Մի ժամանակ լրագրողներից վախեցող քաղաքական գործիչները, փաստորեն, ակամայից հաղթահարել են իրենց ներքին այդ անհանգստությունը. իշխող կուսակցության ներկայացուցիչներն են վերջերս մեկը-մյուսի հետևից խոստովանում, որ արդեն չեն վախենում լրագրողներից: Ինչ պատճառ էլ բերեն, իրենց գործն է:
Հակառակն է տարօրինակ՝ լրագրողի վախը գործչից կամ պաշտոնյայից:
Չնայած, վախը քաղաքական կատեգորիա չէ, ոչ էլ, առավել ևս, լրագրողական: Արժանապատվություն հարգելն՝ իհարկե, ով էլ լինի դիմացինդ:
Բայց թե ինչու են Հայաստանում հատկապես հեռուստատեսային լրագրողները տասնամյակից տասնամյակ ավելի ու ավելի սկսել վախենալ գործիչներից ու պաշտոնյաներից, վերջին հաշվով՝ իրենք իրենց նյութերից, դա արդեն ոչ թե իրենց, այլ բոլորիս գործն է, որովհետև հասարակությունն ու մեր մասնագիտությունը դրանից, հաստատ, չեն շահի:
Խոսքն ամենևին բռնության պատճառով ծնված վախի մասին չէ: Շատ դեպքերում այդ վախն անորոշ է, անտեսանելի, անըմբռնելի, ու որ ամենակարևորն է՝ մասնագիտական տեսակետից ոչ մի կերպ չպատճառաբանված: Վախ՝ չգիտեմ ինչից: Բայց վախ, որի պատճառով մեր լրագրությունն առնվազն հետաքրքիր չի, չնայած մյուս հետևանքներն էլ պակաս կործանարար չեն:
…Մի շնորհքով լրագրող վերադարձել էր միջոցառումից. շատ հետաքրքիր կադրեր էին նկարել: Պարզապես գտնված պահեր էին՝ երկրի ղեկավարն օգնում էր ոտքի կանգնել տարեց արվեստագետին, որը սայթաքել ու ընկել էր, երբ մոտենում էր պետության բարձրագույն պարգևն ստանալու: Բայց եթեր հեռարձակվելիք ռեպորտաժում ո՛չ այդ կադրերը կային, ո՛չ դրա մասին որևէ բառ: Հորդորից հետո էլ լրագրողը ոչ մի կերպ չհամաձայնեց ներառել.
– Էթիկայի խախտում կլինի: Ծեր մարդ է, ընկել է, վերցնենք՝ ցու՞յց տանք:
– Ոչ մի խախտում էլ չի լինի: Կարող ես ընկած մարդուն ցույց չտալ:
– Բայց նախագահին՝ էդպես, երբ կռացել, բարձրացնում է…
– Այսինքն, Հայաստանում նախագահին պետք է ցույց տալ միայն զգաստ կանգնած ճա՞ռ ասելիս: Ախր սա էնքան եզակի, մարդկային բան է՝ պրոտոկոլային միջոցառմանը նախագահն իրեն թույլ է տվել օգնել ընկածին:
– Բայց ոնց որ թե մենակ մենք ենք ֆիքսել, է, էդ պահը:
– Շատ ավելի լավ, ուրեմն բացառիկ կադրեր են: Զգում եմ, որ վախենում ես, բայց՝ ինչից կամ ումից, ոչ մի կերպ չեմ հասկանում:
– Չէ, էլի, էթիկային հարիր չի:
– Ու՞մ էթիկային: Չկա մեր էթիկայում տենց բան: Էստեղ վիրավորական շարժում անգամ չկա, վիրավորանքի նշույլ անգամ չկա, հակառա՛կը:
Չկարողացա համոզել ու ոչ էլ հասկացա, թե այդ ինչ վախ էր, որը լրագրողին ստիպեց իր նյութից դեն նետել ամենահետաքրքիր՝ բացառիկ կտորը:
Մի ժամանակ դրա մասին ասում էինք՝ ինքնագրաքննություն: Բայց հիմա արդեն դա էլ չի: Վա՛խ է: Մաքուր վախ: Անբացատրելի՛ վախ: Կամ էլ իրենք գիտեն, թե ինչից են վախենում, բայց չեն ուզում ասել:
Իսկ հակառակը՝ լրագրողներից վախենալ-չվախենալու խոսակցությունները Հայաստանում նոր չեն: 1994 թվականին թերթերը գրում էին, թե նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսպիսի բան էր ասել մի հանդիպմանը՝ կան պաշտոնյաներ, որոնք լրագրողներից ավելի շատ են վախենում, քան իրենց վերադասից:
2002 թվականի փետրվարից արդեն շրջանառության մեջ մտավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «ազատ, բայց պատասխանատու մամուլ» արտահայտությունը. « Ազատ մամուլ բոլորիս է պետք, բայց պետք է նաև պատասխանատու մամուլ»:
Պատասխանատվությունն, իհարկե, լավ բան է, երբ այն վերաբերում է ամբողջ հանրության առջև լրագրողի պատասխանատվությանը: Բայց երբ դրա տակ ենթադրվում է պատասխանատվություն միայն մեկ խմբի, այն էլ՝ իշխանությունների առջև, դա արդեն պատասխանատվություն չէ՝ վա՛խ է:
Նախագահ Սերժ Սարգսյանը 2016թ. փետրվարի 12-ի իր ելույթում չնայած չգործածեց «վախ» բնորոշումը, բայց ընդհուպ մոտեցավ. «Ի վերջո, ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով»:
Ի դեպ, և՛ պաշտոնյաները, և՛ իշխող ուժի ներկայացուցիչները լրագրողական սարքերի առջև ամենաքիչը խոսում են հիմա. կամ էլ՝ գուցե էլի շատ են խոսում, բայց տակը տեղեկություն չկա: Իսկ եղել են ժամանակներ, երբ անգամ նույն կուսակցության՝ իրար հետ անհամաձայն գործիչները միմյանց հետ շփվում էին միայն լրատվամիջոցներով: Հետաքրքիր լրագրության ժամանակներ էին: Պատկերացնու՞մ եք, որ հիմա իշխող ուժի որևէ ներկայացուցիչ իր կուսակցի դեմ բացահայտորեն մի բան ասի հրապարակավ:
Վտանգավո՞ր սահմանի է հասել ձևականորեն՝ բաց, բայց իրականում բավական փակ այս վիճակը: Ամեն դեպքում, լրագրողական պրոդուկտը ( դարձյալ՝ հատկապես հեռուստատեսային) շատ դեպքերում դրա պատճառով է, որ անհետաքրքիր է: «Համով տեղերը» նյութից հանելուց առաջ լրագրողն ասես մտքում գցել-բռնել է՝ տո լա՜վ, շառից հեռու: Հետո այդ շառից հեռավորությունն այնքան է մեծանում, որ արդյունքն ավելի շատ նմանվում է հաշվետվության և ոչ թե ռեպորտաժի:
Մի-երկու ամիս առաջ էր. Ֆեյսբուքում մի օգտատեր ծաղրում էր լրագրող-հեղինակի մոտավորապես այս ձևակերպումը. «Քամին այնքան ուժեղ էր, որ քշում-տանում էր ոստիկանների գլխարկները…»: Լրագրողական հրաշալի դիտողականություն, որպիսին կամաց-կամաց պակասում է հայաստանյան ռեպորտաժներում: Մինչդեռ Ֆեյսբուքի՝ ասածս օգտատերը սա մեջբերել էր՝ «բա սա լրագրությու՞ն է, բա սա մակարդա՞կ է» մեկնաբանությամբ, որին շատ-շատերն էին հայտնել իրենց համերաշխությունը:
Ուրեմն, հասել ենք այնտեղ, որ շատերի համար նորմ է համարվում ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, պրոֆեսիոնալը դառնում ծաղրի առարկա: Իսկ վախը կամաց-կամաց սողոսկել է լրագրողական կատեգորիաների շարք և փորձում է ամուր հաստատվել այնտեղ:
Ռուզան Խաչատրյան
Լուսանկարը՝ ErikaWittlieb-ի (որոշ իրավունքներ պաշտպանված են)
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Իսկ ես հակառակն եմ տեսնում. ագրեսիա ու անսխալականության սինդրոմ
Չգիտեմ, թե ովքեր են ֆեյսբուքյան մեկնաբանություններին «վախեցած» այդ լրագրողները, բայց հետևելով մեր հայկական մեդիային՝ կարող եմ ասել, որ մերոնք մեծ մասամբ թքած ունեն քննադատության վրա, դեռ մի բան էլ հաճախ ցանկացած քննադատություն ընդունում են, ռուսների ասած. «в штыки»։ Չեմ հիշում և որևէ դեպք, որ «Հրապարակի», «Ժողովուրդի» ու նմանատիպ այլ լրատվամիջոցները երբևէ ինչ-որ նյութ շտկած լինեն ֆեյսբուքյան մեկնաբանություններին հետևելով։
Հոդվածի հեղինակից՝ սիրով
Հարգելի Կարեն Վրթանեսյան, չնայած մի քիչ այլ կերպ եք հասկացել գրածս, բայց կարծում եմ, որ այո, լրագրողներս պետք է ականջալուր լինենք քննադատությանը, թեկուզ՝ Ֆեյսբուքում, բայց՝ միայն այն դեպքում, երբ այդ քննադատությունը տեղին է և անկեղծ նպատակ ունի սխալներ շտկելու և ոչ թե լրագրողների երեսին պարզապես ցեխ շպրտելու: