2015.11.23,

Քննադատ

Տեղեկատվության պաշտպանություն լրագրողների համար. հիմնական սկզբունքներ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Եթե դուք չեք կիրառում հատուկ պաշտպանական միջոցներ, ապա տեսականորեն ինտերնետում ձեր բոլոր գործողությունները կարող են վերահսկվել

Անձնական տվյալների պաշտպանությունը դարձել է ամենակարեւոր թեմաներից մեկը։ Ու եթե հասարակ քաղաքացիները դեռ կարող են քննարկել, թե իրենք ինչով պետք է որեւէ մեկին հետաքրքրեն, որ իրենց հետեւեն, ապա լրագրողների դեպքում հարցն անիմաստ է։ Հասկանալի է, որ լրագրողը հանդիսանում է այնպիսի տեղեկատվության կրող, որ միայն ծույլը չի ուզենա այն ունենալ։ Այսօրվա տեխնոլոգիաները մի կողմից հեշտացրել են տեղեկատվության կորզելը, մյուս կողմից՝ ցանկության դեպքում մարդը կարող է պաշտպանել այն։

Լրագրողը կարող է հարձակումների ենթարկվել միանգամից մի քանի տիպի աղբյուրներից։ Ամենահասկանալին այն դեպքն է, երբ պետական մարմինները, օգտվելով իրենց հնարավորություններից, կարող են իրականացնել ապօրինի գաղտնալսումներ, ինչն այսօրվա աշխարհում հաճախ է հանդիպում։ 

Բացի դրանից՝ լրագրողի դեմ կարող են աշխատել մասնավոր կառույցները՝ օգտվելով վարձկան հաքերների ծառայություններից, որոնց սեւ շուկան այսօր ցանցում բարգավաճում է։ Օրինակ, բնապահպանական թեմաների շուրջ հետաքննություններ անող լրագրողները կարող են թիրախավորվել մեծ ընկերությունների կողմից։

Լրագրողի գործնական տեղեկատվությունը կարող է գաղտնազերծվել զանգվածային հարձակումների դեպքում, երբ հրապարակվում է միանգամից մեծ քանակի մարդկանց տվյալներ։ Այսպես, մի քանի տարի առաջ ադրբեջանական հաքերները կորզեցին հայկական մի ֆորումի այցելուների էլեկտրոնային փոստերի եւ գաղտնաբառերի շտեմարանը եւ բաց հրապարակեցին այն ցանցում: Շտեմարանում կային նաեւ լրագրողների տվյալներ։ Որպես հետեւանք, լրագրողների էլեկտրոնային նամակագրությունները հասանելի դարձան երրորդ անձանց՝ չնայած, որ լրագրողները հարձակման անմիջական թիրախ չէին։

Այսպիսով, ի՞նչ միջոցների կարող է դիմել լրագրողը՝ տեղեկատվության արտահոսքերից խուսափելու համար։

Պաշտպանում ենք ընդհանուր թրաֆիկը

Եթե դուք չեք կիրառում հատուկ պաշտպանական միջոցներ, ապա տեսականորեն ինտերնետում ձեր բոլոր գործողությունները կարող են վերահսկվել։ Եթե դուք լրագրողական հետաքննություն եք իրականացնում, ապա ձեր այցելած կայքերի ցանկը կարող է երրորդ կողմից վերահսկվել ու հետեւաբար հուշել նրան, թե ինչով եք դուք այդ պահին զբաղվում։ Հայաստանում նման տիպի վերահսկողության դեպքեր չեն արձանագրվել, սակայն արժե պաշտպանված լինել։

Առնվազն հանրային WiFi կապից օգտվելուց պետք է օգտվել գաղտնագրված թունելով, որը կփակի ուրիշի աչքից, թե որտեղ եք մտնում եւ ինչ եք ընթերցում։ Դա կարելի է իրականացնել միացնելով VPN (Virtual Private Network.) ծառայությունը: Այն ստեղծում է գաղտնագրված թունելային կապ եւ հաճախ ձեր մուտքը ինտերնետ իրականացվում է այլ երկրի տարածքից: Արդյունքում չի երեւում, թե ինչ եք անում ցանցում եւ իրականում որ երկրից եք մուտք գործել։

VPN-ը հիմնականում վճարովի ծառայություն է: Վարձը հասնում է ամսական 3-10 ԱՄՆ դոլարի։ Սակայն սահմանափակ թրաֆիկ օգտագործելու դեպքում կան անվճար լուծումներ։ Դուք կարող եք VPN միացնել անմիջապես դիտարկիչից, ինչը արվում է մեկ կտոցով: Օրինակ Chrome-ի համար VPN հայտնի ծառայություններից են TunnelBear VPN-ը, ZenMate-ը, Hotspot Shield-ը։

Թվարկածս նույն ծառայությունները գործում են համակարգչի ծրագրային ապահովման տեսքով։ Եվ, ինչը շատ կարեւոր է, որպես հավելվածներ հեռախոսների եւ թաբլեթների համար կարելի է օգտագործել Psiphon-ը,  TunnelBear VPN-ը, Hotspot Shield-ը: Այսպիսով, հանրային ցանցից օգտվելուց, անպայման միացնում ենք VPN։ Աշխատանքի վայրից նույնպես գերադասաելի է այն միացնել։ Եթե կարծում եք, որ խիստ անհրաժեշտ է, ապա տնից էլ չի խանգարի։

Պաշտպանում ենք էլեկտրոնային նամակագրությունը

Այսօր էլեկտրոնային նամակագրության պաշտպանության ամենավստահելի միջոցը PGP-ն է (Pretty Good Privacy)։ Սա համակարգ է, որն առ այսօր չի հաջողվել կոտրել։ Այն կոտրելու ոչ մի հայտնի փաստ առնվազն չկա։ Մյուս կողմից, համակարգի օգտագործումը բավականին բարդ է։ Այնքան բարդ, որ շատերը գերադասում են, որ իրենց նամակները կարդան ուրիշները, քան իրենք խորանան PGP-ի մեջ։ Եթե խիզախություն եւ ժամանակ կուտակեք, ապա արժե խորանալ եւ ձեզ մոտ PGP գաղտնագրում տեղադրել։ Հաշվի առեք, որ PGP-ին միակողմանի չի աշխատում, այն օգտագործելու համար պետք է ձեզ հետ նամակագրության մեջ մտած անձն էլ PGP կիրառի։ 

Chrome եւ FireFox ինտերնետ դիտարևկիչների դեպքում կարելի է օգտագործել PGP֊-ի պարզեցված տարբերակը՝ Mailvelope-ը։ Սա հասկանալն ու կիրառելը նույնպես ժամանակ կխլի, որքան PGP-ին, սակայն դուք համոզված կլինեք, որ ձեր նամակները ոչ ոք չի կարողանա կարդալ։ Այս ծրագիրը գործում է Gmail, Yahoo ծառայությունների համար։

Պաշտպանում ենք հաղորդագրությունները եւ զանգերը

Բոլորիս հասկանալի է, որ SMS հաղորդագրությունները սարսափելի վտանգավոր են, քանի որ կարող են հասանելի դառնալ ինչպես ուժային կառույցներին, այնպես էլ օպերատորների աշխատակիցներին։ SMS-ը կարելի է օգտագործել ամուսնուն կամ կնոջը խանութից անհրաժեշտ բանջարեղենի ցուցակն ուղարկելու համար։ Ոչ ավելին:

Facebook, Whatsapp, Viber, Skype՝ սրանք ինչ-որ չափով ապահովում են ձեր անվտանգությունը։ Սակայն այստեղ դուք նույնպես կարող եք անակնկալի գալ։ Տվյալ ծառայությունները պարբերաբար համագործակցում են ուժային կառույցների հետ, եւ որոշ դեպքերում հնարավոր է, որ ձեր նամակագրությունները հայտնվեն նրանց ձեռքում։ Հավանականությունը փոքր է, բայց զրոյական չէ։ Բացի դրանից, նույնիսկ եթե դուք ջնջում եք ձեր հաղորդագրությունները, դրանք պահպանվում են տվյալ ծառայությունների սերվերների վրա: Սա էլ նշանակում է, որ դրանք կարող են, օրինակ, հայտնվել ցանցում բոլորին հասանելի տեսքով՝ այդ ծառայության վրա հաքերային հարձակման հետեւանքով։ Նման տգեղ բաներ լինում են։

Հիշեք նաեւ, որ Facebook-ի, Whatsapp-ի, Viber-ի կամ Skype-ի անվտանգությունը չի ստուգվել երրորդ կողմի մասնագետների կողմից: Այսինքն, դուք համոզված եք, որ այդ ծառայությունները անվտանգ են զուտ այն պատճառով, որ այդպես են համարում իրենց մարքեթինգի բաժինները եւ քանի որ բացահայտ վտանգների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Սակայն հայտնի է, որ հաքերները կամ պետությունները կարող են տեղյակ լինել խոցելի կողմերի մասին, օգտվել դրանցից, բայց պահել գաղտնի։ 

Այդ իսկ պատճառով՝ զգայուն տեղեկատվության փոխանակման համար լրագրողը պետք է կիրառի այնպիսի ծրագրեր, որոնք ստուված են երրորդ կողմի մասնագետների կողմից, որոնք իսկապես կիրառում են արդիական գաղնտագրման մեթոդներ եւ թույլ են տալիս հաղորդագությունները ոչնչացնել՝ չթողնելով դրանց օրինակները այլ սարքավորումների վրա։ 

Առավել անվտանգ հաղորդակցվելու համար կարելի է օգտագործել հետեւյալ «messenger» ծրագրերը. Signal, Chatsecure, Telegram (secret chat ռեժիմում):

Այն ինչ գրել եմ հաղորդագրությունների մասին, վերաբերում է հեռախոսային զանգերին։ Այստեղ նույնպես կան մի քանի հավելվածներ, որոնք թույլ են տալիս կատարել հեռախոսազանգեր, որոնք հնարավոր չէ գաղտնալսել։ Կարելի է օգտագործել զանգեր կատարելու երկու հետեւյալ ծրագրերը՝ նույն Signal֊-ը եւ Silent Phone-ը:

Անկասկած, շատերը համարելու են, որ իրենց տեղեկատվությունը կարեւոր չէ եւ այն հատուկ պաշտպանելը ապարդյուն գլխացավանք է։ Բայց ինչպես ասել է Էդվարդ Սնոուդենը, ով տարիներ շարունակ զբաղվել է հենց տեղեկատվություն կորզելով․ «Մարդիկ, որոնք ասում են, թե իրենք չեն հետաքրքրվում անձնական տեղեկատվության պաշտպանությունով, քանի որ բան չունեն թաքցնելու, նման են մարդկանց, որոնք համարում են, թե պետք չէ մտածել խոսքի ազատության մասին, քանի որ իրենք ասելու բան չունեն»:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *