2016.03.09,

Քննադատ

Վեց ու կես պատճառ, թե ինչու լրագրողը պետք է բլոգ ունենա

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Եթե մի յոթ-ութ տարի առաջ խոսեինք, բավական հեշտ կլիներ համոզել, որ բոլորին բլոգ է պետք։ Քանի որ այդ ժամանակ բլոգները շատ մոդայիկ էին։ Դա երկար չտևեց, Ֆեյսբուքը ամեն բան կործանեց։ Պարտադիր չէ, որ բլոգը լինի տրամադրությունը ուրիշներին հաղորդելու միջոց․ դրա համար սոցցանցերը իսկապես ավելի հարմար են։ Բայց որոշ դեպքերում բլոգ ունենալը առնվազն ցանկալի է։ Լրագրողի դեպքում բլոգ վարելը մի շարք նկատելի և աննկատ օգուտներ է տալիս։

1․ Բլոգը արխիվ է

Եթե դուք ձեր մտքերը, կարևոր գրառումները հանձնում եք միայն սոցիալական ցանցերին, հետո դրանք արխիվներից հազիվ գտնեն հետախուզության գործակալները, դուք հաստատ ձեր ուզած բաները այլևս չեք գտնի։ Իսկ բլոգը թույլ է տալիս ձեր մտքերը ոչ միայն փնտրել արխիվներում, այլ նաև դրանք գրելիս դասակարգել պիտակներով, թեգավորել, ինչը հետագայում հեշտացնում է աշխատանքը։ Իսկ լրագրողի մոտ մի քանի տարվա աշխատանքի ընթացքում կուտակվում է ահռելի քանակի նյութ, որը հետագայում միշտ էլ պետք է գալիս։

2․ Բլոգը պայքարում է ցանցային ամնեզիայի դեմ

Ինտերնետում գոյություն ունի մի երևույթ, որը երբեմն անվանում են «ցանցային ամնեզիա»։ Նյութերը, աղբյուրները կորելու հատկություն ունեն ։ Եվ ցանցում հիմնականում կորում են հենց այն նյութերը, որոնք պետք են գալիս։ Բլոգը թույլ է տալիս արխիվացնել աղբյուրները և դրանք ձեռքի տակ պահել բնօրինակների անհետացման դեպքում նույնիսկ տարիներ անց։

3․ Բլոգը հեշտացնում է աշխատանքի վայրը փոխելը

Բլոգը մի կողմից թույլ է տալիս լրագրողին փոխել իր աշխատավայրը, լրատվամիջոցը՝ չկորցնելով անհատականությունը։ Ինչպես նաև թույլ է տալիս հաճախ նոր աշխատանք գտնել, քանի որ բլոգային գրառումները, բլոգային ոճը հանդիսանում է նաև նոր աշխատանքի հրավեր ստանալու պատճառ։

4․ Բլոգը լրագրողական կենսագրություն է ստեղծում

Շարունակելով նախորդ կետը, բլոգը թույլ է տալիս ստեղծել լրագրողի պրոֆեսիոնալ կերպարը՝ անկախ նրա աշխատավայրի փոփոխությունից։ Գաղտնիք չէ, որ հայաստանյան խմբագիրների մեծ մասը չի ցանկանում իր լրագրողներին հատուկ «առաջ» տանել, ներկայացնել որպես լրատվամիջոցի դեմք։ Ինչի արդյունքում լրագրողների մեծ մասը պարզապես հայտնի չէ հանրությանը։ Ժամանակն է փոխել այս վիճակը։

5․ Բլոգը թույլ է տալիս ավելի ազատ լինել

Հաճախ լրագրողի նյութը չի հրապարակվում․ թեման հասցնում է փոխվել, խմբագրի դուրը ինչ֊որ բան չի գալիս։ Հազար ու մի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան։ Մի քանի տարի աշխատելուց հետո միջին վիճակագրական լրագրողը ունենում է չհրապարակված, բայց որակյալ տասնյակ նյութեր։ Բլոգը լավագույն տեղն է դրանք հրապարակելու։ Այստեղ լրագրողը կարողանում է արտահայտվել այն հարցերի շուրջ, ինչը տարբեր պատճառներով չի կարողանում անել իր լրատվամիջոցում։ Իհարկե, եթե խնդիր չի առաջանում խմբագրի հետ։

6․ Բլոգը ավելի հասանելի է դարձնում լրագրողի մտքերը

Որոնողական համակարգերը սոցցանցերի գրառումները դիտում են որպես տվյալ պահի համար հետաքրքիր։ Եթե ընդհանրապես դիտում են, քանի որ, օրինակ, Ֆեսյբուքում կատարված գրառումները դժվար են հայտնվում որոնողական համակարգերում։ Բայց նույնիսկ հայտնվելու դեպքում դրանք այնքան էլ տեսանելի չեն լինում։ Բլոգային գրառումները շատ ավելի լավ են ինդեքսավորվում որոնողական համակարգերում։ Եվ ավելի մեծ է հավանակությունը, որ լրագրողի բլոգային գրառումը կհայտնվի ինչ֊որ մեկի տեսադաշտում, քան եթե դա արվի Ֆեյսբուքում կամ Թվիթերում։

6,5. Եվ ընդհանրապես, բլոգը հավես բան է։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Վեց ու կես պատճառ, թե ինչու լրագրողը պետք է բլոգ ունենա”
  1. Աննա Իսրայելյան says:

    Չհհամոզեցիր, Սամ ջան: Միայն
    Չհհամոզեցիր, Սամ ջան: Միայն մտածում եմ՝ այսպես պատասխանե՞մ, թե՞ առանձին նյութով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *