քառօրյա պատերազմից որպես արժեք մնացին մի քանի փորձառու լրագրողների տեքստերը, իսկ մյուսներն իրենք էլ լավ չէին պատկերացնում, թե ուր են եկել ու ինչ է իրենցից պահանջվում:

Իհարկե, ես չեմ կարող բոլորի անունից խոսել, բայց, օրինակ, մեր գործակալության համար շատ թանկ էր, որ լուսանկարների միջոցով շատ մարդիկ իրենց երեխաների մասին լուր ստացան: Տեսան, որ մեր լուսանկարներում նրանք ողջ-առողջ են ու իրենց տեղում են (շատ վայրեր կան, որտեղ իսկապես ոչ մի կապի միջոց չկա): Դա, երևի, այն դեպքն է, երբ լուսանկարը ծառայում է իր բարձրագույն նպատակին:

Այսօր լավ նորությունը կարծես ծաղր կամ ձեռ առնելու առիթ է դարձել, բոլորը վատ լուրերի են սպասում: Եվ այո, հաճախ չենք պատկերացնում, թե լավ լուրը ինչ ձևաչափով է կառուցվում: Միգուցե այդ պատճառով է, որ լավ լուրերը զգայական անգիտակցական դաշտ են մտնում, պաթետիկ ներկայացվում ու նմանվում փուչիկի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգիստը Սբ Հովհաննես եկեղեցում, 05.04.2016<br> (©PAN Photo / Hrant Khachatryan)Բարդ է գտնել այն ճիշտ ֆորմատը, որը իմաստալից կլինի ու հակակշիռ կդառնա սարսափելի նորություններին: Վատ լուրերն ավելի գիտակցված են տարածվում ու գիտակցված էլ ընկալվում են: Լավ նորությունը ճշմարիտ պիտի լինի, հիմք ունենա: Եվ էլի կրկնեմ՝ միայն ֆոտոյով չպիտի ներկայացվի: Միայն ֆոտոն բավական չէ:

Ի վերջո, մենք էլ ռոբոտներ չենք, որոնք գնում ու արագ լուսանկարում եմ: Լուսանկարը միշտ զրույց է, շփում, տեղեկության փոխանակում: Այնքան բան է մեջս կուտակվել, որ հիմա փորձում եմ արտահատելու ձևեր գտնել:

Վահան Ստեփանյան
«PAN Photo» գործակալության համահիմնադիր
 լուսանկարիչ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *